News

«Էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովվում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում»

Ուռուցքաբանության ոլորտը եղել և մնում է միջազգային առողջապահության ուշադրության կենտրոնում: Եվ տրամաբանական է, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում ուռուցքաբանության թեման հիմնականներից էր: Եթե տարիներ առաջ քաղցկեղ հիվանդությունը գրեթե բոլոր դեպքերում ճակատագրական էր, ապա մեր օրերում բուժվածների թիվը փոքր չէ: Ուրախալին այն է, որ այս մասին փաստում է ո’չ միայն միջազգային, այլև հայաստանյան վիճակագրությունը, ինչը նշանակում է, որ հիվանդությունը հաղթահարելի է դարձել նաև մեր երկրում: Նշենք, որ ոլորտին առնչվող քննարկումներում զգալի մաս կազմեց ռադիացիոն ուռուցքաբանությունը։


Ուռուցքաբանության ոլորտում ինչո՞վ են տարբերվում և նույնացվում ամերիկյան և հայկական մոտեցումները և գործնականորեն ի՞նչ տվեց համագումարը։

Այս և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնի բժիշկ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ներսես Քարամյանի հետ:


–   Ընդհանուր առմամբ, մոտեցումները, լինեն դրանք ամերիկյան, եվրոպական թե հայկական, էապես չեն տարբերվում, քանի որ աշխարհի բոլոր կլինիկաները ձգտում են առաջնորդվել գործող միջազգային հաստատված ուղեցույցներով: Անկախ այն բանից, հիվանդը ճառագայթային բուժում կստանա Հայաստանում, թե մեկ այլ երկրում, մոտեցումների առումով տարբերություն չպետք է լինի:


Ինչ խոսք, միջազգային բժշկական համագումարները, կոնֆերանսները նպաստավոր են փորձի փոխանակման, մասնագետների շփման առումով: Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում հետաքրքրական էր ամերիկահայ պրոֆեսոր Կուպելյանի զեկույցը, որով հանգամանորեն ներկայացրեց ճառագայթային ուռուցքաբանության արդի հնարավորությունները: Պետք է նաև նշել, որ համագումարի շրջանակում կայացավ «կլոր սեղան» մեր կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնում, որին մասնակցեց պրոֆեսոր Կուպելյանն իր թիմակիցների հետ՝ բոլորն ազգությամբ հայեր, ինչպես նաև մեր ավստրալահայ գործընկերը` պարոն Ռոլանդ Ալվանդին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մեր համագործակցության հնարավոր հեռանկարները և ձեռք բերվեցին որոշակի գործնական պայմանավորվածություններ:

–   Գաղտնիք չէ, որ քաղցկեղը համալիր բուժում է ենթադրում, որի շղթայում կարևոր ուղղություններից է ճառագայթային ուռուցքաբանությունը։ Այս ոլորտում Հայաստանում զարգացվածության մակարդակը համահո՞ւնչ է միջազգային չափորոշիչներին, հատկապես տեխնոլոգիական հագեցվածության տեսանկյունից:

–   Ինչպես արդեն նշեցի, մեր կլինիկան հետամուտ է միջազգային հաստատված ուղեցույցներով բուժում իրականացնելուն: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական հագեցվածությանը, ապա անցած տարի լուրջ ձեռքբերում ունեցանք: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության արդյունքում մեր բաժանմունքը համալրվեց էլեկտրոնների գծային արագացուցչով, որն ունի նաև լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ: Այն հիմնականում ապահովում է միջազգային պահանջները: Իհարկե՛, լինում են դեպքեր, որոնք պահանջում են առավել բարդ տեխնոլոգիաների կիրառում, սակայն դրանք եզակի են: Մնացած բոլոր դեպքերում մեր բաժանմունքը էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում:

–   Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը դեռևս միակն է Հայաստանում, որն ունի մասնագիտացված ռադիացիոն ուռուցքաբանության ծառայություն, ինչը նշանակում է, որ հիվանդները բացառապես ձեր կլինիկայում են բուժվում։ Ինչպիսի՞ն է վերջին 10 տարիների վիճակագրությունը՝ բուժման արդյունավետության առումով։ Եթե համեմատենք զարգացած երկրների դինամիկայի հետ, ապա ինչպիսի՞ն կլինի պատկերը։

–   Վերջին տասը տարիներին գրանցվել է բուժման արդյունքների դրական դինամիկա, ինչը բացատրվում է ինչպես բնակչության գիտակցական մակարդակի աճով, այնպես էլ բոլոր բուժական՝ վիրաբուժական, քիմիաթերապիայի, թիրախային թերապիայի, ռադիոթերապիայի նոր մեթոդների զարգացմամբ: Ճառագայթային բուժումն իր կարևոր տեղն է զբաղեցնում թվարկված մեթոդների մեջ: Եթե համեմատենք այլ երկրների հետ, որտեղ ճառագայթային ուռուցքաբանությունը լայն կիրառություն ունի, ապա այդ տեսանկյունից Հայաստանը զգալիորեն հետ է մնում: Հույս ունեմ, որ գնալով ռադիոթերապիայի դերը կմեծանա մեր երկրում:

–   Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս պետք է այն լուծվի:

–   Իրականում պատճառը հանրության թերի իրազեկվածությունն է: Համաձայն միջազգային չափորոշիչների` չարորակ նորագոյացություններով հիվանդների 50-60%-ը պետք է ստանա ճառագայթային բուժում համալիր բուժման այս կամ այն փուլում:

–   Հանրությունը պարտավոր չէ իմանալ ճառագայթային բուժման մասին, հատկապես ուռուցքաբանները պետք է հիվանդին իրազեկեն հետագա բուժման մասին: Չե՞ք կարծում, որ դա բժիշկների բացթողումն է:

–   Իրավացի եք: Ցավոք, ընդհանուր պրոֆիլի կլինիկաներում որոշ բժիշկներ լավատեղյակ չեն ճառագայթային ուռուցքաբանությանը: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ նրանք պարտադրված չեն հիվանդներին ուղեգրելու շարունակական բուժման: Պարտադիր շարունակական բուժումը կարգավորված չէ օրենքով, ենթաօրենսդրական ակտերով կամ էլ իրավական այլ փաստաթղթերով: Երբ այդ խնդիրը կարգավորվի իրավական փաստաթղթով, ապա, կարծում եմ, լուծումը կգտնվի: Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ, այնուամենայնիվ, բժիշկների մոտեցումը տարեցտարի փոխվում է և համահունչ դառնում միջազգային փորձին` դադարում են մտածել միայն սեփական բուժման եղանակի մասին:

Համալիր բուժման կողմնակից բժիշկների թիվը գնալով ավելանում է, ինչը, միանշանակ, դրական ազդեցություն է թողնում բուժման արդյունավետության վրա: Սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Համոզված եմ, որ այդ բացը կլրացվի, քանի որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորում է խնդրի լուծումը: Վերջերս նախարարն այցելեց մեր կլինիկա և տվեց հստակ առաջադրանք՝ վերամշակել և ստեղծել ժամանակակից ազգային կլինիկական ուղեցույցներ, որոնք կստանան իրավաբանական ուժ:

–   Գաղտնիք չէ, որ քաղցկեղի բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է վաղ հայտնաբերման շրջանում։ Սակայն Հայաստանում բժշկին դիմում են ուշացած՝ պայմանավորված և՛ մտածողության, և՛ սոցիալական գործոններով։ Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէ՞ր լինի ընդօրինակել եվրոպական փորձը՝ Հայաստանը ևս որդեգրեր պարտադիր բուժզննման քաղաքականությունը։

–   Երբ մենք խոսում ենք ուռուցքաբանության մասին, ապա պետք է հստակեցնենք` բուժման ոչ մի եղանակ չի կարող տալ լիարժեք արդյունավետություն, եթե չիրականացվեն մի շարք նախապայմաններ: Զարգացած երկրներում գործում է «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր», որը կազմված է մի քանի բաղադրիչներից: Դրանցից կարևորագույնը կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը: Հիվանդության վաղ հայտնաբերման համար իրականացվում են սկրինինգներ կրծքագեղձի, արգանդի վզիկի, ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ:

Շատ երկրներում այս ծրագրերը պարտադիր են: Օրինակ, եթե խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, ապա Հայաստանում պարտադիր սկրինինգ չի իրականացվում: Մամոգրաֆիկ հետազոտությունը կանայք կատարում են սեփական նախաձեռնությամբ, և այն չի կրում համատարած բնույթ:Ինչ վերաբերում է արգանդի վզիկի սկրինինգին, ապա Հայաստանում այդ ծրագիրը սկսեց գործել անցյալ տարվանից և որոշակի դրական արդյունքներ արդեն նկատվում են:

Հուսով եմ, որ արդյունավետությունը շատ բարձր կլինի: Ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված ուսումնասիրություններն ապացուցողական բժշկության դասին են պատկանում, որի ծախսերն արդարացված են: Ընդհանրապես, սկրինինգային ծրագրերն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ և պետական հոգածության ներքո էլ ապահովում են բնակչության պարտադիր զննումը: Համոզված եմ, որ հնարավորության դեպքում մեր պետությունը ևս կգնա այդ քայլին:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է