Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել իր գործընկերային հարաբերությունները
Հայկական պատվիրակությունը ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է 6-րդ Ռուս-հայկական առողջապահական ֆորումին։
Պատվիրակության կազմում էին նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, տնօրենի առաջին տեղակալ Արամ Ջիլավյանը և Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Խանոյանը, ովքեր ֆորումի ընթացքում հանդես են եկել զեկույցներով:
Ֆորումի մասնակիցները կիսվել են իրենց փորձով, մասնավորապես՝ Covid-19-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման, բժշկական անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև ուռուցքաբանական ծառայության կազմակերպման գործում:
Ֆորումի շրջանակում ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ ԱՆ նախարար Միխաիլ Մուրաշկոյի մասնակցությամբ ստորագրվել է Համագործակցության հուշագիր Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈՒԳԿ) և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև:
Ֆորումի ավարտին հայկական պատվիրակությունը ծանոթացել է Բլոխինի անվան ՈՒԳԿ-ի Կլինիկական և փորձարարական ռադիոլոգիայի ԳՀԻ-ի հնարավորություններին, որտեղ այսօր համատեղված են միջուկային բժշկության բոլոր հնարավորությունները, այցելել Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ԳՀԻ, որտեղ կիրառվում են մանկական քաղցկեղի դեմ պայքարի բոլոր առաջատար տեխնոլոգիաները։