Новости

Բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել․ Գագիկ Ջիլավյան

Բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել: Դրանց թվում կարևոր դեր են խաղում պատվաստումները։

Այս կարծիքին է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր  Գագիկ Ջիլավյանը։


Ըստ բժշկի, արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների մեջ առանձնանում է այն պատճառով, որ «երևում է» անզեն աչքով։ Բայց նույնիսկ այսպիսի  «առավելություն» ունենալով այդ քաղցկեղը շարունակում է կանանց կյանքեր խլել։ Իհարկե, երկրների զարգացվածության աստիճանից կախված, վիճակագրությունը տարբերվում է։


Ինչպես նշեց Գագիկ Ջիլավյանը, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան մոտ 270 000 կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից։ Այդ նույն տվյալների համաձայն, նրանցից 85%-ը մահանում է զարգացող երկրներում, 15%-ը` զարգացած։


«Պատճառները, թե ինչու է դա այդպես, բազմաթիվ են, - նկատեց բժիշկը. - Դրանց թվում կարելի է առանձնացնել կանխարգելման ճիշտ մոտեցումները»։ 


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հանրապետական ուռուցքաբանական վիճակագրության խմբի տվյալներով 2015 թվականին Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 257 նոր դեպք, մահացել է 127 կին, 2016-ին՝ 243 նոր դեպք, մահացել է 117 կին, 2017-ին՝ 262 և 120, 2018-ին՝ 228 և 83, 2019-ի թվերը դեռ չեն ամփոփվել։ Փաստացի, 2018-ին նվազման միտում կա, բայց դա դեռ ուսումնասիրման կարիք ունի։


Սակայն մեզ համար, ինչպես նշեց բժիշկը, ավելի կարևոր ցուցանիշ է բարձիթողության տոկոսը, որը տատանվում է 50-65% միջակայքում: Այս թվերը փաստում են, որ դեպքերի մեծ մասում կանայք դիմում են բժշկի, երբ քաղցկեղն արդեն III, IV -րդ փուլում է։


«Սրա դեմ պետք է պայքարել։ Թվերը թվերով, բայց պրակտիկ բժշկության մեջ մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք բարձիթողի վիճակների․ արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշվում է IIB, III, IV փուլերում։ Ինչպե՞ս է պետք պայքարել սրա դեմ։ Արգանդի վզիկի քաղցկեղն ունի պայքարելու երկու հիմնական եղանակ։

Դրանցից մեկը սկրինինգն է։ Շատ կարևոր է նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերումը և բուժումը, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերումը վաղ փուլերում, երբ որ ուռուցքը 90%-ով ենթակա է բուժման։

Քանի որ արգանդի վզիկի առաջացման հիմնական պատճառը վիրուսային պաթոլոգիան է (մարդու պապիլոմավիրուս, ՄՊՎ), ապա մյուս ճանապարհը պետք է լինի պատվաստումը։ Այն աղջիկները, որոնք դեռ սեռական կյանքով չեն ապրել, պետք է ստանան մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում, որպեսզի հետագայում, այդ վիրուսին հանդիպելու դեպքում, այն իր «սև գործը» չկատարի», - նշեց բժիշկը։


Նա հավելեց, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիր, բայց այդ ծրագրի արդյունքները դեռ գոհացուցիչ համարել չի կարելի, ինչի վկայությունն են բարձիթողության ցուցանիշները։


Բժիշկը նշեց, որ կանխարգելիչ միջոցառումները ավելի շահեկան են նաև ֆինանսական տեսնակյունից․ «Եթե հաշվենք այն ծախսերը, որ մենք անում ենք բարձիթողի վիճակի չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման համար, ապա ավելի հեշտ է այդ ուռուցքները կանխարգելել, կամ հայտնաբերել վաղ փուլերում և բուժել, և դա ավելի էժան կնստի մեզ վրա»։


Անդրադառնալով Հայաստանում ՄՊՎ դեմ պատվաստման շուրջ ծավալվող վեճերին, Գագիկ Ջիլավյանը նշեց, որ խնդիրներից մեկն այն է, որ մեր մասնագետները առայժմ դեռ սեփական հետազոտությունների հիման վրա կարծիք ձևավորելու հնարավորություն չունեն, և ստիպված են հղում անել  համաշխարհային տվյալներին։


«Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ այն բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի չարիքի դեմ, պետք է իրականացնել։ Եթե հրաժարվում ենք պատվաստումից, ապա դրա փոխարեն ի՞նչ ենք առաջարկում, հաշվի առնելով, որ, ի վերջո, գործ ունենք վիրուսային պաթոլոգիայի հետ։ Սկրինիգ, բայց կրկնում եմ, որ սկրինինգն այդքան լավ արդյունքներ չի տալիս, համենայն դեպս, մեր երկրում։ Վերջ ի վերջո, այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում այդ վակցինացիան կատարվում է, և արձանագրվում են լավ արդյունքներ։ Նկատվում է մահացության և հիվանդացության նվազում։


Չեմ կարծում, որ եթե լինեին լուրջ բարդություններ, աշխարհի այդքան երկրներ կդիմեին ՄՊՎ դեմ պատվաստմանը։ Բայց մենք պետք է հիշենք, որ պատվաստումը պետք է լինի կամավորության սկզբունքով։ Ուղղակի պետք է բացատրել մարդկանց, թե ի՞նչ է արգանդի վզիկի քաղցկեղը, և ինչպե՞ս պետք է դրա դեմ պայքարել», - ասաց բժիշկը։   


Հավելենք, որ ՄՊՎ դեմ պատվաստումը ներառվել է Հայաստանի Պատվաստումների ազգային օրացույցում 2017 թվականի վերջերից։ Ծրագրի մեկնարկից հետո գարդասիլ պատվաստանյութի դեմ մեծ մեդիաարշավ սկսվեց, որի արձագանքը մինչ օրս պահպանվում է։ Շատ ծնողներ հրաժարվեցին պատվաստել իրենց դուստրերին։ Մինչդեռ այն երկրները, որոնք առաջինն էին ներդրել այս պատվաստումը, օրինակ Ավստրալիան, այսօր արդեն խոսում են հավակնոտ ծրագրերի մասին, այն է՝ էլիմինացնել, այսինքն ընդհանրապես վերացնել արգանդի վզիկի քաղցկեղը մինչև 2035 թվականը։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է