News

Սամվել Քարամյան. «ՈւԱԿ-ում ճառագայթային բուժման բաժանմունքն աշխատում է մեծ լարվածությամբ»

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար, Ուռուցքաբանների և միջուկային բժշկության ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քարամյանի հետ զրուցեցինք բժշկագիտության այս ոլորտում կատարվող և ծրագրվող աշխատանքների, սերնդափոխության մասին:

–   Բժիշկ Քարամյան, խոսենք Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի գործունեության մասին:

–   Բաժանմունքում յուրաքանչյուր տարի ընդունում ենք մոտավորապես 1200-1600 հիվանդներ, որն, ըստ միջազգային չափանիշներից ցածր թիվ է: Ըստ չափանիշների՝ ճառագայթային բուժման ենթակա են բոլոր նոր ախտորոշված ուռուցքային հիվանդների 50 և ավելի տոկոսը: Մեր երկրում անցած տարի արձանագրվել է 8 հազարից ավելի չարորակ նորագոյացություններով հիվանդներ, որոնցից նվազագույնը` 4-5 հազարը, պետք է ստանար ճառագայթային բուժում:

–   Չնայած այս փաստին, բաժանմունքն աշխատում է բավականին լարված ռեժիմով: Ստացել ենք նորագույն սարքավորում՝ գծային արագացուցիչ «Էլեկտա», որի ճառագայթին նախապատրաստական աշխատանքները շատ ավելի մանրակրկիտ ու երկարատև ուսումնասիրություն են պահանջում: Համեմատության համար նշեմ, որ յուրաքանչյուր հիվանդի համար եռակի անգամ ավելի շատ ժամանակ է անցնում «Էլեկտա»-ով բուժելիս, քան մյուս տեխնիկական միջոցներով: Այսպես կոչված՝ կոնֆորմալ ճառագայթումը եռաչափ է, որը պահանջում է նաև եռաչափ ծրագրավորում իրականացնել: Այս սարքի գլխավոր առավելությունը նրանում է, որ իր հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել շատ ավելի ճշգրիտ բուժում, նվազեցնելով առողջ հյուսվածքների ավելորդ ճառագայթումը և, միաժամանակ, բարձրացնելով թիրախային հասանելիք բուժիչ դոզան:

–   Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, 5000 հիվանդի փոխարեն յուրաքանչյուր տարի 1200 հիվանդ եք սպասարկել, կարո՞ղ եք ներկայացնել պատճառը:

–   Գլխավոր պատճառն այն է, որ ուղեգրող բժիշկների մի մասը՝ հիմնականում ոչ ուռուցքաբանները, հաճախ տեղյակ չեն ճառագայթային բուժման ցուցումներին և հակացուցումներին, կամ չեն հետևում միջազգային ուղեցույցներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդների գերակշռող մեծամասնությունը առաջին փուլերում հայտնվում են վիրաբույժի մոտ, ապա այդ հիվանդի հետագա բուժման հերթականությունը և ճակատագիրը, սովորաբար, կախված է լինում առաջին բժշկի ուղեգրումից:  Հարկ է շեշտել, որ մեր երկրի առանձնահատկությունն է, երբ այս պարագայում 1-ին օղակի բուժող բժշկի կարգավիճակում վիրաբույժն է հայտնվում: Հաճախ դա արդարացված է, քանի որ հեռացման ենթակա ուռուցքների դեպքում բժիշկները նույնպես նախընտրում են վիրաբուժական մեթոդը: Սակայն վիրաբույժը հիվանդին կուղարկի՞ ճառագայթային բուժման, թե` ոչ, դա արդեն հարց է:

Մյուս պատճառներից է այն, որ նման ծառայություն ամբողջ Հայաստանում մատուցում է միայն մեր կենտրոնը, որը դժվարություն է ստեղծում հեռավոր մարզերի բնակիչների համար՝ հատկապես ձմեռային ժամանակահատվածում: Եվ վերջապես՝ մեր բաժանմունքի ծանրաբեռնվածությունը, բուժման համար հերթագրվելու խնդիրը: Երբեմն հերթագրված հիվանդները, ամիսներ սպասելուց հետո, հրաժարվում են բուժում ստանալուց: 

Մեր բաժանմունքը, կարելի է ասել, հանրապետությունում մենաշնորհային դիրք ունի. հիվանդների 95 տոկոսը մեզ մոտ են ճառագայթվում, թեև Գյումրիում նույնպես գործում է նման բաժանմունք:

Հաճախ ենք մեզ մոտ հրավիրում մասնագետներին, ովքեր առնչվում են ուռուցքային հիվանդների հետ և ներկայացնում վիրահատությունից հետո ճառագայթային բուժման հրատապությունն ու կարևորությունը, քանի որ երբեմն հետևողական չեն այս խնդրում:

Այսօր փոխվել է քիմիաթերապիայի բուժանյութերի ցանկը, նոր սերնդի դեղամիջոցներ են ի հայտ եկել, որոնք առավել արդյունավետ են: Ըստ վիճակագրության, չարորակ ուռուցքներից բուժված հիվանդների 49 տոկոսը բուժվել են վիրաբուժության, իսկ 40 տոկոսը՝ ճառագայթային բուժման արդյունքում, և միայն 11 տոկոսը՝ քիմիաթերապիայի: 20-25 տարի առաջ պատկերն այլ էր` քիմիաթերապիայից` 2-5 տոկոս, ճառագայթայինից` 15-20 տոկոս, վիրաբուժությունից` 40 տոկոս: Ակնհատ է, թե ինչպես է բարձրացել ճառագայթային և քիմիաթերապիայի մեթոդներով բուժման արդյունավետությունը:

Հարկ եմ համարում շեշտել, որ դա վերաբերում է «սոլիդ» ուռուցքներին, այլ ուռուցքների դեպքում (արյան և ավշային համակարգի չարորակ գործընթացներ) և մանկական ուռուցքաբանությունում քիմիաթերապիան շատ ավելի արդյունավետ է: Բացի այդ, ճառագայթային բուժումը հիվանդի բուժման ընդհանուր ծախսերի 5-30 տոկոսն է կազմում: Առավել թանկարժեք բուժման մեթոդներ կան, որոնք դեռևս Հայաստանում չեն կիրառվում` պրոտոնա-իոնային ճառագայթումը, որի արժեքը մոտ 100 հազար ՀՀ դրամ է:

–    Հայաստանում և արտերկրում ճառագայթային բուժմումը նախընտրողների ինչպիսի՞ տոկոսային հարաբերակցություն կա:

–   Տոկոսային հստակ հարաբերակցություն չեմ կարող ասել: Որոշ տվյալների համաձայն, Հայաստանից արտերկիր (Ռուսաստանը ներառյալ) ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով տարեկան մեկնում 1 մոտավորապես 300-400 հիվանդ, :


–   Ձեր բաժանմունքն ի՞նչ հագեցվածություն ունի:

–   Ներկայում բաժանմունքում առկա են երեք սարքավորում. երկուսը համապատասխանում են ժամանակակից  պահանջներին և աշխատում են նոր ծրագրավորմամբ՝ գծային արագացուցիչն ու չեխական արտադրության գամմաթերապևտիկ սարքավորումը, որոնք ձեռք են բերվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շնորհիվ: Երրորդն այս տարի կապամոնտաժվի: 

Ինչ վերաբերում է Միջուկային բժշկությանը. ԱԷՄԳ օժանդակությամբ` «Տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում, բավականին  աշխատանքներ ենք իրականացրել: Ունենք հունգարական արտադրության «ՍՊԵԿՏ» խցիկ, որը ժամանակակից սարքավորում է ամբողջ աշխարհում: Նախատեսվում է այդ սարքը լրացնել հավելյալ ֆունկցիաներով, որոնք թույլ կտան կատարել նաև համակարգչային և պոզիտրոն-էմիսիոն շերտագրումներ, ինչը կբարձրացնի առկա ախտորոշման մակարդակը և որակը: Միջուկային բժշկության առանձնահատկությունը փոփոխությունների տեսանելիությունն է մոլեկուլային մակարդակում, նույնիսկ` նյութափոխանակության: Արդյունքում` ախտորոշմումն առավել հավաստի է:


Վերջին 20 տարվա ընթացքում Ռադիացիոն ուռուցքաբանության ոլորտում սերտորեն համագործակցում ենք ԱԷՄԳ հետ: Այդ համագործակցության արդյունքում ստացել ենք մի շարք անհրաժեշտ սարքավորումներ ո՛չ միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, այլ նաև Գյումրիի հակաուռուցքային դիսպանսերի և Սրտաբանական ԳՀԻ համար: Հարկ եմ համարում նշել ՀՀ Առողջապահության նախարարության և մեր կենտրոնի տնօրինության աջակցության մասին՝ տարածքների վերանորոգման և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման հարցերում:

Բաժանմունքում աշխատում է 13 մասնագետներից կազմված թիմ, չորսը գիտությունների թեկնածու են: Բոլոր մասնագետներ ԱԷՄԳ աջակցությամբ վերապատրաստվել են արտերկրի լավագույն կլինիկաներում (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Չեխիա, Մակեդոնիյա, Իտալիա, ՌԴ): Բացի այդ, մասնակցում են նաև կարճատև ուսումնական դասընթացների:

–   Թիմում է նաև Ձեր որդին՝ Ներսես Քարամյանը. առողջ սերնդափոխություն կա՞ ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության ոլորտում:

–   Որդուս ժամանակին համոզել եմ, որ բժշկական համալսարանում ուսումն ավարտելուց հետո շարունակի ճառագայթային բժշկության ուղղությամբ: Ինչու՞. բաժնի ղեկավարությունը ստանձնելիս, երբ ամենաերիտասարդն էի, ավագ սերնդի մեր բժիշկներն իրենք էին խոստովանում՝ նորարարություններին հետևելուն դժվարանալու մեջ, ինչը վտանգում է բաժանմունքի և այս մասնագիտության հեռանկարայնությունը... Ուժս որդուս վրա պատեց: Այժմ, այո՛, կա արժանի սերնդափոխություն, երիտասարդ բժիշկների մեջ կան ճառագայթաբան դառնալու որոշում կայացնողներ: Ներկայում մեր բաժանմունքում աշխատող բժիշկների միջին տարիքը 40-45 է:

–   Թե՛ բաժանմունքում, թե´ ասոցիացիայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

–   Բաժանմունքի վերջին 10 տարվա գիտական գործունեության արդյունքները հրապարակվել են շուրջ 110 թեզերի և գիտական հոդվածների տեսքով, ներկայացվել են զեկուցումների ձևով` տարբեր գիտական կոնֆերանսների ժամանակ, պաշտապնվել է 1 դոկտորական և 2 թեկնածուական թեզ: Ներկայում բաժանմունքի աշխատակիցների կողմից իրականացվում են ևս 1 դոկտորական և 1 թեկնածուական աշխատանքներ: 2011թ. մշակվել և հրատարակվել է “Տեղեկատվություն ճառագայթային բուժման մասին” գրքույկը պացիենտների համար: Նախապատրաստվում է ճառագայթային ուռուցքաբանության արդիական հարցերին վերաբերվող մենագրության հրատարակում:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է