Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով
ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։
Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ աղու ստորին ամպուլյար հատվածի քաղցկեղ։
Պացիենտին ցուցված է եղել վիրահատական միջամտություն՝ մշտական կոլոստոմայի ձևավորմամբ, սակայն վերջինս հրաժարվել է այդ տարբերակից։ Որպես այլընտրանք՝ ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանն իրականացրել է էնդոսկոպիկ վիրահատություն (EFTR (Endoscopic Full-Thickness Resection)՝ ուղիղ աղու պատի ամբողջ հաստությամբ ռեզեկցիայով։
Դեպքն առանձնահատուկ է, քանի որ վիրահատության ընթացքում հաջողվել է ամբողջությամբ հեռացնել գոյացությունը՝ պահպանելով աղիների բնականոն հունը և խուսափելով մշտական կոլոստոմայի ձևավորումից։
Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվող ժամանակակից էնդովիրաբուժական և էնդոսկոպիկ միջամտությունները հնարավորություն են տալիս նույնիսկ բարդ կլինիկական դեպքերում կիրառել օրգանապահպան մոտեցումներ՝ ապահովելով բուժման արդյունավետությունն ու հիվանդի կյանքի որակի պահպանումը։




