Նոր բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերազինում է իր վիրահատարանները։ Կենտրոնը ձեռք է բերել 8 նոր ժամանակակից վիրահատական սեղաններ, որոնցից հինգը արդեն տեղադրվել են, իսկ 3-ը կառաքվեն ավելի ուշ։
Հարկ է նշել, որ ՈՒԱԿ-ի վիրահատարանների մի մասում դեռ պահպանվում էին հին, ստեղծման օրվանից տեղադրված վիրահատական սեղանները, և դրանց փոխարինումը ուղղակի կենսական անհրաժեշտություն էր։ Նոր սեղանները անհամեմատ հեշտացնում են վիրաբուժական թիմի աշխատանքը։
Ինչպես պարզաբանեց ՈՒԱԿ-ի Վիրահատարանի վարիչ Վարդան Ղազարյանը, նոր հեռակառավարվող սեղանները համապատասխանում են ժամանակակից վիրաբուժության բոլոր պահանջներին, և կարող են կիրառվել ինչպես բաց, այնպես էլ էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ։
Այսպես, փոփոխվում է ոչ միայն սեղանի բարձրությունը, այլև դիրքը, ինչը վիրաբույժի համար ավելի լավ տեսանելիություն է ապահովում։ Այն կարող է թեքվել, պացիենտի պարանոցի, գոտկատեղի և ծնկահոդի հատվածից կարող է ծալվել, կարող է վերածվել աթոռի, ինչը շատ հարմար է գլխուղեղի որոշ վիրահատությունների համար։
Հատուկ ոտնակների շնորհիվ սեղանը կարող է օգտագործվել ուրոլոգիական և գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ։ Այն շատ հարմար է նաև կրծքագեղձի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների համար։