Новости

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումները

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում թե՛ պատմականորեն, և թե՛ ժամանակակից բժշկագիտության շրջանում առայժմ, որպես հիմնական մեթոդ, եղել և մնում է վիրահատական միջամտությունը: Ժամանակի ընթացքում ավելացել են քիմիաթերապիան, հորմոնաթերապիան, ճառագայթային բուժումը և այլն:


Շնորհիվ բուժման նոր մեթոդների զարգացման և քաղցկեղի զարգացման նոր տեսությունների՝ վիրաբուժական մեթոդների առումով բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել. գնալով նվազագույնի են հասցվում վիրահատության ծավալները՝ ըստ անհրաժեշտության:


Անցյալում կար թյուր կարծիք, ըստ որի՝ անկախ ուռուցքի չափսերից, որքան ավելի մեծ տրամագծով հեռացվեն հյուսվածքները, այնքան հիվանդության բուժման արդյունքներն առավել արդյունավետ կլինեն: Վիրահատության ծավալը որոշելիս պետք էր հաշվի առնել կրծքագեղձի և ուռուցքի չափերը, երբեմն նաև՝ կրծքագեղձի մեջ ուռուցքի տեղակայումը:


Ապացուցողական բժշկությունը, որը ներառում է բազմաթիվ բժիշկների և կլինիկաների փորձի ամփոփումը, եկել է եզրահանգման, որ կրծքագեղձն ամբողջությամբ հեռացնելը չի բարելավում բուժման արդյունքները (եթե, իհարկե՛, դրա համար չկան խիստ ցուցումներ, օրինակ՝ կրծքագեղձում մի քանի օջախների առկայությունը): Այսօր նախընտրելի է պարզապես հեռացնել ուռուցքը: Մինչև 2.5 - 3 սմ ուռուցքի դեպքում, եթե կուրծքը շատ փոքր չէ, կարելի է կրծքագեղձից հեռացնել միայն գոյացությունը (առողջ հյուսվածքների սահմաններում), իսկ 3սմ-ից ավելի մեծ չափերի դեպքում ցանկալի է իրականացնել նախավիրահատական բուժում՝ քիմիաթերապիայի կամ, ըստ ցուցումների, հորմոնաթերապիայի միջոցով փոքրացնել ուռուցքը, հասցնել հնարավորինս փոքր չափերի, այնուհետև վիրահատել՝ պահպանելով կրծքագեղձը: Իհարկե՛, նախապես հարկ է ուռուցքի բիոփսիա կատարել, մանրամասն տվյալներ ստանալ դրա մասին՝ ճիշտ բուժում իրականացնելու համար: Հաճախ լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիայի ամբողջ կուրսը հիվանդը ստանում է նախավիրահատական շրջանում, և վիրահատությունից հետո մնում է միայն ճառագայթային բուժումը: Վերջինս շատ կարևոր նշանակություն ունի օրգանպահպան (այսինքն՝ կուրծքը չհեռացնելու) վիրահատությունների դեպքում, քանի որ ամրապնդում է տեղային բուժման արդյունավետությունը:


Հարկ  է նշել, որ մեր պրակտիկայում իրականացնում ենք ուռուցքի նշագրում միկրոինվազիվ մեթոդով: Այն կատարվում է նախավիրահատական շրջանում՝ բիոփսիայի ժամանակ, ՈՒՁՀ հսկողության տակ: Այսինքն, ուռուցքի եզրերին կամ անմիջապես նրա մեջ տեղադրվում են հատուկ մետաղից փոքրիկ մարքերներ, որոնք հետագայում պարզ երևում են մամոգրաֆիայի ժամանակ: Դա թույլ է տալիս հետևել ուռուցքի չափերի փոփոխվելուն դեղորայքային բուժման ընթացքում: Նույնիսկ, եթե ուռուցքն այնքան փոքրանա, որ այլևս չշոշափվի կամ չհայտնաբերվի սոնոգրաֆիայով ու մամոգրաֆիայով, տեղադրված այդ մարքերների շնորհիվ մեզ հայտնի է դառնում առաջնային ուռուցքի տեղակայումը (ինչպես պատկերված է նկարներում՝ քիմիաթերապիայից առաջ և հետո):


Իսկ սա շատ կարևոր է օրգանպահպան վիրահատության դիմելիս: Այս մեթոդը սկսեցի կիրառել Ավստրիայում և Շվեյցարիայում վերապատրաստվելուց հետո: Այսօր ամբողջ աշխարհում այս մոտեցումը լայնորեն կիրառվում է: Վիրահատությունից հետո ստացված արդյունքը հսկողության տակ պահելու նպատակով, սովորաբար, ուռուցքը հեռացնելուն պես ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության՝ պարզելու ուռուցքի եզրերի “մաքրությունը”, այսինքն, զե՞րծ են արդյոք հյուսվածքներն ուռուցքային բջիջներից: Բացի այդ, երբեմն անհրաժեշտ է լինում հեռացված ուռուցքի շրջանում տեղադրել հատուկ մետաղական կլիպսեր, որոնք հետագայում ճառագայթային թերապևտին հուշում են ուռուցքի նախկին տեղակայումը: Սա թույլ է տալիս, որ ճառագայթային թերապիան ավելի դիպուկ և նպատակային լինի, և ճառագայթները հասնեն հենց ուռուցքի հեռացված հատվածին՝ հետագայում դրա կրկնվելուց խուսափելու համար: Կրծքագեղձը պահպանելուց բացի կարևոր է նաև նրա արտաքին էսթետիկ տեսքի պահպանումը: Օնկոպլաստիկայի օրենքներին հետևելով և, պարզապես, ճիշտ, ու հաճախ ոչ խորամանկ կտրվածքներ կատարելով, կարելի է նվազագույնի հասցնել գեղձի դեֆորմացիան, հմտորեն թաքցնել հետվիրահատական սպին: Ամբողջ աշխարհում և, ցավոք, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում, այսինքն՝ շատանում են դեպքերը, երբ հիվանդությունը հանդիպում է ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30 տոկոսը հանդիպում է վերարտադրողական տարիքում: Սովորաբար, երիտասարդ կինը շատ ծանր է տանում կրծքագեղձի կորուստը: Այս ամենը հաշվի առնելով՝ առավել շատ է կարևորվում, հնարավորության դեպքում, կրծքագեղձի քաղցկեղը բուժել առանց կրծքագեղձի հեռացման:

Հեղինակ՝

Արթուր Ավետիսյան, բ.գ.թ., կրծքագեղձի վիրաբույժ, գլխավոր բժիշկ


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է