Новости

Քաղցկեղի առաջացման պատճառները

Քաղցկեղի առաջացման միասնական պատճառ չկա: Իրականում դրանք բազմաթիվ են: Յուրաքանչյուր օր աշխարհում հազարավոր մարդիկ իմանում են իրենց նոր և վտանգավոր թշնամու՝ ուռուցքային հիվանդության մասին: Ըստ վիճակագրական տվյալների, մինչև 2020 թվականը սպասվում է ուռուցքով հիվանդների քանակի կրկնակի ավելացում՝ 10 միլիոնից հասնելով 20 միլիոն: 


Ամբողջ աշխարհում գիտնականները մշտապես ձեռնարկում են բազմաթիվ փորձեր ուռուցքային հիվանդությունների առաջացման հանելուկն ուսումնասիրելու նպատակով, և հարկ է նշել, որ նրանց աշխատասիրության շնորհիվ այս խնդրի ուսումնասիրման առաջընթացը հասել է անհավատալի բարձունքների:


Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ տարբեր ենթադրություններ և հիպոթեզներ, որոնք բացատրում են քաղցկեղի առաջացման պատճառները, սակայն դրանք բոլորն էլ մի հարցում համընկնում են, երբեմն քաղցկեղն առաջանում է հիվանդի մեղքով:


Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներն են.

    սխալ սնուցումը, ճարպակալումը, քիչ շարժուն կենսակերպը, ծխելը, թմրանյութերի, ալկոհոլի ընդունումը, Աարտաքին գործոններ՝ ճառագայթային, արդյունաբերական արտանետումների ազդեցությունը, ժառանգականությունը, վիրուսները, դեպրեսիան, ընկճված իմունիտետը:


Սննդային քաղցկեղածիններ (կանցերոգեններ)


Մարդու օրգանիզմը, վերջին հաշվով, բաղկացած է այն բանից, թե նա ինչ է ուտում: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ավելի քան մեկ երրորդ դեպքերում քաղցկեղի առաջացման պատճառները կապված են սխալ սնուցման հետ: Այդ պատճառով գիտնականները ուռուցքային հիվանդությունների առաջացման հնարավոր պատճառ են համարում քաղցկեղածինները, որոնք մարդու օրգանիզմ թափանցում են սննդի միջոցով:   


Մեր առօրյա շատ սննդամթերքներում պարունակվում են այնպիսի նյութեր, որոնք չափազանց շատ կիրառելու դեպքում կարող են բերել հիվանդության առաջացման: Դրանց թվին առաջին հերթին պատկանում են ածխաջրերը և տրանս ճարպերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ քաղցկեղածիններ պարունակվում են տապակած սննդում: Այդ պատճառով սննդի պատրաստման լավագույն եղանակը հանդիսանում են շոգեխաշումը և խորովումը: Տվյալներ կան նաև այն մասին, որ ավելցուկային սպիտակուց  (ավելի քան 20% ) պարունակող սնունդը ևս նպաստում է հիվանդության զագացմանը:  Այդ պատճառով պետք է հետևել հավասարակշռված սննդակարգին՝ բավարար քանակությամբ բուսական սննդով՝ մրգերի և բանջարեղենի պարունակությամբ: 


Սակայն բուսական սննդամթերքը ևս միշտ չէ անվտանգ քաղցկեղածինների առումով, քանի որ հաճախ նրանց մեջ պարունակվում են նիտրատներ և նիտրիտներ: Եվս մեկ ապացուցված սննդային քաղցկեղածին է բենզապիրենը, որը պարունակվում է ապխտած սննդամթերքում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում  նմանատիպ սննդամթերքը բացառել ռացիոնից կամ հասցնել նվազագույնի:


Հարկ է նշել, որ ոչ բոլոր քաղցկեղածին համարվող նյութերն են իրականում վտանգավոր: Օրինակ, գիտականորեն ապացուցված չէ ԳՄՕ պարունակող սննդամթերքների քաղցկեղածին լինելը: Նույնը կարելի է ասել նատրիումի գլուտամատի մասին, որը լայնորեն կիրառվում է արևելյան խոհանոցում: Այնուամենայնիվ, նատրիումի գլուտամատը չափազանց ուժեղ համեմունք է, որը հաճախ արտադրողների կողմից կիրառվում է առողջության համար իսկապես վտանգավոր նյութերը, այդ թվում քաղցկեղածինները,  քողարկելու նպատակով:


Գենետիկական նախատրամադրվածություն


Միշտ չէ, որ քաղցկեղի զարգացման պատճառները կապված են սխալ կենսակերպի հետ: Ուռուցքային հիվանդությունների զարգացման հնարավոր երկրորդ պատճառը գիտնականները համարում են ժառանգական կամ բնածին նախատրամադրվածությունը, ինչպես նաև տարբեր մուտացիաները : Որքան էլ անցանկալի լինի, քաղցկեղի զարգացման ռիսկի խմբի մեջ չմտնող յուրաքանչյուր մարդու մոտ այս կամ այն ուռուցքային հիվանդության առաջացման հավանականություն կա և այն հավասար է  20%:  Իսկ ռիսկի խմբի մեջ մտնողների մոտ այդ հավանականությունը կարող է զգալի բարձր լինել: Այնուամենայնիվ, պետք չէ գերագնահատել գենետիկական նախատրամադրվածությունը, չէ որ, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, այն պատասխանատու է հիվանդությունների ընդամենը 10%-ի առաջացման համար:


Վիրուսներ


Ուռուցքային հիվանդությունների ողջ պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ քաղցկեղով հիվանդացության պատճառը եղել են սովորական վիրուսները: Այսպես, պարզվել է, որ պապիլոմայի վիրուսով վարակվածությունը կարող է հանդիսանալ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ, Т-լիմֆոտրոպ վիրուսով վարակված մարդիկ կարող են հիվանդանալ լեյկոզի հազվադեպ և ագրեսիվ ձևով, լյարդի առաջնային քաղցկեղի զարգացումը (լյարդի բջիջներում զարգացող) կարող է կապված լինել քրոնիկական հեպատիտի տարբեր ձևերի (B ,C) վարակման հետ:


Որոշ վիրուսներ կարող են հանդիսանալ ստամոքսի ուռուցքային հիվանդության պատճառ: Ընդհանուր առմամբ, վիրուսները պատասխանատու են քաղցկեղի առաջացման  մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ դեպքի համար: 


Վնասակար սովորություններ՝ ծխելը և ալկոհոլը


Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս ուռուցքային հիվանդությունների և ծխամոլության միջև հստակ կապը: Դա առաջին հերթին վերաբերվում է թոքի քաղցկեղին , և ոչ միայն:  Ծխողի մոտ առկա է կերակրափողի, ըմպանի, բերանի խոռոչի և որոշ այլ օրգանների ուռուցքի առաջացման բարձր ռիսկ: Ծխելը հանդիսանում է ուռուցքային հիվանդությունների առաջացման ամենալուրջ գործոններից մեկը:  Քաղցկեղից  մահացության գրեթե յուրաքանչյուր հինգերորդ դեպք ուղղակիորեն կապված է ծխախոտի չարաշահման հետ: Ընդ որում վտանգի ենթարկվում են ոչ միայն ծխողները, այլ նաև նրանց շրջապատում գտնվողները, ովքեր ստիպված ներշնչում են ծխախոտի ծուխը: Ալկոհոլի չափազանց ընդունումը նույնպես հանդիսանում է ուռուցքային հիվանդությունների առաջացման հաճախ հանդիպող պատճառ: Թունդ ըմպելիքներն օրգանիզմը ենթարկում են լյարդի և մարսողական օրգանների ախտահարման բարձր ռիսկի: 


Շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը


Քաղցկեղի պատճառ կարող է հանդիսանալ նաև շրջակա միջավայրի քաղցկեղածին նյութերի ազդեցությունը: Քաղցկեղածին գործոնների թվին են պատկանում շատ քիմիական նյութեր, որոնց կարելի է հանդիպել ժամանակակից քաղաքակրթության մեջ, ինչպես նաև ճառագայթային ազդեցությունը:  Այդ առումով վտանգավոր նյութերը մեզ շրջապատում են ամենուր:  Դրանց թվին են պատկանում կենցաղային քիմիայի որոշ նյութեր, ասբեստը, որոշ պլաստմասաներ: Ավտոմեքենաների արտանետվող գազերում նույնպես քիչ չեն կանցերոգենները:  Բենզոլ, ֆորմալդեհիդ, դիօքսին պարունակող արտադրական աղտոտումները նույնպես գտնվում են քաղցկեղածին սպառնալիքների ցանկում:  


Ինչ վերաբերվում է ճառագայթմանը, ապա շատերը համարում են, որ վտանգ ներկայացնում են միայն ատոմային էլեկտրակայանները: Սակայն իրականում դա այդպես չէ: Ճառագայթումը մեզ շրջապատում է ամենուրեք, չէ որ նույնիսկ տան պատերն են ռադիոակտիվ նյութեր պարունակում: Վտանգավոր է նաև արևի ճառագայթումը, որը պարունակում է ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մաշկի վրա:  Ընդ որում պետք է հիշատակել, որ շատերը խուսափում են ռենտգենի կիրառմամբ իրականացվող բժշկական հետազոտություններից, իսկ իրականում այդ ժամանակ ճառագայթման չափաբաժինը չափազանց քիչ է (եթե այն ամեն օր չիրականացվի) և չի կարող լուրջ ռիսկի գործոն լինել:  


Դեպրեսիա


Ինչպես նաև հարկ է նշել հոգեկան վիճակի և ուռուցքային հիվանդությունների զարգացման միջև կապը: Ներկայումս գիտնականների մեծ մասը կարծում է, որ սթրեսը, ձգձգվող դեպրեսիան կարող են հանդիսանալ ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ: Սթրեսն ուղղակիորեն չի ազդում ուռուցքային գոյացությունների վրա, սակայն հարատև սթրեսը կարող է բերել իմունիտետի զգալի ընկճման, որը կարող է խաթարել հակաուռուցքային պաշտպանությունը:   .


Բանն այն է, որ սթրեսի ժամանակ էնդոկրին գեղձերը հորմոններ են արտադրում, որոնք կարող են ընկճել իմուն համակարգի պաշտպանական ֆունկցիան: Մասնավորապես սթրեսն ազդում է իմուն համակարգի այնպիսի բջիջների վրա, ինչպիսիք են նեյտրոֆիլները, մակրոֆագերը, որոնք մեր օրգանիզմի մասնագիտացված պաշտպաններն են ընդդեմ ուռուցքային գոյացությունների:  Հենց այդ պատճառով ուռուցքային հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է վերահսկել իրավիճակները և դիմակայել այն հանգամանքներին, որոնք կարող են հերթական սթրեսն առաջացնել: 


Ժամանակակից աշխարհում շատ դժվար է շրջանցել այնպիսի լուրջ հիվանդությունը, ինչպիսին քաղցկեղն է: Ըստ վիճակագրական տվյալների, արդեն 2020 թվականին քաղցկեղից մահացությունը երկու անգամ կաճի ՝ 6 միլիոնից մինչև 12 միլիոն: Մենք հույս ունենք, որ կարդալով և իմանալով քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները, Դուք հոգ կտանեք սեփական և Ձեզ շրջապատող մարդկանց առողջության համար, այդպիսով, իհարկե, հիվանդությունից չեք ազատվի, սակայն հնարավոր է նվազեցնել նրա զարգացման հավանականությունը:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է