Ուռուցքաբանության ազգային կենտրոնը առաջինը Հայաստանում ներդրել է միկրոալիքային աբլյացիայի մեթոդը․ 168.am
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրումը։ Կենտրոնի բժիշկները առաջին անգամ Հայաստանում սկսել են կիրառել փափուկ հյուսվածքների չարորակ գոյացությունների և մետաստազների բուժման գերժամանակակից, քիչ ինվազիվ մեթոդ՝ միկրոալիքային աբլյացիա:
Ինչպես պարզաբանեց ՈւԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետ Պետրոսյանը, ամենից հաճախ այս մեթոդը կիրառվում է լյարդի քաղցկեղի դեպքում, բայց կարող է օգտագործվել ինչպես ոսկրերի, երիկամների, վահանագեղձի, շագանակագեղձի և այլ օրգանների քաղցկեղի բուժման համար, այնպես էլ պալիատիվ ցավազրկման նպատակով։ Միկրոալիքային աբլյացիան կատարվում է բաց, լապարասկոպիկ և միջմաշկային եղանակներով։
Բժշկի խոսքով՝ անշուշտ, ցանկացած չարորակ գոյացության ամենաարդյունավետ մեթոդը վիրաբուժական հեռացումն է, սակայն այն ոչ միշտ է հնարավոր՝ հիվանդության ուշ փուլերի, ուղեկցող հիվանդությունների կամ հիվանդի՝ թույլ լինելու պատճառով։ Մասնավորապես՝ լյարդում ուռուցքի դեպքերի մեծ տոկոսը ոչ վիրահատական է համարվում ուշ հայտնաբերման կամ ուղեկցող ցիրոզի պատճառով։ Այդպիսի հիվանդների համար բուժման հիմնական մեթոդներներն են աբլյացիան և քիմիաէմբոլիզացիան, որոնք շատ հաճախ կիրառվում են միասին։ Աբլյացիան կարելի է կիրառել բուժման և՛ որպես ինքնուրույն, և՛ լյարդի մասնահատման հետ զուգակցված մեթոդ։
Աբլյացիան նաև գերադասելի բուժման մեթոդ է լյարդի բազմակի փոքր ուռուցքների, ինչպես նաև լյարդում՝ այլ տեղակայման քաղցկեղների մետաստազների առկայության դեպքում: Այն գերադասելի է նաև այն դեպքերում, երբ ուռուցքները տեղակայված են մեծ անոթների մոտ:
Որպես երիկամի վաղ փուլի քաղցկեղի բուժման մեթոդ միջմաշկային միկրոալիքային աբլյացիայի արդյունքները համեմատելի են երիկամի լապարասկոպիկ մասնահատման արդյունքների հետ։ Միջմաշկային միկրոալիքային աբլյացիան կիրառվում է նաև թոքի՝ ոչ վիրահատական քաղցկեղի և մետաստազների բուժման համար։ Ոսկրերի քաղցկեղի բուժման նպատակով միկրոալիքային աբլյացիան կիրառվում է, եթե ճառագայթային բուժումն ինչ-ինչ պատճառներով անհնար է։
Այս մեթոդի ներազդման սկզբունքը նույնն է, ինչ մեզ հայտնի միկրոալիքային վառարաններում․ միկրոալիքային ճառագայթման ազդեցությամբ տեղի է ունենում քաղցկեղային հյուսվածքների տաքացում և մեռուկացում։
Այսպես՝ ուռուցքային օջախի մեջ մտցնում են միկրոալիքներ ճառագայթող էլեկտրոդ (անտենա)։ Այդ ալիքների ազդեցությամբ ջրի մոլեկուլները սկսում են արագ պտտվել՝ առաջացնելով քաղցկեղային հյուսվածքի հավասարաչափ տաքացում, ինչը բերում է դրա քայքայմանը։
Մինչև վերջերս աբլյացիայի հիմնական մեթոդ էր համարվում ռադիոհաճախային եղանակը։ Սակայն վերջին տարիներին միկրոալիքային աբլյացիան մի շարք առավելությունների շնորհիվ ավելի լայն կիրառում ստացավ։ Մասնավորապես՝ ՈւԱԿ-ի ձեռք բերած միկրոալիքային աբլյացիայի Solero համակարգը ճառագայթում է 2.45 գիգահերց տիրույթում և ապահովում է․
- հյուսվածների 150-200 աստիճանի տաքացում, 5-6 սմ չափերով նորագոյացության քայքայում , քայքայումը տեղի է ունենում շատ կարճ ժամանակամիջոցում՝ 3-5 րոպե:
Solero համակարգը մի շարք առավելություններ ունի նաև այլ միկրոալիքային համակարգերի հետ համեմատ։ Դա ամենաբարակ էլեկտրոդն է (2 մմ), գերհզոր գեներատորը (140 վատտ), սառեցման արդյունավետ համակարգը և պասիվ էլեկտրոդի անհրաժեշտության բացակայությունը, ինչի շնորհիվ այն համատեղելի է պեյսմեյկերների և այլ սարքերի հետ։
Արդեն ապացուցված է՝ միկրոալիքային աբլյացիայի մեթոդը
- անվտանգ է, հեշտ է կիրառման մեջ արդյունավետ է ուռուցքային հիվանդությունների բուժման համար։
Մահվան դեպքերի բացակայությունը, կիրառումից հետո առաջացած բարդությունների փոքր թիվը ապացուցում են այս մեթոդի առավելությունը՝ քաղցկեղի բուժման նմանատիպ ոչ ինվազիվ տեխնոլոգիաների հետ համեմատ։