Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը
Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց հերքումները՝ հիմնված հեղինակավոր միջազգային աղբյուրների վրա։
ՄԻՖ 1. Բիոպսիան կարող է «արթնացնել» քաղցկեղը և առաջացնել դրա տարածում
Իրականություն․ Ռիսկը, որ բիոպսիայի ընթացքում ուռուցքը կսկսի տարածվել, չափազանց փոքր է։ Բիոպսիան ամենահուսալի մեթոդն է ճշգրիտ ախտորոշման համար, ինչը հնարավորություն է տալիս ընտրել ճիշտ բուժման տակտիկա։
ՄԻՖ 2. Վիրահատության ընթացքում ուռուցքը «լույս է տեսնում» և սկսում արագ աճել
Իրականություն․ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրահատությունը չի նպաստում քաղցկեղի տարածմանը։ Ընդհակառակը՝ բուժման ձգձգումը կարող է վտանգավոր լինել։
ՄԻՖ 3. Եթե չկան հազ կամ այլ ախտանիշներ, ուրեմն թոքի քաղցկեղ չկա
Իրականություն․ Հիվանդության վաղ փուլերում հաճախ բացակայում են նշանները, ուստի սպասել ախտանշանների ի հայտ գալուն վտանգավոր է։
ՄԻՖ 4. Թոքի քաղցկեղը լինում է միայն ծխողների մոտ
Իրականություն․ Թեև ծխելը հիմնական ռիսկի գործոնն է, դեպքերի շուրջ 10–20 տոկոսը գրանցվում է այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։
ՄԻՖ 5. Եթե արդեն ախտորոշվել է քաղցկեղ, ծխելը դադարեցնելը այլևս օգուտ չունի
Իրականություն․ Ծխելը թողնելը ցանկացած փուլում բարելավում է բուժման արդյունքները և մեծացնում է կյանքի տևողությունը։ Ավելին, ըստ հետազոտությունների, ախտորոշուման պահից սկսած ծխելը դադարեցրած մարդկանց մոտ ապրելիությունն ու բուժման արդյունավետությունը 30-40%-ով ավելի մեծ է։
ՄԻՖ 6. Թոքի քաղցկեղը միայն տարեցների հիվանդություն է
Իրականություն․ Թոքի քաղցկեղը կարող է առաջանալ նաև երիտասարդների մոտ, ուստի կարևոր է զգոն լինել ցանկացած տարիքային խմբում։
ՄԻՖ 7. Եթե ոչինչ չի անհանգստացնում, թոքի սկրինինգ անցնելը անիմաստ է
Իրականություն․ Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման ժամանակակից ծրագրերից է ցածր դոզավորման համակարգչային շերտագրումը (Low-dose CT), որը հնարավորություն է տալիս հայտնաբերել նորագոյացությունները նախնական փուլում։ Սա նախատեսված է հենց այն մարդկանց համար, ովքեր չունեն ախտանշաններ, բայց ունեն ռիսկի գործոններ։ Վաղ հայտնաբերումն մեծացնում է բուժման հաջողությունը։
ՄԻՖ 8. Եթե քաղցկեղը տարածվել է, բուժումը այլևս անիմաստ է
Իրականություն․ Ժամանակակից մեթոդները՝ թիրախային և իմունային թերապիաները կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակը և նշանակալի երկարացնել այն՝ անգամ հիվանդության ուշ փուլերում։
ՄԻՖ 9. Պասիվ ծխելը կամ վնասակար նյութեր շնչելը վտանգավոր չեն
Իրականություն․ Այս գործոնները նույնպես բարձրացնում են թոքի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ուստի դրանց անտեսումը սխալ է։
Թոքի քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհի և Հայաստանի ամենատարածված ու մահացու չարորակ հիվանդություններից մեկը։ Այն զարգանում է աննկատ՝ առանց արտահայտված ախտանշանների, ինչի հետևանքով շատ դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է ուշ փուլերում։ Սակայն վաղ հայտնաբերման դեպքում բուժման հնարավորությունները բազմապատկվում են, իսկ ապաքինման հավանականությունը՝ զգալիորեն բարձրանում։
ՈւԱԿ-ում իրականացվում են թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման ժամանակակից հետազոտություններ, այդ թվում՝ ցածր դոզավորման համակարգչային շերտագրում (Low-dose CT), որը հնարավորություն է տալիս հայտնաբերել նորագոյացությունները նախնական փուլում՝ երբ բուժումն առավել արդյունավետ է, իսկ վիրահատությունը՝ ավելի քիչ տրավմատիկ։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է իր առաքելությունը՝ կանխարգելել, հայտնաբերել և բուժել թոքի քաղցկեղը ժամանակին՝ նորագույն բժշկական մոտեցումներով, տեխնոլոգիական հագեցվածությամբ և թիմային աշխատանքի միջոցով։
Տեղեկացված լինելը՝ նշանակում է պաշտպանված լինել։ Թոքի քաղցկեղի կանխարգելումը սկսվում է ճիշտ գիտելիքից․ մի վստահեք միֆերին, վստահեք բժշկական փաստերին։



