ՈՒԱԿ-ի աշխատակիցները Չինաստանում ներկայացրել են Հայաստանը
20 երկրի ներկայացուցիչներ, 3 օր շարունակ հանդիպումներ, նոր համագործակցություններ, տարաբնույթ թեմաների քննարկումներ․ՈՒԱԿ-ի աշխատակիցները Չինաստանում ներկայացրել են Հայաստանը
Չինաստանում օգոստոսի 11-13-ը կայացել է China-Hospeq 2023-ը: Շուրջ 20 երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի միջազգային կազմակերպությունների, բժշկական ընկերությունների շարքում է եղել նաև Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են եղել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստրի բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյանն ու Որակի կառավարման և վերահսկման բաժնի ղեկավար Դավիթ Ղազարյանը։
China-Hospeq 2023-ի շրջանակում 3 օրերի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են առողջապահական համակարգի խնդիրներ, քննարկել են դրանց լուծման մեխանիզմերը, ոլորտի ներկայացուցիչները միմյանց հետ կիսվել են փորձով ու գիտելիքներով։
China-Hospeq 2023-ի շրջանակում բժշկական ընկերությունները ներկայացրել են իրենց նորությունները, պատմել նորաստեղծ սարք-սարքավորումների մասին։ Ցուցադրության ժամանակ բոլորի ուշադրությունն են գրավել ռոբոտ-վիրաբույժները, որոնց ընձեռած հնարավորություններն ու աշխատելու ձևը փորձարկվել են տեղում։
China-Hospeq 2023-ը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերելու նոր համագործակցություններ ինչպես գործընկերներ երկրների, այնպես էլ բժշկական կազմակերպությունների հետ։
Հատկանշական է, որ Հայաստանի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Չինաստանի առողջապահության փոխնախարարի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների առողջապահական ոլորտի հարցեր։ Չինաստանի ներկայացուցիչը հետագայում նոր պայմանագրերի, համագործակցությունների ձեռքբերման պատրաստակամություն է հայտնել ։
Արևիկ Ստեփանյանն ու Դավիթ Ղազարյանը այցելել են նաև Չինաստանի գլխավոր ուռուցքաբանական կենտրոն։ Շրջայցից ու քննարկումից հետո ձեռք է բերվել միջազգային այս կենտրոնում ՈՒԱԿ-ի մասնագետների վերապատրաստման համաձայնություն։