Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացրել են հսկայական գոյացություն
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է հսկայական ՝ 40*30սմ չափերով և 12 կգ զանգվածով հետորովայնամզային տարածության ուռուցքի և ձախ երիկամի միաժամանակյա հեռացում։
1952 թ․ ծնված կինն ընդունվել է ՈՒԱԿ՝ գանգատվելով որովայնի մեծացումից և ցավերից։ Պարզվել է, որ կնոջ որովայնը սկսել է մեծանալ 4 տարի առաջ, իսկ վերջին 4 ամիսների ընթացքում աճը զգալիորեն արագացել է։ Համակարգչային շերտագրումով ախտորոշվել է հետորովայնամզային տարածության գոյացություն՝ ձախից։ Այն իր մեջ ներառում էր ձախ երիկամը, չափսերը, ըստ ՀՇ պատկերի, 38*26սմ։
Աղեստամոքսային համակարգի կոնտրաստ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ առկա էր այդ համակարգի օրգանների շեղում դեպի աջ՝ մեխանիկական ճնշման պատճառով։
Կատարվել է հետորովայնամզային ուռուցքի հեռացում՝ միաժամանակյա նեֆրէկտոմիայով։ Վիրահատությունը կատարել են Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, բաժանմունքի վիրաբույժ Վիկտորիա Հովհաննիսյանը և Օնկուորոլոգիական բաժանմունքի վիրաբույժ Վարդան Առաքելյանը, անեսթեզիոլոգ՝ Սամվել Պողոսյան։ Հեռացված ուռուցքի չափսերը կազմել են 40*30 սմ, զանգվածը՝ 12կգ։
Հյուսվածաբանական հետազոտությամբ ախտորոշվել է բարձր տարբերակված լիպոսարկոմա։ Հիվանդը 7-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Ինչպես պարզաբանեց Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, մեկ ամսվա ընթացքում բաժանմունքում կատարվել է երկու նմանատիպ վիրահատություն, և առաջինի ժամանակ, քանի որ ուռուցքը փոքր էր, հաջողվել էր պահպանել հիվանդի երիկամը։ Այս դեպքում ուռուցքն ամբողջությամբ պատել էր երիկամը, և, ավաղ, այն պահպանել հնարավոր չէր։
Հմայակ Եփրեմյանը ևս մեկ անգամ հորդորեց ազգաբնակչությանը դիմել բժշկի առաջին իսկ գանգատի դեպքում՝ նմանատիպ ծավալուն և հաշմող վիրահատություններից խուսափելու համար։