Новости

Առաջին անգամ Հայաստանում ֆին բժիշկների մասնակցությամբ կատարվել է կրծքագեղձի եւ անութային ավշային համակարգի միաժամանակյա միկրովիրաբուժական վերականգնում

Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից բուժման հիմնական խնդիրներից է վիրահատության ժամանակ կրծքագեղձի պահպանումը կամ հեռացումից հետո վերականգնումը։ Չէ՞ որ կանայք կրծքագեղձի հեռացման դեպքում ունենում են լուրջ խնդիրներ՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ զուտ ֆիզիկական։

Աշխարհում կիրառվում է կրծքագեղձի վերականգնման երկու հիմնական եղանակ՝ իմպլանտի տեղադրմամբ, կամ սեփական հյուսվածքներով, այսպես կոչված, աուտոռեկոնստրուկցիա։

Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներ պրոֆեսոր Սինիկկա Սուոմինենը և Կատարինա Սվարվարը, որոնք օրերս այցելել էին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, աշխարհում կրծքագեղձի աուտոռեկոնստրուկցիայի ամենահայտնի մասնագետներից են։ Նրանք եկել էին հայ բժիշկների հետ իրենց փորձով կիսվելու և անհատույց օգնելու հայ կանանց հաղթահարել արմատական մաստէկտոմիայի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները։

Չորսօրյա այցելության ընթացքում ֆին բժիշկները ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանի և բաժանմունքի բժիշկների հետ համատեղ կատարել են 5 վիրահատություն, որոնցից մեկը քթի վերականգնման, իսկ մնացած չորսը՝ կրծքագեղձի։

Հայտնի է, որ եթե կրծքագեղձի հեռացման հետ հեռացվում են նաև անութային ավշային հանգույցները, դա կարող է  հանգեցնել ձեռքի այտուցի՝ լիմֆոդեմայի։ Վիրահատվող կանանցից մեկն ուներ այդ խնդիրը, և բժիշկները կրծքագեղձի վերականգնման հետ միաժամանակ վերականգնեցին նաև անութային ավշային համակարգը՝ աճուկային ավշահանգույցների միկրովիրաբուժական տեղափոխման եղանակով։ Նման վիրահատություն, որը նորություն է նաև աշխարհի համար, Հայաստանում կատարվել է առաջին անգամ։

Ինչպես պարզաբանեց Մհեր Կոստանյանը, ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքում սեփական հյուսվածքով կրծքագեղձի վերականգնում կատարվում է, սակայն միկրովիրաբուժական եղանակով դրանք կատարվել են առաջին անգամ ֆին բժիշկների մասնակցությամբ։ Միկրովիրաբուժական մոտեցումն ապահովում է ավելի լավ արդյունքներ։ 

Սինիկկա Սուոմինենի խոսքով, սեփական հյուսվածքով կրծքագեղձի վերականգնումն ավելի բնական տեսք է ապահովում, այդ եղանակով վերականգնված կրծքագեղձը մեծանում և փոքրանում է կնոջ քաշի տատանումներին համընթաց։ Մինչդեռ իմպլանտով կրծքի չափերը չեն փոխվում, և, օրինակ, գիրանալու կամ նիհարելու դեպքում նա ստիպված է լինում փոխել իմպլանտը։ Կրծքագեղձի վերականգնման եղանակի ընտրությունը, այդուհանդերձ, կատարվում է կնոջ հետ միասին, հաշվի առնելով բժշկական ցուցումներն ու նրա պատկերացումները գեղեցիկի մասին։ 

Սեփական հյուսվածքը վերցվում է մեջքից, որովայնից կամ ազդրերից, կախված նրանից, թե կինը որ մասում «ավելցուկ» ունի։ Այնպես որ, ինչպես նշեց Մհեր Կոստանյանը, եթե կինը որովայնի շրջանում ավելորդ ճարպ ունի, ապա նա ստանում է որպես բոնուս նաև աբդոմինոպլաստիկա։

Բժիշկներն օրական աշխատել են 15 ժամից ավելի, և հիվանդանոցից դուրս են եկել կեսգիշերն անց, ինչը և ֆիքսել է այս լուսանկարը։

Տեսանյութը պատրաստվել է Հանրային հ/ը «Լուրեր» լրատվականի կողմից։


09-04-2025

ՈՒԱԿ-ն ընդլայնում է համագործակցությունների աշխարհագրությունը. նոր համագործակցություն Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ

Ապրիլի 1-5-ը ՈՒԱԿ - ի պատվիրակությունը գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ այցելել է ոլորտի աշխարհի առաջատար կենտրոններից մեկը`Հայդելբերգի համալսարանական կլինիկա:Հայդելբերգի

04-04-2025

«Ուրախ և երախտապարտ եմ, որ Աստծո կողմից ինձ տրված հնարավորությունը կարողացել եմ օգտագործել արդյունավետ և լիարժեք». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

«Ուրախ և երախտապարտ եմ, որ Աստծո կողմից ինձ տրված հնարավորությունը կարողացել եմ օգտագործել արդյունավետ և լիարժեք». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ ՄանուկյանՇատ քչերը գիտեն կամ կարող են պատկերացնել, որ իմ

04-04-2025

Պարգևատրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում անմնացորդ նվիրումով և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×