Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է պետական սքրինինգային ծրագրի շրջանակում և հասանելի է անվճար՝ 45–68 տարեկան կանանց համար։
Ծրագրի նպատակն է ապահովել հիվանդության վաղ փուլում հայտնաբերումը և բարձրացնել բուժման արդյունավետությունը՝ նվազեցնելով առաջադեմ փուլերում ախտորոշման դեպքերը։
Ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը
Սքրինինգը նախատեսված է այն կանանց համար, ովքեր չունեն ախտանշաններ կամ գանգատներ, սակայն պատկանում են ռիսկային տարիքային խմբին։
Հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել հիվանդությունը դեռևս նախնական փուլում, երբ բուժման հաջողության հավանականությունը ամենաբարձրն է
Ովքե՞ր կարող են մասնակցել
Սքրինինգային ծրագրին կարող են մասնակցել ՀՀ 45–68 տարեկան քաղաքացիներ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերից որևէ մեկում՝
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված կամ սոցիալապես անապահով ճանաչված անձինք,
- հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի),
- զինծառայողներ, փրկարարներ և նրանց ընտանիքների անդամներ,
- փախստականներ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
- թրաֆիքինգի կամ ընտանեկան բռնության դեպքերից տուժած անձինք,
- սոցիալական փաթեթի շահառուներ,
- ժամանակավոր օթևանների և սոցիալական պաշտպանության հաստատությունների շահառուներ,
- օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ։
Ծրագրի շրջանակը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը և ապահովում է հավասար հասանելիություն այն կանանց համար, ովքեր վերը նշված խմբերում են ընդրկված։ Շահառու կանանց շրջանակը հետագայում ընդլայնվելու է։
Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան
Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգենյան հետազոտություն է, որն իրականացվում է ժամանակակից սարքավորումների միջոցով։
Հետազոտության գործընթացը․
- Տևում է մոտ 10–15 րոպե,
- Կրծքագեղձը տեղադրվում է երկու թիթեղների միջև՝ պատկերի ստացման համար,
- Թեթև սեղմումը թույլ է տալիս ստանալ հյուսվածքների մանրամասն պատկեր։
Հետազոտությունը կարող է առաջացնել կարճատև անհարմարություն։ Մամոգրաֆիկ նկարները գնահատում են երկու անկախ ճառագայթաբաններ՝ ապահովելով առավել հուսալի արդյունք
Ի՞նչ քայլերով անցնել հետազոտությունը
- Դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին՝ անցնելու կրծքագեղձի զննում և հերթագրվելու մամոգրաֆիկ հետազոտության համար։
- Ստանալ տեղեկատվական նյութեր՝ ինքնազննման տեխնիկայի վերաբերյալ։
- Անցնել մամոգրաֆիկ հետազոտություն, որի պատասխանը տրամադրվում է 5–7 օրում։
- Արդյունքները ստանալ ընտանեկան բժշկի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։
Եթե անհրաժեշտ է, իրականացվում են նաև լրացուցիչ անվճար հետազոտություններ՝ կրկնակի մամոգրաֆիա, սոնոգրաֆիկ հետազոտություն, կասկածելի գոյացության բիոպսիա, հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական քննություն։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության առաջատար կենտրոնն է իր բազմամյա փորձով, որտեղ 2021 թվականից սկսած է իրականացվել ծրագիրը։ Կենտրոնում մատուցվում են ոչ միայն մամոգրաֆիկ հետազոտություններ, այլև անհրաժեշտության դեպքում կատարվում են լրացուցիչ ախտորոշիչ և բուժական միջամտություններ՝
- ուռուցքաբանի խորհրդատվություն,
- թվային մամոգրաֆիա տոմոսինթեզով,
- կրծքագեղձերի և ավշահանգույցների սոնոգրաֆիկ հետազոտություն,
- բիոպսիա և հյուսվածաբանական քննություն,
- իմունոհիստոքիմիական ուսումնասիրություն։
Բոլոր նշված ծառայությունները սքրինինգային ծրագրի շրջանակում մատուցվում են ԱՆՎՃԱՐ, առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգով։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ապահովում է մասնագիտական բարձր որակ, ժամանակակից սարքավորումներով հագեցած միջավայր և փորձառու մասնագետների թիմ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման ամբողջական շղթան։
Ծրագրի արդյունքները
2022–2024 թթ․ պետական ծրագրի շրջանակում իրականացվել են հազարավոր հետազոտություններ և բուժումներ։ Տարեցտարի աճում է կանանց ընդգրկվածությունը, հատկապես մարզերում։ Բուժման դեպքերի շուրջ 52%-ը գրանցվել է Երևանում, իսկ 48%-ը՝ մարզերում, ինչը վկայում է ծառայության հավասար հասանելիության մասին։
Ծրագրի նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր կին անցնի կանխարգելիչ հետազոտություն ժամանակին՝ կանխելով հիվանդության զարգացումը և բարձրացնելով բուժման հաջողությունը։

