Բրախիթերապիա․ Հիմնական հասկացությունները
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանը ներկայացնում է, թե ինչ է բրախիթերապիան, և որ դեպքերում է այն կիրառվում։
Ի՞նչ է բրախիթերապիան
Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկն է: «Բրախի» հունարեն նշանակում է կարճ, այստեղից էլ անվանման ծագումը` բուժում կարճ տարածության վրա:
Ո՞րն է մեթոդի առավելությունը
Գլխավոր առավելությունն այն է, որ մեթոդը հնարավորություն է տալիս կենտրոնացնել Ճառագայթման մաքսիմալ դոզան ուռուցքի մեջ՝ ապահովելով տումորոցիդ ազդեցությունը և հնարավորինս պահպանել շրջակա հյուսվածքները և ռիսկի օրգաններն ավելորդ ճառագայթումից:
Ինչպե՞ս է իրականացվում բրախիթերապիան
Բրախիթերապիայի ժամանակ ռադիոակտիվ աղբյուրը հատուկ ապլիկատորների միջոցով ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով:
Ո՞ր դեպքերում է այն կիրառվում
Կիրառվում է ինչպես ինքնուրույն մեթոդ (նաև ամոքիչ բուժման նպատակով), այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ: Հաճախ բուժման մեջ ընդգրկվում է նաև քիմիաթերապիան ՝ քաղցկեղային բջիջների ճառագայթային զգայնությունը բարձրացնելու նպատակով:
Ո՞ր տեղակայման ուռուցքների դեպքում է օգտագործվում
85 % դեպքերում բրախիթերապիան կիրառվում է կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների բուժման համար, մոտ 10 %՝ շագանակագեղձի, ինչպես նաև ուղիղ աղու, կերակրափողի, լեզվի և այլ տեղակայումների ուռուցքների դեպքում:
Որո՞նք են բրախիթերապիայի տեսակները
Բրախիթերապիայի տեսակներն են՝ ներխոռոչային, ներհյուսվածքային, ներվիրահատական, ներլուսանցքային, մակերեսային (լեյպցիգյան ապլիկատոր), մամմոսայտ: Գինեկոլոգիական պաթոլոգիայի ժամանակ օգտագործվում են ներխոռոչային և ներհյուսվածքային տեսակները:
Որո՞նք են բրախիթերապևտիկ բուժման նախապատրաստական փուլերը
Բուժումը սկսելուց առաջ հիվանդն անցնում է ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն, քննարկվում է բուժման տակտիկան: Այնուհետև կատարվում են անհրաժեշտ հետազոտութուններ՝ գինեկոլոգիական զննում, CT (համակարգչային շերտագրում), ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), MRI (մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆիա), որոշ դեպքում PET CT (պոզիտրոն էմիսսիոն տոմոգրաֆիա)՝ ախտորոշման և փուլավորման նպատակով, լաբորատոր հետազոտություններ:
Հաջորդ փուլն իր մեջ ներառում է ապլիկատորների տեղադրումը, ՀՇ չափագրումը (տոպոմետրիա) և բուժման պլանավորումը, որը կատարվում է բժշկի և բժշկական ֆիզիկի կողմից:
Որտե՞ղ է կատարվում բրախիթերապևտիկ բուժումը
Հայաստանի Հանրապետությունում բրախիթերապիան կատարվում է միայն ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքում՝ հեշտոցի, արգանդի վզիկի և մարմնի քաղցկեղի բուժման ժամանակ: Բարձիթողի փուլերում այն բուժման հնարավոր միակ մեթոդն է, որն ապահովում է այդ ծանր պացիենտների բավականին արդյունավետ բուժումը:
Ի՞նչ սարքավորումներով է կատարվում բրախիթերապիան
ՈւԱԿ-ի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքում տեղակայված է հոլանդական արտադրության բարձր դոզայի հզորությամբ՝ 192Ir ռադիոակտիվ աղբյուր պարունակող MicroSelectron սարքը համապատասխան PLATO պլանավորման համակարգի հետ միասին՝ բուժումը պլանավորելու և դոզայի բաշխման ճշգրտությունը ապահովելու նպատակով: Գործընթացը կանոնակարգվում է միջազգայնորեն ընդունված և ներկայումս լայնորեն կիրառվող ուղեցույցներով՝ ելնելով բուժման որակի երաշխիքի ծրագրի պահանջներից:
Ինչպիսի՞ն են բրախիթերապիայի զարգացման հեռանկարները ՀՀ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքը «ԱԷՄԳ» (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն)-ի հետ տեխնիկական ծրագրի համագործակցության շրջանակներում համալրվել է գերժամանակակից գերմանական արտադրության 60Co ռադիոակտիվ աղբյուր պարունակող բարձր դոզայի հզորությամբ օժտված Bebig SagiNova բրախիթերապևտիկ համալիրով: Համալիրն իր մեջ ներառում է նաև 3D եռաչափ SagiPlan պլանավորման համակարգը:
Սարքը հնարավորություն կտա ներխոռոչային բուժումից բացի իրականացնել նաև ներհյուսվածքային և ներլուսանցքային բրախիթերապիա: