Новости

Ախտորոշումը դատավճիռ չէ. այս կարգախոսի հասցեատերերը ուռուցքային հիվանդներն են

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում:

Ըստ ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանի. «Այսօրվա մեր միջոցառումը ևս մեկ անգամ վկայում է համախմբվածությունն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի գործում»:

Յուրաքանչյուր տարի ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, սակայն այս տարի ո՛չ միայն Հոգեուռուցքաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ ենք նշում, այլև առաջին անգամ ենք նման ձևաչափով նշանավորում օրվա խորհուրդը: «Որքան ուռուցքային հիվանդությունները երիտասարդանում ու տարածվում են, այնքան դառնում ենք առավել զգոն` դրանց հաղթահարելու»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

Օրվա միջոցառման կարգախոսն էր. «Ախտորոշումը դատավճիռ չէ»:

Միջոցառմանը բժիշկներից և հոգեբաններից բացի, հրավիրված էին նաև ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդիկ, հասարակական այլ կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Առողջապահության նախարարության աշխատակիցներ` նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Ելույթով հանդես եկավ Արմեն Մուրադյանը: Նա կարևորեց գլոբալ խնդիր դարձած հիվանդության դեմ միասնական պայքարի ուժը, անդրադարձավ հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերմանն ու ախտորոշմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015թ. սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին: Սկրինինգային ծրագրի շրջանակում հանրապետությունում 30-60 տարեկան բոլոր կանայք կարող են անցնել նաև պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման և քաղցկեղի կանխարգելման անվճար հետազոտություն:

Արմեն Մուրադյանը, բարձր գնահատելով վերջին տարիներին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված աշխատանքները, նշեց նաև, որ մեծ հեռանկարներ և զարգացման նոր ուղիներ է ակնկալում, ինչը կնպաստի հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը:

Միջոցառմանը հրավիրված էին երաժիշտ Էդգար Գյանջումյանը, «Արամ Խաչատրյան տրիո»-ն և դաշնակահարուհի Մարինա Սարգսյանը:

Էդգար Գյանջումյանը, ով իր վրա կրել էր ուռուցքով տառապող հիվանդի հոգեբանական ծանր ապրումները, տարիների հեռվից, հաղթանակած մարդու իրավունքով ելույթի ժամանակ իր լավատեսական գաղափարները կիսեց հիվանդների հետ, ովքեր դեռ հաղթահարման ճանապարհին են: Նրա ելույթը, իրավամբ, ոգեշնչող էր:

Միջոցառմանը ներկա երաժիշտները, ովքեր հանդես եկան լայնածավալ, մեկ ժամ տևած ծրագրով, միացան քաղցկեղի դեմ պայքարին` պատրաստաակամություն հայտնելով հետագայում նույպես իրենց երաժշտությամբ աջակից լինելու:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ելույթի ժամանակ նշեց, որ Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով կազմակերպվող միջոցառումներն արդեն ավանդական են կենտրոնի համար, որը մեկ անգամ ևս հնարավորություն է ընձեռում բարձրաձայնել առկա խնդիրները, խոսել ձեռք բերված հաջողությունների մասին, քննարկել անելիքները:

Միջոցառման մասին զրուցեցինք Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբան Եվա Ասրիբաբայանի հետ:

–   Խոսենք այսօրվա միջոցառման նպատակի մասին:

–   Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում օրվա իրադարձության հետ կապված կազմակերպում են տարբեր միջոցառումներ, որի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկման մակարդակը, ինպես նաև խնդրի հանդեպ ուշադրություն գրավել և հիվանդների շրջանում առաջացնել տրամադրվածության փոփոխություն, այն պետք է լինի դեպի հիվանդության հաղթահարման և պայքարին ուղղված՝ հանուն որակյալ կյանքի: Մեր այսօրվա միջոցառման նպատակներից է ուռուցքային հիվանդներին երաժշտության միջոցով դրական հուզումներ փոխանցել:


–   Ո՞րն է հոգեբանի մասնագիտական միջամտության դերն այս խնդրում:


–   Ուռուցքային հիվանդությունը, միանշանակ, սթրես է մարդու համար: Մեր հասարակության մեջ գոյություն ունեն ուռուցքային հիվանդություններին և նրա հեռանկարներին վերբերող որոշակի կարծրատիպեր: Պետք է գիտակցել, որ վաղ ախտորոշումը նման հիվանդությունների դեպքում առաջնային դեր ունի` առաջին հերթին բուժման հարցում: Շատ դեպքերում ախտորոշման չեն դիմում, մտածելով, որ հիվանդության համար ելք չկա, արդյունքում երբեմն կորցնելով կյանքի գին ունեցող ժամանակ: Ցանկանում ենք մարդկանց մեջ փոխել այս կարծրատիպը և իրազեկել, որ ժամանակակից բժշկությունը խնդրի լուծման համար մի քանի քայլ առաջ է: Բժիշկներն իրենց պրակտիկայից ելնելով փաստում են, որ հիվանդության ընթացքն ու բուժման ելքը կախված է հոգեբանական վիճակից և տրամադրվածությունից: Մենք՝ հոգեբաններս, հասկանում ենք, որ խնդիրը բարդ է, սակայն փորձում ենք մեր մասնագիտությամբ միջամտել ու օգնել հիվանդներին: 


–   Մեր օրերում հոգեբաններն ու բժիշկները ուռուցքային հիվանդների բուժման գործընթացում համատե՞ղ են աշխատում, թե՞ հոգեբանները դուրս են ասպարեզից:


–   Բուժման համար, որպես այդպիսին` հոգեբանների և բժիշկների համակարգ, մեզ մոտ գոյությունի չունի: Առանձին դեպքերում հոգեբաններն ընդգրկվում են բուժման մեջ, սակայն պրակտիկայում, որպես ընդհանուր գործող համակարգ, բացակայում է: Կարևորում ենք ապագայում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նման համակարգի ստեղծումը, որի պարագայում բժիշկներն ու հոգեբանները հնարավորություն կունենան ուռուցքային հիվանդների բուժման գործընթացում աշխատել համակարգված:


–   Ուռուցքային հիվանդների համար երաժշտությունն ամոքիչ դե՞ր ունի:


–   Բուժման ժամանակ խոսքը երբեմն անզոր է և այն դրական ազդեցությունը չի ունենում, ինչը կարող է ունենալ երաժշտությունը: Երաժշտությունը հաճախ հոգեբանական ֆոնի փոփոխությունն է ապահովում:

 
–   Հոգեբանական միջամտություն դրսևորելիս մասնագիտական ինչպիսի՞ սկզբունքներ գոյություն ունեն այս ոլորտում:


–   Առհասարակ, մեր մասնագիտական միջամտությունն այս դեպքում խիստ անհատական է: Հաճախ մարդիկ ուռուցքային հիվանդությունը վախի հետ են ասոցացնում: Մարդը, երբ տեղեկանում է իր մոտ ախտորոշված ուռուցքային հիվանդության մասին, բազամաթիվ վախեր են ակտիվանում: Իրականում, եթե նա նախապես իրազեկված է լինում հիվանդության մասին առհասարակ, նրա հետագա քայլերը լինում են առավել ճիշտ. խոսքը ժամանակին ճիշտ ախտորոշման և բուժման կազմակերպումն է, որի դեպքում բուժման ելքն առավել արդյունավետ է: Հասկանալի է, որ հիվանդի մեջ արթնացած վախերը հաղթահարելը հեշտ չէ և հենց այստեղ հոգեբանի միջամտությունը դառնում է անհրաժեշտություն: Հիվանդների համար նման հիվանդության բուժման ընթացքը երկարատև է, ձանձրալի, հոգեպես  ու ֆիզիկապես հոգնեցնող:

Ցավի համախտանիշի դեմ պայքարելու համար գոյություն ունեն հոգեբանական բազմաթիվ մոտեցումներ: Եթե նվազեցնենք հիվանդի հոգեբանական ցավը՝ միաժամանակ կնվազի նաև ֆիզիկական ցավը: Հոգեուռուցքաբանության մեջ գոյություն ունի տոտալ ցավի հասկացողություն, որը նույնպես օգտակար է նման հիվանդների հոգեբանական աջակցության համար և, բուժելով հոգեբանական ցավը, բուժում ենք նաև ֆիզիկականը:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է