Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Ընդհանուր եւ մանկական քիմիոթերապիայի» բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում իր ղեկավարած բաժանմունքի ձեռքբերումների, հիվանդության ճիշտ բուժման ընթացքի վերահսկման եւ քաղցկեղով հիվանդի համար բժիշկ-հիվանդ հոգեբանահուզական հարաբերության մասին:
– Ձեր ղեկավարած բաժանմունքի վերջին տարիների ձեռքբերումները:
– Մեր կենտրոնը եզակիներից է, որ հնարավորություն ունի հիվանդներին ընդունել պետպատվերի շրջանակում: Յուրաքանչյուր ամիս նվազագույնը սպասարկում ենք 600-700 այցելուի: Հիվանդների հոսքը բավականին շատ է եւ պատրաստ ենք պատշաճ սպասարկում ապահովել՝ շնորհիվ մասնագիտական արհեստավարժ անձնակազմի եւ ժամանակակից բուժսարքավորումների: Առողջապահության նախարարության կողմից սահմանված պետպատվերը հնարավորություն է տալիս որոշակի հետազոտություններ իրականացնել եւ հիվանդներին տրամադրել համավճարային կարգով դեղերի ցանկ: Մեր ծառայության ձեռքբերումներից է նաեւ այն, որ բուժման կուրսի համար հիվանդին տրվում է զեղչ: Օրինակ, եթե հաշմանդամ է կամ ընդգրկված է պետական ֆինանսական աջակցության ծրագրում, ապա այս դեպքում բուժման յուրաքանչյուր կուրսի համար տրամադրում ենք դեղերի համար նախատեսված 60 000 դրամ զեղչ, իսկ եթե հիվանդը չունի արտոնություններ, ապա` 30 000 դրամ զեղչ:
– Կենտրոնը հագեցա՞ծ է համապատասխան դեղերով:
– Դեղերի մի քանի տեսակներ կան, որոնք հունվարից կավելանան դեղերի ցանկում՝ ի նպաստ մեր հիվանդների: Դեղերի հարցում բազան գրեթե հագեցած է:
– Բժշկական տեխնիկական հագեցվածությունն ի՞նչ չափանիշներով է գործում:
– Հայաստանում մեր կենտրոնը միակն է, որն ունի ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի հնարավորություն: Բաժանմունքի բոլոր բուժսարքերը վերջին սերնդի են եւ բուժման արդյունքները հիմնականում գոհացուցիչ են: Հիվանդը հնարավորոթյուն ունի մեկ վայրում գտնվելով` անցնել հիվանդության ախտորոշման, քիմիաթերապիայի եւ ճառագայթային բուժման ճանապարհով: Բուժման նման մոտեցումը՝ համակենտրոնացումը մեկ վայրում, շատ կարեւոր է բուժման ելքի համար: Մեր կենտրոնում գործում է լավագույն բժշկական սարքերով հագեցած իմունահիստոքննություն, որը ճշգրիտ տվյալներ է ներկայացնում, իսկ դա խիստ անհրաժեշտ է հիվանդության ախտորոշման եւ բուժման համար:
– Ձեր բաժանմունքում ինչպիսի՞ պայմաններում են բուժվում հիվանդները:
– Բաժանմունքը վերանորոգված է եւ ստեղծված են հարմարավետ պայմաններ: Շատ կարևոր հանգամանքներից է նաև այս գործոնը, քանի որ դրական տրամադրություն է փոխանցվում պացիենտներին: Մեր բաժանմունքում գործում են ստացիոնար եւ ամբուլատոր ծառայություններ: Հիվանդասենյակները կահավորված են անհրաժեշտ ու հարմարավետ պարագաներով: Բուժքույրերի անձնակազմն աշխատում է բարձր մակարդակով եւ այլեւս անցյալում է աշխատակազմի ծանրաբեռնված գրաֆիկով աշխատանքը: Սա նույնպես ծառայության որակյալ սպասարկման համար կարեւոր է: Արդեն գործում է դեղերի հավաքման համար նախատեսված «մեկ կետ» մոտեցումը: Բաժանմունքում տեղակայված է տեղեկատվական տեխնոլոգիայով հագեցած սարք, որն իր մեջ պարունակում է դեղի չափաբաժնի օգտագործման տեղեկություն: Այն փաստաթղթավորվում է, փոխանցվում է դեղերի հավաքման մեկ կետում: Բուժքույրերն իրենց ձեռքի տակ ունեն այդ բազան, որը եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս օգտագործված դեղի չափաբաժնի ճշգրտում եւ բուժանձնակազմի կողմից սխալվելու նվազագույն հավանականություն:
Մեր կողմից լուծվել է եւս մեկ շատ կարեւոր խնդիր՝ հաղթահարել ենք հիվանդների հերթերի գոյացումը: Շատ դժվար է մեկ բաժանմունքում օրվա ընթացքում շուրջ 100 հիվանդի սպասարկումը: Մեր բաժանմունքի դիմելիությունը մեծ է: Այլեւս հիվանդները մեկ սենյակից մյուսը չեն գնում, օրինակ, հետազոտությունից հետո արդյունքները բուժող բժշկին իրենք չեն փոխանցում եւ ժամերով հերթ չեն կանգնում, քանի որ ամբողջ տեղեկատվության բազան կենտրոնացված է էլեկտրոնային համակարգում: Այս մոտեցումն առավել դյուրին եւ օպերատիվ է դարձնում նաեւ բժիշկների աշխատանքը: Արտերկրներից մեզ այցելած գործընկերները զարմացած են մեր այս աշխատանքային ռիթմի վրա եւ հիացած, որ նման ծանրաբեռնվածությունից հերթեր չեն գոյանում ու ցանկություն ունեն կազմակերպել փորձի փոխանակում:
Մեր առանձնահատկություններից է նաեւ այն, որ բուժման համար գործում է «մեկ մոտեցում» սկզբունքը. առաջնային հիվանդների, առանձնահատուկ եւ բարդ դեպքերի համար բուժանձնակազմի կողմից կազմակերպվում է մասնագիտական հատուկ քննարկում` արդյունավետ բուժում իրականացնելու համար: Համատեղ այս մոտեցումը բուժման ընթացքի վերահսկողության համար շատ կարեւոր է:
Շատ կարեւոր է նաեւ բժիշկ-հիվանդ հոգեբանական եւ հուզական ճիշտ հարաբերությունը: Գաղտնիք չէ, որ քաղցկեղով հիվանդները գտնվում են հոգեպես ծանր վիճակում: Մեր բաժանմունքում կան հոգեբաններ, ովքեր անհրաժեշտության դեպքում հիվանդներին ցուցաբերում են հոգեբանական աջակցություն, ինչն օգնում է նրանց հաղթահարելու հիվանդությունը եւ պահպանելու հուզական հավասարակշռվածություն, դրանով իսկ նաև օգնում բժիշկներին` աշխատանքն արդյունավետ կազմակերպելու: Մարդիկ հնարավորություն ունեն նաեւ զրուցելու քաղցկեղը հաղթահարած հիվանդների հետ: Որոշ դեպքերում բժշկի եւ հոգեբանի խոսքը ընկալելի չէ հիվանդի համար, իսկ քաղցկեղը վերապրած հիվանդը, խոսելով հիվանդության մասին, կարողանում է հոգեբանորեն օգնել մեկ այլ հիվանդի, ով նոր է հայտնվել քաղցկեղի ճիրաններում:
– Արտերկրից բուժման նպատակով դիմո՞ւմ են:
– Մեծ թիվ են կազմում սփյուռքահայերը, Ռուսաստանից պացիենտները նույնպես շատ են, քանի որ մեր հոգատորությունն ու մարդկային վերաբերմունքը շատ են կարեւորում:
– Հայաստանից շա՞տ են գնում արտերկիր` բուժման նպատակով:
– Մեր կենտրոնում որակյալ բուժումն ու սպասարկումը վերջին շրջանում, կարելի է ասել, նվազեցրել է օտար երկիր գնալու հանգամանքը: Շատ դեպքեր կան, որ վերադարձել են եւ բուժումը շարունակել մեր բաժանմունքում՝ հասկանալով, որ բուժման մոտեցումն ու պայմանները նույնն են: Միշտ չէ, որ արտերկրում բուժումը կատարվում է գրագետ: Մեր կենտրոնը Հայաստանում միակն է, որն ապահովում է բարձրակարգ բուժում եւ մոտեցում, ներառված է պետպատվեր, անվճար խորհրդատվություն եւ հոգեբանական աջակցություն: