Новости

Հայաստանը մասնագետների առումով անգնահատելի պոտենցիալ ունի. նյարդաուռուցքաբան Լևոն Հարությունյան

Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նյարդաուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանը բժշկում է արդեն 30 տարի: Zham.am-ի հետ զրույցում Լևոն Հարությունյանը պատմել է թե ի՞նչ վիճակում է հայկական առողջապահությունը. հարցերի պատասխանները՝ 30 տարվա պրոֆեսիոնալի հայացքով:

–   Ըստ Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ աշխատանք կա անելու:

–   Ասել, թե բոլոր հարցերը առողջապահության ոլորտում լուծված են, սխալ կլինի: Ես, ելնելով իմ 30 տարվա աշխատանքային փորձից, կասեմ, որ իհարկե այս ընթացքում մեր բժշկությունը բուռն զարգացում է ապրել: Բացի այդ բժիշկները ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ են անցնում արտերկրի լավագույն կլինիկաներում, ծանոթանում նրանց աշխատանքին և ոլորտում առկա տեխնոլոգիական նոր հնարավորություններին, ի վերջո կա համացանց, կան կապեր, ծանոթ ենք համաշխարհային բժշկության զարգացման տեմպերին: Բայց ասել, որ հասել ենք զարգացման վերջնակետին, սուտ կլինի. դեռ ունենք տեխնիկական վերազինումների խնդիր: Ընդհանրապես նորագույն բժշկական սարքավորումների ու գործիքների ձեռքբերումը հայկական բժշկության համար 1 խնդիրն է: Երկրի տնտեսական զագացման մակարդակը թույլ չի տալիս պետական ներդրումներով լրացնել այդ բացը: Մենք ինքներս ենք կլինիկայի տեխնիկական հնարավորությունները զարգացնելու ուղիներ փնտրում, հիմնականում բարեգործությունների միջոցով: Ընդհանրապես առողջապահական համակարգը խոշոր ֆինանսական ներդրումներ պահանջող ոլորտ է, որոնք մեր պետությունը, ելնելով իր տնտեսաքաղաքական ներկա վիճակից, ժողովրդի ցածր վճարունակությունից, չի կարող լիարժեք իրեն թույլ տալ: Միգուցե, անհրաժեշտ են համակարգային որոշ բարեփոխումներ: Օրինակ` ոչ թե հիվանդները բուժվեն պետպատվերով, որի հատկացրած ֆինանսը ռեալ չի բավարարում հիվանդին բուժելու համար, այլ գնանք պետական բժշկական ապահովագրության ուղիով: Այ, այդ դեպքում, կարծում եմ, ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

–   Փաստորեն պետպատվերի շրջանակում կատարող վճարումները չե՞ն նպաստում բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

–   Կոնկրետ մեր ոլորտում` նյարդաուռուցքաբանությունում, հաշվի առնելով հիվանդի ծախսը, այդ հատկացումը ռեալ չի բավականացնում: Բայց դա չի նշանակում, թե այդ հիվանդն ավելի անորակ բուժօգնություն է ստանում, երբեք: Այստեղ արդեն գործում է ճկուն ադմինիստրացիան, որը կարողանում է այնպես բաշխել այդ գումարները, որ և' պետպատվերով, և' վճարովի հիմունքով բուժվող պացիենտները ստանան համապատասխան բուժում. օրինակ` վճարովի հիմունքով բուժվողների վճարումներից որոշ տոկոս ենք ավելացնում պետպատվերով հատկացումներին, որ ինչպես հարկն է բուժենք մեր պացիենտին:

–   Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում սրտի վիրաբուժությանն ու ստենտավորմանն առնչվող պետության վերջին որոշմանը, արդյո՞ք այն նպաստելու է բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը:

–   Եթե նման որոշումները ֆինանսապես հիմնավորված են, ես որպես բժիշկ միայն կասեմ բրավո: Բայց եթե դրանք ֆինանսական հիմք չունեն, որպես քաղաքացի կուրախանամ, բայց որպես բժիշկ կհասկանամ, որ դա իրագործելի կամ ռեալ չէ:



–   Դուք` որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում: Ե՞րբ և ինչու՞ է բժիշկն անպաշտպան:

–   Իհարկե ոչ: Առաջին հերթին այդ հարցը պիտի լուծվի օրենսդրական մակարդակում, օրենքով հստակեցվեն բժշկի իրավունքները: Բժիշկը պետք է իմանա ոչ միայն իր պարտականությունների, այլև իրավունքների մասին: Օրինակ` եթե հիվանդը կամ նրա հարազատը դժգոհ է հիվանդության ընթացքից, կարող է անտեղի մեղադրել, անգամ վիրավորել բուժող բժշկին, բողոքներ ներկայացնել տարբեր ուղղություններով, իսկ ու՞մ պետք է բողոքի անտեղի մեղադրված բժիշկը, ու՞մ դիմի, եթե հիվանդը կամ նրա հարազատը ինչ-որ գույքային վնաս է հասցրել բաժանմունքին կամ կոպիտ ու անհարգալից է վարվել միջին բուժանձնակազմի հետ: Իսկ ո՞վ է պատասխանատու, եթե հիվանդը, հավատալով տարբեր հեքիմների, տարատեսակ բուժումներ է ստացել, մեզ դիմել արդեն ուռուցքի այն փուլում, երբ գրեթե ոչինչ բժիշկը չի կարող անել, բայց անում է ամեն հնարավորը դրական արդյունքի համար, ու կրկին մեղադրվում, որ չբուժեց: Իսկ ո՞րն է այդ դեպքում հիվանդի կամ նրա հարազատի պատասխանատվությունը, որ չդիմեց ժամանակին, երբ բուժման հավանականությունը շատ ավելին էր: Հարցերը շատ են: Եվ այդ պաշտպանվածությունը միայն հիվանդ-բժիշկով չէ պայմանավորված: Պարզապես բժիշկը պետք է գնա հիվանդանոց ու զբաղվի միայն բժշկությամբ, միայն իր գիտելիքները զարգացնելով, չմտահոգվի առօրյա խնդիրներով, այդ պաշտպանվածության մեջ պիտի մտնի նաև աշխատավարձը, բժշկի աշխատանքի գնահատումը: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց այս հարցերը մենք այլևս չենք հնչեցնի, բայց այսօր դրանք բժշկի առօրյայի մասն են կազմում:

–   Ինչպե՞ս եք վերաբերվում այն բժիշկներին, ովքեր լքում են երկիրը: Ինքներդ կաշխատեի՞ք արտերկրում:

–   Ըմբռնումով եմ վերաբերվում այդ մանագետներին` հասկանալով, որ եթե մարդն այստեղ որպես մասնագետ չի կարողանում լիարժեք դրսևորվել, այնինչ իր գիտելիքներն ու հմտությունները նրան թույլ են տալիս ավելին անելու, քան նա կարողանում է տեղում անել, նա պետք է գնա և աշխատի արտերկրում: Այստեղ ես հայրենասիրության խնդիր չեմ տեսնում: Հայրենիքը կարելի է սիրել, և այդ սերը չի կարող խանգարել նրա մասնագիտական աճին արտերկրում:

–   Իսկ ի՞նչ դեր ունի վարձատրությունը: Արդյոք այն բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

Այո', որպեսզի մասնագետը մնա, աշխատի, պետք է ունենա և' արժանավայել վարձատրություն, և' համապատասխան հարգալից վերաբերմունք: Հայաստանը մասնագետների առումով անգնահատելի պոտենցիալ ունի, ոչ միայն բժշկությունում, տարբեր բնագավառներում: Պետք է կարողանալ այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ պոտենցիալը բարիք ստեղծի իր երկրի համար, ոչ թե օտարների: Մասնագետը պետք է իրեն գնահատված զգա իր երկրում:

Սկզբնաղբյուր` zham.am


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է