Новости

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի, այնպես էլ նրա կենսակերպի վրա՝ անկախ այն բանից, թե որ օրգանում է առաջացել ուռուցքը։  Դա կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղ, գինեկոլոգիական, ստամոքսի, աղիների և այլ օրգանների քաղցկեղ։ Շատ հիվանդներ ստանում են քիմիաթերապիա, որն ուղեկցվում է կողմնակի երևույթներով՝ ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով։ Երբեմն աղիների քաղցկեղի ժամանակ  որովայնի առաջային պատին կոլոստոմայի ձևավորման  կարիք է լինում, այդ թվում նաև` երիտասարդ կանանց մոտ։ Հաճախ նեֆրոստոմա է դրվում և հիվանդները որոշ ժամանակ լինում են «խողովակներով»։ Հասկանալի է, որ մարդու համար ծանր է հաղթահարել սեփական հիվանդության ֆիզիկական դրսևորումները։ Ոչ-ոք խնդիրները չի բացառում, սակայն, ցավոք, դրանք բժշկի հետ չեն քննարկվում, ձգտում են խնդիրների վրա ուշադրություն չդարձնել, մի կերպ  «շրջանցել» ինտիմ կյանքի հարցերը։


Խնդիրները հաղթահարելու համար, առաջին հերթին, պետք է հասկանալ, որ կյանքը բուժման ընթացքում և դրանից հետո չի ավարտվում։ Այն շարունակվում է, պարզապես պետք է այլ կերպ դասավորել նախապատվությունները։ Իրավամբ, կինը սովոր է իրեն գեղեցիկ, գրավիչ զգալ, իսկ այդ ժամանակ նա թույլ է, նիհարած կամ` ընդհակառակը, բուժման յուրահատկությամբ պայմանավորված՝ ավելորդ քաշով։ Ինչևէ, կյանք է, սակայն` մի փոքր այլ կյանք։ Եվ ահա այստեղ գալիս է ճշմարտության պահը, երբ շատ կարևոր է զուգընկերների փոխըմբռնումը։


Ցավոք, մեր մշակույթի մեջ ընդունված չէ այդ թեմաները քննարկել ընտանիքում։ Դրանք չեն քննարկվում, կարծես խնդիրներ, ընդհանրապես, չկան, կամ`անհարմար են զգում այդ թեմայի շուրջ խոսել: Զուգընկերն, իր հերթին, չգիտի՝ ինչ կարելի է իրեն թույլ տալ, նա նույնպես վախենում է նեղացնել զուգընկերոջը, վախենում է նեղացնել։ Շատերի համար խոսելն ավելի ծանր է, քան իրավիճակի հետ հարմարվելը։


Այնինչ, պետք է ազատ խոսել այդ մասին։ Պետք չէ ամաչել հարազատ մարդուց, այլ պետք է քննարկել և միասին գտնել խնդրի լուծման ճանապարհներ։ Այստեղ գլխավորը որոշումները միասին կայացնելն է։


Շատ կարևոր է ուռուցքաբանի մոտ ընդունելության ժամանակ անկաշկանդ զրույցը։ Բժիշկը միշտ չէ, որ զրույցի ժամանակ խոսում է ամուսինների ինտիմ կյանքի հետ կապված խնդիրների մասին։ Երբեմն բժիշկը բավարարվում է նրանով, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, ուրեմն ամեն ինչ լավ է: Սակայն հիվանդի կյանքի որակը չի որոշվում միայն նրանով, որ նա պառկած չէ, կամ կարող է քայլել։ Կյանքի որակը ներառում է նաև ինտիմ կյանքը։ Հարկ է, որ բժիշկներն այս թեմայով զրուցեն հիվանդների հետ, իսկ կանայք և տղամարդիկ չամաչեն ու չխուսափեն դրանից, իսկ անհրաժեշտության դեպքում` հարցեր տան։ Այնուամենայնիվ, ամենագլխավորը, զուգընկերոջ հետ շփումն է, երբ կարելի է քննարկել և գտնել ինտիմ կյանքով ապրելու տարբերակներ:


Սովորաբար, կանայք ավելի ցավոտ են տանում բուժման հետ կապված ֆիզիկական խնդիրները, քան` տղամարդիկ։ Կնոջ համար ողբերգություն է կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ կուրծքը կորցնելը։ Նույնիսկ քիմիքթերապիայի ֆոնին առաջացած մազերի կորուստը կարող է դեպրեսիա առաջացնել։ Սակայն, դրան պետք է վերաբերվել այնպես, որ դա ընդամենը հիվանդություն է։ Կինը կապաքինվի, և ամեն ինչ լավ կլինի։ Անհրաժեշտ է միայն զուգընկերոջ աջակցությունն ու փոխըմբռնումը։ Մեր կլինիկայում ձգտում ենք կատարել օրգանապահպան վիրահատություններ, որպեսզի կինն անհարմարավետություն չզգա, չտառապի արտաքին տեսքի պատճառով։ Նույնիսկ, երբ ամբողջությամբ հեռացվում է կրծքագեղձը, իրականացվում են օնկոպլաստիկ վիրահատություններ, կիրառվում են նոր մոտեցումներ` ձգտելով պահպանել կնոջ գրավչությունը: 

Ամեն դեպքում, ոչ թափվող մազերը, ոչ գիրությունը, ոչ էլ քաշի կորուստը բուժման ընթացքում չեն կարող ոչնչացնել սերը, եթե այն կա, և ինտիմ կյանքի համար խոչընդոտներ չպետք է լինեն: 

Սովորաբար, առավել խնդրահարույց են ընկալվում և մտահոգություններ առաջացնում գինեկոլոգիական ոլորտի քաղցկեղի բուժման գործընթացները, թեև դրա համար որևէ պատճառ չկա: Թերևս, պատճառն այն փաստն է, որ գինեկոլոգիական քաղցկեղի բուժումն իրականացվում է սեռական օրգանների վրա, ինչ անհիմն վախ է առաջացնում, և հիվանդները երկար ժամանակ խուսափում են ինտիմ հարաբերությունից: Իրականում, գրեթե որևէ սահմանափակում չկա: Միակ պատճառը ծավալուն վիրահատություն կրած կնոջն ինտիմ կյանքից զերծ մնալն է երկու-երկուսուկես ամիս, որից հետո պետք է անցնել նորմալ սեռական կյանքին: Նույնը վերաբերվում է նաև ճառագայթային բուժմանը, որից հետո սեռական կյանքի համար որևէ հակացուցում չկա: Ավելին, մենք ձգտում ենք հաշվի առնել բոլոր պահերը և օգնել կանանց:

Նման իրավիճակներում  կանայք երբեմն գանգատվում են սեռական ցանկության բացակայությունից, ինչը հիմնականում կապված է ցավի առաջացման, սեփական օրգանիզմը չհասկանալու վախի հետ:  Նման դեպքերում հարկ է դիմել հոգեբանին:

Հիմա ես հաճախ եմ հիվանդներին հարցնում. «Իսկ ինչպե՞ս է ընթանում Ձեր սեռական կյանքը»: Շատ նոր բաներ եմ իմանում: Կան կանայք, ովքեր սեքսով զբաղվում են ինչպես հիվանդությունից առաջ, նրանց մոտ այս հարցում ամեն ինչ նորմալ է, սակայն կան նաև այնպիսիները, ովքեր ասում են.«Ի՞նչ եք ասում: Ես նույնիսկ չեմ փորձել, չէ որ ընդամենը կես տարի է անցել բուժումից հետո»: Ինձ մնում է միայն պատասխանել. «Ինչպե՞ս թե չեք փորձել: Կե՞ս տարի: Այդպես չի կարելի, չէ որ Դուք բացարձակ առողջ մարդ եք»: Նրանք չգիտեն, իրենք չեն պատմում այդ մասին, բժշկին չեն հարցնում, ստեղծվում է փակուղային իրավիճակ: Բժշկի հետ պետք է բոլոր խնդիրների մասին խոսել: Գինեկոլոգները նույնպես երբեմն կարողանում են հաղթահարել կանանց մոտ առաջ եկած նմանատիպ խնդիրները: Այս խնդրում համընդհանուր դեղատոմս չկա, յուրաքանչյուրի մոտ անհատական է և պահանջում է անհատական մոտեցում, որտեղ կարևոր դեր ունի հավատը, վստահությունը և համակրանքը բժշկի նկատմամբ:
Երբեմն կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ, կարող են ընտանիքներ քայքայվել, ուստի միշտ չէ, որ, օրինակ պետք է տղամարդուն պատմել կանացի խնդիրների նրբությունների մասին: Տղամարդիկ տարբեր են լինում, կան այնպիսիք, որ հոգեբանորեն կարող է ճնշվել: Մեկ բան ակնհայտ է, սիրող ամուսինը չի հեռանում:
Իրավիճակներն, իրավամբ, բազմազան են, և յուրաքանչյուր կին պետք է դրսևորի բնածին իմաստություն՝ հասկանալով, թե ինչը պետք է ասել, իսկ ինչը՝ոչ: Պետք չէ ստել, ուղղակի որոշ պահեր պետք է շրջանցել:  Նման պարագաներում մի բան ակնհայտ է. բժիշկը պահում է բժշկական գաղտնիքը, և ասում է միայն այն, ինչ թույլատրում է հիվանդը:


Հարկ է միշտ հիշել. ամենակարևորը ներդաշնակ լինելն է և կյանքից հաճույք ստանալը:  Ավելին, երբեմն սեռական կյանքը կանխարգելում է ռեցիդիվը, քանի որ սեքսն աշխարհի ներդաշնակության կարևոր մասն է կազմում: Շատերը վերանայում են իրենց վերաբերմունքը կյանքի նկատմամբ հիվանդությունից , բուժումից հետո, փոխվում են ընկալումները: Հաճախ հիվանդներից լսում ենք. «Աստված իմ, ես պարզապես գոյատևում էի, ես միայն նոր եմ սկսել ապրել: Իսկ էլ ի՞նչ է ինձ կարելի»: Պատասխանը մեկն է. ամեն ինչ կարելի է: Եթե հիվանդը տարել է ուռուցքային հիվանդություն, սակայն բուժվել է և արդեն առողջ է, կարող է անել ամեն ինչ` ինտիմ կյաքով ապրել, սպորտով զբաղվել,  ճանապարհորդել, դահուկներ քշել, ծովում լողանալ, շամպայն խմել… Այդ ամենն ամրապնդում է իմունիտետը: Հարկ է ապրել լիարժեք, նորմալ, երջանիկ կյանքով, վերադառնալ աշխատանքի, լինել գեղեցիկ, շրջապատված մարդկանցով: Վատն արդեն անցյալում է:


18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է