Հայաստանում՝ առաջին անգամ․ ՈՒԱԿ-ում կատարվել է ուղիղ աղու ներլուսանցքային 3D բրախիթերապիա
Ուռուցքաբանության ազգային կետրոնը շարունակում է հանդես գալ նոր ծառայություններով, որոնք բացառիկ ու եզակի են երկրի համար։ Այս անգամ կատարվել է ուղիղ աղու ներլուսանցքային 3D բրախիթերապիա։
Ուղիղ աղու ներլուսանցքային բրախիթերապիան ուռուցքի դեմ պայքարելու ժամանակակից մեթոդներից մեկն է։ Այն իրականացնելու համար անհրաժեշտ վերջին սերնդի բրախիթերապիայի սարքավորումը ՈՒԱԿ-ը ձեռք է բերել վերջերս։ Ուղիղ աղու բուժման այս մեթոդը անցկացվում է հետևյալ դեպքերում․
որպես ինքնուրույն բուժում՝ ուռուցքային պրոցեսի սկզբնական փուլում,
որպես լրացուցիչ բուժում (բրախիրաթերապևտիկ boost) մնացորդային ուռուցքի դեմ՝ համալիր բուժումից հետո։
68 տարեկան տղամարդու մոտ ախտորոշվել էր ուղիղ աղու քաղցկեղ (3-րդ փուլ)։ Քիմիաթերապիայից և հեռահար ճառագայթային բուժումներից հետո որոշվել է տղամարդուն կատարել ուղիղ աղու ներլուսանցքային բրախիթերապիա՝ մնացորդային ուռուցքի կապակցությամբ։
Միջամտությունը կատարել է 10 հոգուց բաղկացած թիմը, որը գլխավորել է Ուռուցքաբանության ազգային կետրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի բ․գ․դ․, պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը։
Բուժումը կատարվել է ներերակային անզգայացմամբ։ Սերտիֆիկացված մասնագետը, սարքավորման շնորհիվ ունենալով եռաչափ ՀՇ վիզուալիզացիա, բուժումը կատարել է միջազգային ժամանակակից ուղեցույցներին համապատասխան և մի քանի օր անց դուրս գրել բուժառուին՝ լավացումով։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ Հայաստան բերելու և տեղայնացնելու ուռուցքի դեմ պայքարելու միջազգային, ժամանանակից մոտեցումները և իրականացնելու բուժման այնպիսի մեթոդներ, որոնք անցնելու համար քաղաքացին ստիպված կլիներ գնալ երկրից և ծախսել մեծ գումարներ։
Նոր ծառայությունը՝ ուղիղ աղու ներլուսանցքային բրախիթերապիան, արդեն համալրել է ՈՒԱԿ-ի մյուս ծառայությունների շարքը։