Новости

Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը

Ապացուցողական բժշկությունն առաջ է գնում յոթ մղոնանոց քայլերով, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել...##: Ուռուցքի շատ տեսակներ դեռ վաղուց դադարել են մահվան դատավճիռ լինել, հատկապես վաղ ախտորոշման դեպքում: Այնուամենայնիվ, ուռուցքային հիվանդությունների մասին կան հսկայական քանակությամբ միֆեր, ենթադրություններ, սարսափելի պատմություններ, և մենք փորձել ենք հերքել դրանցից տասը: 
 
ՄԻՖ 1. այժմ մեզ մոտ քաղցկեղի համաճարակ է:

Իսկապես, զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները բնակչության մահվան պատճառների մեջ գրավում են առաջին տեղերից մեկը, զիջելով միայն սիրտ-անոթային հիվանդություններին կամ նույնիսկ առաջ անցնելով վերջիններից: Այնուամենայնիվ, քաղցկեղը բավականին հազվադեպ հիվանդություն է, որի տարբեր տեսակները յուրաքանչյուր տարի ախտորոշվում են 100 հազար մարդուց միայն մի քանի տասնյակի մոտ: Բանն այն է, որ ուռուցքը զարգանում է մեկ բջջում տեղի ունեցող մի շարք գենետիկական մուտացիաների հետևանքով, այդ մուտացիան բերում է  նրա անդադար բաժանման՝ շրջանցելով օրգանիզմի արգելակման ազդակները:
Բջիջներն ապոպտոզի նկատմամբ կայուն են դառնում  (այսպես է կոչվում նրանց «ծրագրավորված» մահը), ուռուցքի մեջ սկսում են ընդգրկվել նոր արյունատար անոթներ, ապա ուռուցքը թափանցում է այլ օրգաններ և հյուսվածքներ՝ տալով մետաստազներ: Հաճախ այս ամենը տևում է տարիներ և տասնյակ տարիներ: Ըստ վիճակագրության, չարորակ ուռուցքով մարդկանց 77%-ի մոտ քաղցկեղն առաջանում է 55 տարեկանից հետո:  Զարմանալի չէ, որ այն երկրներում, որտեղ մարդկանց բացարձակ մեծամասնությունը հաղթահարում է այդ շեմը, ուռուցքային հիվանդությունները լայնորեն տարածված են:
 
ՄԻՖ 2. նախկինում մարդիկ քաղցկեղով չէին հիվանդանում:

«Քաղցկեղ» տերմինն առաջացել է դեռևս մ.թ.ա. հինգերորդ դարում Հիպոկրատի կողմից: Չարորակ ուռուցքի հետքեր տարբեր ժամանակներում հայտնաբերել են Հին Եգիպտոսի, Պերուի և Չիլիի մումիաների մոտ, հին հռոմեացիների ոսկրերում, Անգլիայի և Պորտուգալիայի միջնադարյան գերեզմանոցներում: Նեապոլի թագավոր  Ֆերդինանտ I-ը հինգ հարյուր տարի առաջ մահացել է  հաստ աղու բարձիթողի քաղցկեղից, իսկ հայտնի սկիացի մարտիկի մոտ, ում հարուստ գերեզմանը գտել են 2001 թվականին ներկայիս Տիվայի Հանրապետության տարածքում, եղել է շագանակագեղձի քաղցկեղ:  Այլ կերպ ասած, քաղցկեղը մարդկանց ախտահարել է վաղուց, և նույնիսկ մեր հեռավոր նախնիները նրանից չեն խուսափել: Հայտնի միակ կանամյան մարդու (Homo kanamensis) մնացորդների և մեկ այլ դեռևս չանվանակոչված նախամարդու մոտ հայտնաբերվել են ոսկրային հյուսվածքի չարորակ ուռուցքի՝ օստեոսարկոմայի նշաններ: Ամենահամեստ հաշվարկներով նկարագրվել է մոտ 200 հանածո ուռուցքի դեպք: Հարկ է նշել, որ շատ մնացորդներ մասամբ են պահպանվել միայն, իսկ ուռուցքային հիվանդությունների թիրախային որոնումները նրանցում չեն իրականացվում նույնիսկ հիմա:
 
ՄԻՖ 3. նախկինում մարդիկ քաղցկեղով ավելի հազվադեպ էին հիվանդանում:

Դժվար է այս կետը անաչառորեն հաստատել կամ հերքել: Բացի այդ, բժշկության ձեռքբերումները մարդկանց հնարավորություն են տվել ապրել մինչև քաղցկեղ, ծխելու և ճարպակալման զանգվածային տարածումը ևս իրավիճակը չի բարելավել: Սակայն չի կարելի հաստատել, որ նախկինում քաղցկեղը չափազանց հազվադեպ է հանդիպել: Անգլիացի հնէաբան Տոնի Վալդրոնն ուսումնասիրել է 1901-1905 թթ. մահերի ռեգիստրը և պարզել է, որ  քաղցկեղի նշանների հայտնաբերման հավանականությունը տղամարդկանց ոսկրային մնացորդներում կազմում է 0–2%, իսկ կանանց մոտ՝ 4–7%:  Ընդ որում, ոսկրերում կարելի է գտնել միայն անմիջականորեն ոսկրերի առաջնային ուռուցքները, որոնք կազմում են բոլոր ուռուցքային հիվանդությունների 0,2 %-ից պակաս, ինչպես նաև քաղցկեղի որոշ այլ տեսակների մետաստազները: Փափուկ հյուսվածքների ուռուցքները միայն պահպանված կմախքի մնացորդներում, որպես կանոն, արդեն հնարավոր չէ  հայտնաբերել:


Ավելի ուշ, նույն արդյունքներն են ստացել նաև Մյունխենի գիտնականները. հատուկ սարքավորման շնորհիվ նրանք հայտնաբերել են քաղցկեղի հինգ դեպք եգիպտական գերեզմանոցի 905 կմախքի միջից և տասներեք դեպք` Գերմանիայի միջնադարյան գերեզմանոցի 2547 աճյունների մնացորդներից: Գալիս ենք հետաքրքիր եզրահանգման. թեև կյանքը Հին Եգիպտոսում և միջնադարյան Եվրոպայում տարբեր էր, քաղցկեղով մարդիկ հիվանդանում էին միատեսակ:
 
ՄԻՖ 4. քաղցկեղը երիտասարդացել է:

Վիճակագրության տեսանկյունից դա ճիշտ է. համաձայն Ուռուցքային հիվանդությունների ուսումնասիրման միջազգային գործակալության՝ վերջին քսան տարվա ընթացքում քաղցկեղի տարածվածությունը երեխաների մոտ աճել է 13 %-ով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան  թվում է, և, բարեբախտաբար, քաղցկեղը երեխաների մոտ շարունակում է մնալ չափազանց հազվադեպ հիվանդություն (տարեկան 100 հազար երեխայից մոտ 14 դեպք):


Գիտնականները հակված են համարելու, որ տարածվածության այդպիսի մեծացումը, առաջին հերթին, պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ և բարձր տեղեկատվությամբ: Հնարավոր է ապագայում այդ թվերն ավելի մեծանան. ներկայիս տվյալներն ընդգրկում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երեխաների 100%-ը և Աֆրիկայի ու Ասիայի միայն 5%-ը: Ավելի աղքատ երկրներում քաղցկեղը երեխաների մոտ, հավանաբար, պարզապես չի ախտորոշվում:
 
ՄԻՖ 5. վայրի կենդանիները քաղցկեղով չեն հիվանդանում:

Քաղցկեղով հիվանդանում են բոլոր կենդանիները՝ և՛ վայրի, և՛ տնային, և՛, հատկապես` լաբորատոր: Հաճախ ուռուցք ախտորոշվում է տնային կենդանիների մոտ, դրանք շատ են և անասնաբուժական վերահսկողություն են անցնում:  Բացի այդ, հենց նրանք են հաճախ դառնում մոտ ազգակցական խաչասերումներների զոհ, ինչը մեծացնում է արատավոր գեների փոխանցման հավանականությունը սերունդներին: Վայրի կենդանիների մոտ ուռուցքային հիվանդություններ նույնպես լինում են: Ավստրալիայի պարկավոր կաթնասուններ Թասմանիայի հրեշների պոպուլյացիան գտնվում է ոչնչացման եզրին, քանի որ քաղցկեղը նրանց մոտ էվոլյուցիայի է ենթարկվել  և կարող է տարածվել խայթոցների միջոցով: Երկու անգամ զանգվածային տարածվել է միֆն այն մասին, որ կան կենդանիներ, որոնք քաղցկեղով չեն հիվանդանում: Առաջին անգամ, երբ գիտնականները նկատեցին, որ աճառային հյուսվածքն անոթներ չի պարունակում, և որոշեցին, որ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ընկճում են անոթների աճը: Չարորակ ուռուցքների կարևորագույն գիծը նոր արյունատար անոթների ձևավորումն է, այդ պատճառով գիտնականնները որոշեցին ուսումնասիրել աճառային հյուսվածքի համապատասխան հատկությունները: Ճիշտ է, միֆը ստեղծել են խաբեբաները, ովքեր շուկան լցրել են շնաձկան հաբերով. շնաձկան կմախքը բաղկացած է բացառապես աճառից:

Երկրորդ անգամ միֆի զոհ դարձավ գիտական հանրությունը: Ուշադրություն գրավեցին ոչ մեծ կրծողներ մերկ գետնափորերը, որոնք առանձնանում են կյանքի ֆենոմենալ երկարատևությամբ, մինչև երեսուն տարի: Այդ կապակցությամբ ռուս գիտնականները նույնիսկ հեղինակավոր պարգև ստացան՝ քաղցկեղի նկատմամբ մերկ գետնափորերի կայունության մեխանիզմը բացահայտելու համար, սակայն երկու տարի հետո ուռուցքային հիվանդություն հայտնաբերվեց նաև այս կրծողների մոտ:
 
ՄԻՖ 6. քաղցկեղով կարելի է վարակվել:

Չափազանց գայթակղիչ տեսությունը, որ քաղցկեղը վարակիչ հիվանդություն է, անցյալ դարի վաթսունական թվականներին ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտին արժեցավ հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք իզուր ծախսվեցին: Իրականում, այժմ հայտնի է, որ կան վիրուսներ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի որոշ տեսակների առաջացմանը. մարդու պապիլոմա վիրուսն առաջացնում է արգանդի վզիկի, հետանցքի, առնանդամի և ըմպանի քաղցկեղ, հեպատիտ С-ի վիրուսը՝ լյարդի քաղցկեղ, իսկ Էպշտեյն-Բարի վիրուսը՝ Բերկիտի լիմֆոմա: Մարդիկ քաղցկեղով կարող են վարակվել միայն դոնորից ռեցիպիենտին ուռուցքային բջիջների ուղղակի փոխանցման դեպքում, օրինակ, օրգանների փոխպատվաստման ժամանակ: Ճիշտ է, նույնիսկ այս դեպքերի 2/3-ն ավարտվում է նրանով, որ նոր տիրոջ իմունային համակարգը ոչնչացնում է փոխպատվաստված ուռուցքը:
 
ՄԻՖ 7. քաղցկեղի հիմնական պատճառները քիմիական քաղցկեղածիններն են:

Ժամանակին մարէաբան Բրյուս Էյմսը մանրէների կիրառմամբ թեստ ստեղծեց, որը հնարավորություն տվեց ուսումնասիրել քիմիական նյութերի ազդեցությունը գենետիկ համակարգի վրա, այսինքն, որոշել այդ նյութերի քաղցկեղածինությունը: Քիմիական քաղցկեղածինների մասին խոսակցությունները հանրային մեծ ռեզոնանս առաջացրին և ազդեցին արդյունաբերության բոլոր բնագավառների վրա: Ճիշտ է, ավելի ուշ Էյմսը մասնակիորեն վերակենդանացրեց արհեստական քիմիական միացությունները և պարզվեց, որ բնական նյութերը նույնպես կարող են օժտված լինել այդ հատկություններով: Մեկ բաժակ սուրճի մեջ պարունակվող 28 բնական նյութերից 19-ը բուսական քաղցկեղածին է:  Ճիշտ է, դրանք կարող են ուռուցքի առաջացման բերել միայն հսկայական քանակության դեպքում և հնարավոր է միայն լաբորատոր կենդանիների մոտ: Քիմիական քաղցկեղածիններին արդարացնում է նաև ամերիկյան Պրիպյատի՝ Սիրո ջրանցք քաղաքի պատմությունը`կառուցված թունավոր նյութերի թափոնների վրա: Երեսուն տարվա ընթացքում իրականացված ռետրոսպեկտիվ հետազոտությունները նախկին բնակիչների մոտ ուռուցքային հիվանդությունների բռնկում չհայտնաբերեցին: Չերնոբիլի բնակիչների և լիկվիդատորների մոտ նույնպես ոչինչ չգտան, չհաշված երեխաների և դեռահասների մոտ առավել հաճախ հանդիպող վահանաձև գեղձի քաղցկեղը, որի զարգացումը կապված էր աղետից հետո առաջին ամիսներին ռադիոակտիվ յոդով սննդի աղտոտմամբ: Իրականում հիմնական քաղցկեղածինները վաղուց հայտնի են. դրանք են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ծխախոտի և ալկոհոլային ըմպելիքների բաղադրիչները: Ռիսկի այլ կարևոր գործոններ են ճարպակալումը և որոշ վարակներ: Ծխախոտի ծխի քրոնիկական ազդեցությունը և կենսակերպի այլ տարրերն ավելի կարևոր են, քան կոսմետիկայում ինչ-որ պարաբեններ, որոնց քաղցկեղածին լինելը ցուցադրվել է միայն լաբորատորիայում:
 
ՄԻՖ 8. դեղագործական ընկերությունների համար շահավետ չէ քաղցկեղի դեմ դեղ ստեղծել:

Քաղցկեղի դեմ միասնական դեղ գտնելն անհնար է թեկուզ նրա համար, որ այն հիվանդությունների հսկայական խմբի ընդհանուր անվանում է: Ավելին, միայն կրծքագեղձի քաղցկեղն իրենից ներկայացնում է հարյուրավոր տարբեր հիվանդություններ: Քաղցկեղն  անհատական է, ինչպես անհատական է յուրաքանչյուր առանձին մարդու օրգանիզմը, օրինակ, մատնահետքը: Ուռուցքաբանության ներկա տենդենցը, այսպես կոչված, պրեցիզիոն (ճշգրիտ) բժշկությունն է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել անհատական դեղ կամ բուժման սխեմա՝ հիմնվելով որոշ բիոմարկերների վրա: Դեղերի մշակման մեջ ներդրվում են միլիարդավոր դոլարներ, և դեղագործական ընկերությունների համար այն, այնուամենայնիվ, շահավետ է ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ` հեղինակության: Շատ չարորակ ուռուցքների համար արդեն գոյություն ունի արդյունավետ բուժում, սակայն, վերոնշյալ պատճառներով պայմանավորված, այն բոլորի համար հարմար չէ:
 
ՄԻՖ 9. մենք որևէ կերպ չենք առաջադիմել քաղցկեղի բուժման մեջ:


Վերջին տաս-քսան տարիների ընթացքում ուռուցքային հիվանդություններից ընդհանուր մահացությունը տարբեր տարիքային խմբերում յուրաքանչյուր տարի նվազել է 1%-ով, և այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհում: Բացառություն են համարվում թոքի քաղցկեղը` կանանց մոտ լինելով «կանանց» ծխախոտի յոթանասունականների նորաձևության հետևանք, և լյարդի քաղցկեղը՝ որպես հեպատիտ С վիրուսային վարակի զանգվածային տարածման հետևանք:
 
ՄԻՖ 10. քաղցկեղին հնարավոր չէ հաղթել:

Իհարկե՛, ավելի լավ է կանխել, քան` հաղթել: Ուռուցքային հիվանդությունների կանխարգելումն իր մեջ ներառում է  մի շարք պարզ պահանջներ. անհրաժեշտ է բացառել ծխելը, նվազեցնել ալկոհոլի և կարմիր մսի կիրառումը, ուտել բավարար քանակությամբ մրգեր և բանջարեղեն, հետևել մարմնի քաշին, լինել ֆիզիկապես ակտիվ և մաշկը պաշտպանել արևային այրվածքներից:

Վաղ շրջանում քաղցկեղը բուժվում է, ճիշտ է, այն դժվար է հայտնաբերել, քանի որ որևէ կերպ չի դրսևորվում: Քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի կայքում կարելի է անհատական ռիսկերի թեստավորում անցնել և հասկանալ` երբ դիմել ուռուցքաբանին: Ավելի ուշ շրջանում քաղցկեղը հաճախ հնարավոր չէ բուժել, սակայն շատ դեպքերում բուժումը թույլ է տալիս կանխել հիվանդության առաջընթացը: Ուռուցքային հիվանդությունը դառնում է քրոնիկական, և մարդիկ ապրում են դրանով տասնյակ տարիներ, այնպես որ, որոշ իմաստով, քաղցկեղին մենք հաղթել ենք:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է