Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Այս շաբաթը նշանավորվեց հերթական կարևոր ձեռքբերմամբ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոյոդոթերապիայի ներդրման ծրագրի իրագործման ուղղությամբ. ՈՒԱԿ-ի միջուկային բժշկության ստորաբաժանումը համալրվեց վահանագեղձի ռադիոյոդային սկանավորման ամերիկյան Captus 4000e գերժամանակակից համալիրով, որը միակն է տարածաշրջանում:
Սարքը նախատեսված է վահանագեղձի յոդ-կլանող ֆունկցիայի որակական և քանակական գնահատման համար՝ ռադիոակտիվ յոդ պարունակող հատուկ պրեպարատի կիրառմամբ, ինչը խիստ կարևոր է վահանագեղձի քաղցկեղի, ինչպես նաև տարբեր ծագման թիրեոտոքսիկոզների ռադիոյոդոթերապիայի ճշգրիտ պլանավորման համար: Սարքը կարևոր տեղեկատվություն կարող է ապահովել նաև վահանագեղձի հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատման համար:
Տեխնիկական ձեռքբերումներին զուգահեռ, մեծ թափով ընթանում են մեթոդի կիրառման համար անհրաժեշտ հատուկ տարածքների վերակառուցման և վերազինման աշխատանքները, իսկ Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի երկու բժիշկ ներկայում անցնում են համապատասխան վերապատրաստում արտերկրի առաջատար կլինիկաներից մեկում:
Նախատեսված է, որ արդեն իսկ 2018թ. սեպտեմբերին ՈՒԱԿ-ում կգործարկվի միջազգային ամենախիստ պահանջներին համապատասխանող ռադիոյոդոթերապիայի ստորաբաժանումը` հնարավորություն ընդձեռնելով մեր պացիենտներին ստանալ ավելի որակյալ և արդյունավետ բուժում հենց հայրենիքում: