Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում
Սույն թվականի ապրիլի 19-ին ՈՒԱԿ-ի Մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի ցերեկային ստացիոնարի մանկական բաժինը լի էր տոնով և ուրախությամբ, քանզի բաժանմունքը պատրաստվում էր տոնել Կենտրոնի ամենափոքրիկ պացիենտի Ալվարդի 5 ամյակը:
Միջոցառմանը մասնակցեցին շատ թվով մարդիկ՝ բժշկական անձնակազմ, փոքրիկի բարեկամներ, հյուրեր եվ այլք:
Միջոցառմանը ներկա էին բոլոր այն բժիշկ մասնագետները, ովքեր անձամբ են զբաղվում երեխայի բուժմամբ: Նշենք, որ երեխայի մոտ թախտորոշվել է գլխուղեղիուռուցք, ինչի կապակցությամբ վիրահատվել է և Կենտրոնում ստանում է ճառագայթային/համակցված քթ բուժում:
Տվյալ միջոցառմանն իրենց անմիջական աջակցությունն են ունեցել Մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Հ.Է. Պետրոսյանը, ՈՒԱԿ-ի կլինիկական հոգեբան Ա. Բաղդասարյանը, «Երազանք» նախաձեռնությունը, որն, ի դեպ, արդեն հասցրել է իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ Կենտրոնում քիմիաթերապևտիկ բուժումներ ստացող երեխաների և դեռահասների/թվով 7 հոգի/շրջանակում, իրականացնելով նրանց առաջնային ցանկություններն ու բաղձալի երազանքները: Տվյալ նախաձեռնության հիմնադիրն է հանդիսանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիանա Ասոյանը և նրա օգնական Ջուլիա Բարսեղյանը:
Միջոցառման հատուկ հյուրերն են եղել փոքրիկի կողմից շատ սիրված երգչուհիներ Լիդուշիկն ու Սաթին: Նշենք նաև որ միջոցառման ժամանակ նաև անց է կացվել մանկական շոու ծրագիր՝ հրավիրված ծաղրածուների մասնակցությամբ: Անտարբեր չեն մնացել նաև մի շարք մարդիկ, ովքեր իրենց ցանկությունն են հայտնել՝ փոխանցելով հաճելի նվերներ փոքրիկին:
Փոքրիկ Ալվարդի ծնունդը իսկապես վեր էր ածվել հեքիաթի: Նրա համար օրը լի էր հեքիաթային տպավորություններով, նվերներով և անակնկալներով: Իրենց շնորհակալական խոսքը հավաքված բուժանձնակազմին և հյուրերին հայտնեցին փոքրիկի մայրիկն ու մտերիմները:
Միջոցառման կազմակերպիչ և հոդվածի հեղինակ`
կլինիկական հոգեբան Աննա Բաղդասարյան