Новости

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին

1.    Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից մեկն է և կարող է կիրառվել գործնականում ցանկացած տեղակայման չարորակ ուռուցքների բուժման համար: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների շուրջ 60%-ը իրենց բուժման ընթացքում ստանում են ճառագայթային բուժում:


Բազմաթիվ չարորակ ուռուցքների դեպքում (օրինակ՝ մաշկի, ստորին շրթունքի, կոկորդի, քիթըմպանի, շագանակագեղձի, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի և այլն) ճառագայթային բուժումը կարող է հանդիսանալ բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդի լիարժեք առողջացում: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ եղանակ` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և ցավը կամ հիվանդին անհանգստացնող այլ ախտանշաններ մեղմելու և վերացնելու նպատակով:


Ճառագայթային բուժման համար կիրառվող իոնացնող ճառագայթների աղբյուր կարող են լինել ռադիոակտիվ տարրերը (իզոտոպները) կամ հատուկ գեներացնող սարքերը (օրինակ՝ էլեկտրոնների գծային արագացուցիչները, բուժական ռենտգենյան սարքերը)։

2.    Ինչպե՞ս է ազդում ճառագայթային բուժումը


Ճառագայթային բուժման ազդեցությունը հիմնված է ուռուցքային բջիջների աճը և բազմացումը ճնշելու վրա։ Իոնացնող ճառագայթները վնասում են ուռուցքային բջիջների ԴՆԹ-ն, ինչի արդյունքում ուռուցքային բջիջները կորցնում են աճելու և բազմանալու ունակությունը։ Սա թույլ է տալիս օրգանիզմին ազատվել ուռուցքից։


Չարորակ ուռուցքների բարձր զգայունությունը իոնացնող ճառագայթների նկատմամբ պայմանավորված է 2 հիմնական գործոններով․

    Չարորակ ուռուցքների բջիջները սովորաբար ավելի արագ են բազմանում, և Չարորակ ուռուցքների բջիջները ճառագայթմամբ հասցված վնասումներից չեն կարող վերականգնվել նույպիսի արդյունավետությամբ, ինչպես առողջ բջիջները։


3.    Ի՞նչ տեսակներ ունի ճառագայթային բուժումը

    Հեռահար ճառագայթային բուժում` երբ ճառագայթման աղբյուրը գտնվում է օրգանիզմից որոշ հեռավորության վրա և ճառագայթման փունջը դրսից ուղղորդվում է դեպի մարմնի ախտահարված հատվածը։ Հեռահար ճառագայթային բուժումը ներկայումս ուռուցքաբանության մեջ ամենալայնորեն կիրառվող եղանակն է, որը ճառագայթային ուռուցքաբանների կողմից կարող է նշանակվել ցանկացած տեղակայման և ծագման ուռուցքների դեպքում։ Հեռահար ճառագայթային բուժումը կատարվում է բարդ և թանկարժեք բարձր տեխնոլոգիական սարքավորումների միջոցով, որոնք կախված հիվանդության բնույթից, բուժման նպատակներից և մի շարք այլ հանգամանքներից, թույլ են տալիս կիրառել ճառագայթման տարբեր մեթոդիկաներ (օրինակ՝ եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժում, փոփոխվող ինտենսիվությամբ ճառագայթային բուժում, ստերեոտակտիկ ճառագայթային բուժման տարբեր մոտեցումներ և այլն)։

    Կոնտակտային ճառագայթային բուժում` բրախիթերապիա՝ երբ ճառագայթման աղբյուրը (ռադիոակտիվ իզոտոպը՝ ասեղների, թելերի, գնդիկների, կատետրների միջոցով) ներդրվում է անմիջապես ուռուցքի մեջ կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով։ Բրախիթերապիան ավելի հաճախ կիրառվում է կանացի օրգանների, շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունների դեպքում և սովորաբար՝ հեռահար ճառագայթման հետ զուգակցված։

    Համակարգային ճառագայթային բուժում կամ ռադիոնուկլիդային բուժում` երբ իոնիզացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող նյութերը (ռադիոնուկլիդները) ներմուծվում են օրգանիզմ ներերակային սրսկման կամ դեղապատիճների, խմելու դեղաձևերի միջոցով: Այս դեպքում այդ ռադիոնուկլիդները օժտված են որոշակի հյուսվածքներում ընտրողաբար կուտակվելու հատկությամբ (օրինակ յոդը՝ վահանաձև գեղձում) և գերազանցապես կլանվում են նրանց կողմից` ապահովելով այդ հյուսվածքների ճառագայթումը:

4.    Ե՞րբ է կիրառվում ճառագայթային բուժումը

Որոշ չարորակ ուռուցքների դեպքում ճառագայթային բուժումը կարող է կիրառվել որպես բուժման հիմնական կամ միակ եղանակ՝ ապահովելով գերազանց արդյունքներ։ Նման ուռուցքներ են մաշկի, ստորին շրթունքի, կոկորդի, քիթըմպանի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղը և մի շարք այլ հիվանդություններ։ Ճառագայթային բուժումը այս դեպքում կոչվում է արմատական կամ բուժական (կուրատիվ)։ Ճառագայթային ուռուցքաբանի կողմից արմատական ճառագայթային բուժում կարող է նշանակվել նաև այն դեպքերում, երբ հնարավոր չէ կատարել արմատական վիրահատություն՝ կապված հիվանդության բնույթի և տարածվածության, ուղեկցող այլ հիվանդությունների առկայության հետ կամ վիրահատությունից հիվանդի հրաժարվելու պատճառով։

Հաճախ ճառագայթային բուժումը կիրառվում է որպես բուժման օժանդակ եղանակ՝ վիրահատական բուժումից առաջ (նախավիրահատական, նեոադյուվանտ ճառագայթային բուժում) կամ նրանից հետո (հետվիրահատական, ադյուվանտ ճառագայթային բուժում), իսկ երբեմն էլ՝ վիրահատության ժամանակ (ներվիրահատական ճառագայթային բուժում)։ Այս դեպքերում ճառագայթային բուժումը նվազեցնում է հիվանդության կրկնության հավանականությունը, թույլ է տալիս կատարել ավելի արդյունավետ վիրահատություններ, բարելավում է բուժման ընդհանուր արդյունքները։

Տարածուն ուռուցքային հիվանդության դեպքում, երբ լրիվ ապաքինումը հնարավոր չէ, ճառագայթային բուժումը կարող է կատարվել ամոքիչ (պալիատիվ) նպատակներով՝ ոսկրային ցավերը և հիվանդին անհանգստացնող այլ ախտանշաններ մեղմելու, կյանքի հարմարավետությունը բարելավելու համար։

Թոքի որոշ ուռուցքների, արյունաբանական որոշ չարորակ հիվանդությունների դեպքում ճառագայթային բուժումը կարող է կիրառվել ողջ գլխուղեղի կանխարգելիչ ճառագայթման ձևով՝ գլխուղեղում ուռուցքի մետասթազների առաջացումը և զարգացումը կանխելու համար։

Բազմաթիվ իրադրություններում (օրինակ՝ թոքի, քիթըմպանի, բերանըմպանի, կոկորդի, ուղիղ աղու, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում) ճառագայթային բուժումը կարող է զուգակցվել նաև հակաուռուցքային դեղորայքային բուժման հետ՝ բուժումը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

5.    ՈՒ՞մ դիմել

Չարորակ ուռուցքների ճառագայթային բուժմամբ զբաղվում է ճառագայթային ուռուցքաբանը՝ համագործակցելով բժշկական ֆիզիկոսների, դոզիմետրիստների ճառագայթային տեխնիկների և այլ մասնագետների հետ։


ՀՀ ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության ծառայությունը հագեցված է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով չարորակ ուռուցքների գերակշիռ մեծամասնության դեպքում համակողմանի բարձրակարգ ռադիոթերապևտիկ օգնություն ապահովելու համար։

Ճառագայթային բուժման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել՝

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջանի անվան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք
ՀՀ, Երևան, Ֆանարջյան 76,
Հեռ․ +374 91 421928
Էլ-փոստ՝ [email protected], [email protected]


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է