Новости

Մասնագիտական այրման համախտանիշ

Մասնագիտական այրման համախտանիշը զարգանում է քրոնիկական սթրեսի ֆոնի վրա՝ բերելով աշխատող մարդու հուզական-էներգետիկ և անձնական ռեսուրսների սպառման: Մասնագիտական այրումն առաջանում է բացասական հույզերի ներքին կուտակման արդյունքում՝ առանց համապատասխան ՛՛լիցքաթափման՛՛ կամ նրանցից ՛՛ազատման՛՛:


1981թ. Է.Մորոուն (A. Morrow) վառ հուզական կերպար առաջարկեց, որն, իր կարծիքով, արտացոլում էր մասնագիտական այրման դիսթրեսի մեջ գտնվող աշխատողի ներքին վիճակը .՛՛Այրվող հոգեբանական հաղորդալարի հոտը՛՛:


Բժիշկ-ուռուցքաբաններն ու ուռուցքաբանական բաժանմունքի միջին բուժանձնակազմը խիստ հակված են այս համախտանիշին: Նման եզրակացության համար հիմք են հանդիսանում ինչպես ընդհանուր պատճառները, որոնք բնորոշ են բոլոր կատեգորիայի աշխատողների մոտ «մասնագիտական այրման» ի հայտ գալուն, այնպես էլ նրանց գործունեության բնույթով պայմանավորված առանձնահատկությունները:


Ընդհանուր պատճառներից են.

    տարբեր մարդկանց հետ ինտենսիվ շփումը, այդ թվում բացասաբար տրամադրված; աշխատանքը փոփոխվող պայմաններում, բախումն անկանխատեսելի հանգամանքներին; կյանքի առանձնահատկությունները մեգապոլիսում, հասարակական վայրերում մեծաքանակ անծանոթ մարդկանց հետ ստիպողական շփման և հաղորդակցման պայմանները, սեփական առողջության բարելավման նպատակով հատուկ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակի և միջոցների բացակայությունը: 

Հատուկ պատճառներին  կարելի է դասել.

    մասնագիտական բնույթի(կարիերայի աճ) և աշխատանքային պայմանների (անբավարար աշխատավարձ, աշխատավայրի վիճակը, հաջող և որակյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և դեղորայքի բացակայությունը) հետ կապված խնդիրները; որոշ դեպքերում հիվանդներին օգնություն ցուցաբերելու անհնարինությունը ; ավելի բարձր մահացություն քան մյուս բաժանմունքների մեծամասնությունում; հիվանդների և նրանց հարազատների ազդեցությունը, որոնք ձգտում են սեփական հոգեբանական խնդիրները լուծել բժշկի հետ շփման հաշվին; վերջին ժամանակների միտումը՝ հիվանդի մահվան դեպքում նրա հարազատների իրավական պահանջներով, հայցերով, գանգատներով հանդես գալու սպառնալիքը:

Մասնագիտական այրումը քիչ է վերաբերում այն մարդկանց , ովքեր մասնագիտական սթրեսը հաղթահարելու հաջող փորձ ունեն և լարված իրավիճակներում կարողանում են կառուցողականորեն փոխվել: Բացի այդ, դրան առավել կայուն դիմակայում են բարձր ինքնագնահատական և սեփական հնարավորությունների և ունակությունների նկատմամբ ինքնավստահ անձիք: Մասնագիտական այրման նկատմամբ կայուն մարդկանց կարևոր տարբերակիչ գծերից է հանդիսանում իրենց մեջ դրական, լավատեսական արժեքների և վերաբերմունքի ստեղծման ու պահպանման ունակությունը՝ ինչպես սեփական անձի նկատմամբ, այնպես էլ այլ անձանց և կյանքի նկատմամբ առհասարակ:


Ըստ Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ն.Վ. Սամոուկինայի տվյալների՝ մասնագիտական այրման համախտանիշը կազմող ախտանիշները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ հոգեֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և վարքագծային:


Մասնագիտական այրման համախտանիշի հոգեֆիզիկական ախտանիշներից են.

    մշտական, համառ հոգնածության զգացումը ոչ միայն երեկոյան ժամերին, այլ նաև առավոտյան՝ քնից անմիջապես հետո (քրոնիկական հոգնածության ախտանիշ); հուզական և ֆիզիկական հյուծվածության զգացողությունը; արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ ընկալունակության և արձագանքելու ունակության նվազումը (նորարարական գործոնների նկատմամբ հետաքրքրասիրության կամ վտանգավոր իրավիճակներում վախի բացակայություն); ընդհանուր ասթենիզացիան (թուլություն, էներգիայի և ակտիվության նվազում, արյան բիոքիմիական և հորմոնալ ցուցանիշների վատթարացում); հաճախակի առանց պատճառի գլխացավերը; աղեստամոքսային ուղու մշտական խանգարումները; քաշի կտրուկ նվազումը կամ ավելացումը; լրիվ կամ մասնակի անքնությունը (արագ քուն մտնելը և վաղ առավոտյան քնի բացակայությունը՝ սկսած ժամը 4-ից, կամ ընդհակառակը, երեկոյան դժվար քուն մտնելը՝մինչև 2-3 ժամ, և առավոտյան դժվար արթնանալը, երբ անհրաժեշտ է աշխատանքի գնալ); մշտական արգելակված, քնկոտ վիճակը և ողջ օրվա ընթացքում քնելու ցանկությունը; հուզական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոցը կամ շնչառության խանգարումը; արտաքին և ներքին սենսոր զգացողության նկատելի նվազումը. տեսողության, լսողության, հոտառության և շոշափելիքի վատթարացում, ինչպես նաև ներքին և մարմնական զգացողությունների կորուստ:

Մասնագիտական այրման սոցիալ-հոգեբանական ախտանիշներին են պատկանում այնպիսի տհաճ զգացողություններն ու ռեակցիաները, ինչպիսիք են.

    անտարբերությունը, տխրությունը, պասիվությունն ու դեպրեսիան (իջած հուզական տոնուսը, ընկճվածության զգացումը); աննշան, փոքր միջադեպերի նկատմամբ արտահայտված դյուրագրգռությունը; հաճախակի նյարդային ՛՛պոռթկումները՛՛ (բարկության չհիմանվորված բռնկումները կամ հաղորդակցումից հրաժարվելը, ինքնամփոփ դառնալը); մշտապես բացասական հույզերի վերապրումը, որոնց համար արտաքին իրավիճակում պատճառներ չկան (մեղքի, նեղացվածության, կասկածամտության, ամոթի, կաշկանդվածության զգացումը); չգիտակցված անհանգստության և բարձր տագնապի զգացումը (զգացողություն, որ ինչ-որ մի բան այնպես չէ, ինչպես պետք է լինի); գերպատասխանատվության կամ մշտական վախի զգացումը, որ ՛՛ չի ստացվի՛՛ կամ տվյալ անձը ՛՛ չի կարողանա՛՛; կյանքի և մասնագիտական հեռանկարների նկատմաբ ընդհանուր բացասական տրամադրվածությունը ( "Որքան ուզում ես փորձի, միևնույնն է չի ստացվի" տարբերակով):

Մասնագիտական այրման վարքագծային ախտանիշներին են  վերաբերում աշխատողի հետևյալ արարքներն ու վարքի ձևերը.

    զգացողություն, որ աշխատանքը գնալով ծանրանում է , իսկ այն կատարելը՝  դժվարանում  ; աշխատակիցը նկատելիորեն փոխում է իր օրվա աշխատանքային ռեժիմը (վաղ է գալիս աշխատանքի և գնում է ուշ, կամ ընդհակառակը, ուշ է գալիս աշխատանքի և շուտ գնում); անկախ օբյեկտիվ անհրաժեշտությունից՝ աշխատակիցը մշտապես աշխատանքն իր հետ տուն է տանում, սակայն տանն այն ևս չի կատարում; ղեկավարը հրաժարվում է որոշումներ կայացնելուց՝ ձևակերպելով տարբեր պատճառներ իրեն և մյուսներին բացատրություններ տալու համար; թերարժեքության զգացում, իրավիճակի բարելավման նկատմամբ թերահավատություն, աշխատանքի նկատմամբ ոգևորության նվազում, արդյունքների նկատմամբ անտարբերություն; կարևոր, առաջնահերթ խնդիրները հետաձգելը և մանր խնդիրներով երկար ժամանակ զբաղվելը, ինչպես նաև  ծառայողական պահանջներին չհամապատսխանող աշխատանքային ժամանակի  մեծ մասը քիչ գիտակցված կամ չգիտակցված ավտոմատ և տարրական գործողությունների վրա ծախսելը:

Եթե Դուք ձեր կամ ձեր գործընկերների մոտ նկատում եք այս ախտանիշները, անհրաժեշտ է կատարել մի շարք գործողություններ, որոնք կպաշտպանեն ձեր հոգեկանը համախտանիշի վնասակար ազդեցությունից: Առաջին հերթին Ձեզ հանգիստ է հարկավոր: Մտածեք այդ մասին ինքներդ և բացատրեք դա ձեր ղեկավարին. առանց այդ հնարավորության դուք չեք կարող լիարժեք կատարել ձեր աշխատանքը: Փորձեք գիտակցաբար վերաբերել «սահմանային» իրավիճակին. չէ որ դուք այդ ժամանակ հատում եք ձեր անձնական և մասնագիտական կյանքի միջև գոյություն ունեցող անտեսանելի սահմանը: Փորձեք գիտակցել այդ պահը աշխատանքի գնալիս և նորից վերադարձեք այդ մտքին տուն վերադառնալիս: Ասացեք ինքներդ ձեզ, որ աշխատանքը դա ձեր ողջ կյանքը չէ. այնտեղ դուք կատարում եք որոշակի պարտականություններ և լուծում եք կարևոր խնդիրներ, սակայն աշխատանքից տուն գնալիս դուք չպետք է ձեր հոգում կրեք խնդիրների ողջ բեռը:


Աշխատանքային օրվա ընթացքում աշխատունակության բարձրացման գործոններ կարող են հանդիսանալ.

    սիրելիների, հիշարժան վայրերի լուսանկարները, գեղեցիկ բնանկարները, որոնք անհրաժեշտ է ոչ միայն պարզապես տեղադրել աշխատավայրում, այլ նաև երբեմն մի քանի վայրկյանով նայել դրանց, կարծես «տեղափոխվելով» առավել հարմարավետ և հաճելի միջավայր; աշխատանքային օրվա ընթացքում առնվազն 2 անգամ 5-10 րոպեով մաքուր օդ դուրս գալու հնարավորությունը; ցիտրուսային հոտը (այն կարող է լինել սաշե կամ այլ անուշաբույր, կամ պարզապես մանդարին, նարինջ կամ մեկ բաժակ հյութ, որը դուք չեք մոռացել ձեզ հետ աշխատավայր վերցնել); «սպիտակ թերթի» հնարքը. նստեք, փակեք աչքերը և պատկերացրեք սպիտակ թերթ, որի վրա ոչինչ գրված չէ, փորձեք որքան կարող եք երկար ժամանակ այդ պատկերը մտապահել՝ առանց որևէ այլ բանի մասին մտածելու և որևէ այլ պատկեր պատկերացնելու; խորը շնչառություն, որի ժամանակ ամեն հաջորդ ներշնչումից առաջ մի քանի վայրկյան պահեք շնչառական մկանների հերթական շարժումները  (լավ կլինի այդ ժամանակ «որովայնով» շնչել):

Այրման համախտանիշի կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունեն նաև հետևյալ եղանակները.

    "time-out" կիրառում, որն անհրաժեշտ է հոգեկան և ֆիզիկական բարեկեցությունն ապահովելու համար (աշխատանքից հանգստանալ);

    կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանում (այն ոչ միայն ապահովում է հետադարձ կապը, որը վկայում է, որ մարդը գտնվում է ճիշտ ճանապարհի վրա, այլ նաև բարձրացնում է երկարաժամկետ մոտիվացիան; կարճաժամկետ նպատակներին հասնելը հաջողություն է, որը բարձրացնում է ինքնակառավարման աստիճանը);

    ինքնակառավարման հմտություններին և սովորույթներին տիրապետելը (թուլացումը, իդեոմոտոր ակտերը, նպատակների սահմանումը և ներքին դրական խոսքը նպաստում են այրման հանգեցնող սթրեսի մակարդակի իջեցմանը);

    մասնագիտական զարգացումն ու ինքնակատարելագործումը (այրման համախտանիշի պաշտպանության եղանակներից  է հանդիսանում գործընկերների հետ  մասնագիտական տեղեկատվության փոխանակումը, որն առավել մեծ աշխարհի զգացողություն է տալիս քան այն, որ գոյություն ունի առանձին կոլեկտիվի ներսում. դրա համար գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ որակավորման բարձրացման կուրսեր, գիտաժողովներ և այլն);

    ավելորդ մրցակցությունից խուսափելը (լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չէ խուսափել մրցակցությունից, սակայն չափից դուրս հաղթանակին ձգտելը  բերում է տագնապի առաջացման, որը մարդուն դարձնում է ագրեսիվ, ինչն էլ նպաստում է այրման համախտանիշի ծագմանը);

    հուզական շփումը (երբ մարդ վերլուծում է սեփական զգացմունքները և կիսվում  նրանցով ընկերների հետ, այրման համախտանիշի հավանականությունը զգալիորեն նվազում է կամ էլ այնքան արտահայտված չի լինում), բացի այդ կարևոր է ունենալ ընկերներ նաև այլ մասնագիտական ոլորտներից, որպիսի հնարավոր լինի որոշ ժամանակով կտրվել աշխատանքից;

    լավ ֆիզիկական վիճակի պահպանումը (չպետք է մոռանալ, որ մարմնի և բանականության միջև գոյություն ունի սերտ կապ. անկանոն սնունդը, սպիրտային խմիչքների, ծխախոտի չարաշահումը խորացնում են այրման համախտանիշի դրսևորումները):

Այս եղանակներն օգնում են հանել րոպեական լարվածությունը, ձեր աշխարհընկալման հոգեբանական ֆոնը բժիշկ-ուռուցքաբանի համար շատ դեպքերում պայմանավորված է կյանքի նկատմամբ նրա փիլիսոփայական վերաբերմունքով, նրա հասկացողությամբ, թե մարդ ինչ է կարող և ինչ չի կարող փոխել: Իհարկե յուրաքանչյուր իրավիճակ ունիկալ է, և սթրեսի, հոգնածության ընկալումը, սեփական անձից և աշխատանքից դժգոհությունները հիմնված են խնդիրների ունիկալ համալիրի վրա, որն առանձնահատուկ է յուրաքանչյուրի համար:

Սամոուկինա Ն.Վ. (Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանության ինստիտուտ) Մասնագիտական այրման համախտանիշ, «Մեդիցինսկայա գազետա» №43 – 8 հունիսի 2005 թ.


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է