Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Քայլի Մինոուգ
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը մեկնել էր հյուրախաղերի Եվրոպա, երբ նրա մոտ հայտնաբերեցին կրծքագեղձի քաղցկեղ։
Այդ ժամանակ նա 36 տարեկան էր։ Աստղն անմիջապես հետաձգեց համերգային շրջագայությունը՝ բուժում ստանալու համար։ Նրա հավատարիմ երկրպագուները չհանձնեցին գնված տոմսերը, որպեսզի աջակցեն սիրված երգչուհուն։
«երբ բժիշկը հայտնեց ինձ իմ ախտորոշումը, հողը ոտքիս տակից գնաց։ Ինձ թվում էր, որ ես արդեն մահացել եմ», - հիշում է երգչուհին։
Կրծքագեղձի սեկտորալ մասնահատումից և ֆիբրոադենոմայի հեռացումից հետո Մինոուգը վեցամսյա քիմիոթերապիայի կուրս ստացավ Փարիզում: Հավաքելով ողջ իր ուժը, երգչուհին կարողացավ հաղթահարել հիվանդությունը: Ավելին` որոշ ժամանակ անց Քայլին նորից դուրս եկավ բեմ:
Քայլի Մինոուգի դեպքն ահազանգ դարձավ բազմաթիվ կանանց համար: Երգչուհու մոտ քաղցկեղի բացահայտումից հետո Ավստրալիայում մամոգրաֆիկ հետազոտոտությունների թիվը աճեց 20 անգամ:
Այժմ Քայլի Մինոուգը ակտիվորեն մասնակցում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ ուղղված և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնող տարբեր քարոզարշավների: «Բժշկության ներկայիս զարգացման աստիճանը թույլ է տալիս հաղթահարել կրծքագեղձի քաղցկեղը։ Կարևորը այն ժամանակին հայտնաբերելն է», - ասում է նա։