«Էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովվում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում»
Ուռուցքաբանության ոլորտը եղել և մնում է միջազգային առողջապահության ուշադրության կենտրոնում: Եվ տրամաբանական է, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում ուռուցքաբանության թեման հիմնականներից էր: Եթե տարիներ առաջ քաղցկեղ հիվանդությունը գրեթե բոլոր դեպքերում ճակատագրական էր, ապա մեր օրերում բուժվածների թիվը փոքր չէ: Ուրախալին այն է, որ այս մասին փաստում է ո’չ միայն միջազգային, այլև հայաստանյան վիճակագրությունը, ինչը նշանակում է, որ հիվանդությունը հաղթահարելի է դարձել նաև մեր երկրում: Նշենք, որ ոլորտին առնչվող քննարկումներում զգալի մաս կազմեց ռադիացիոն ուռուցքաբանությունը։
Ուռուցքաբանության ոլորտում ինչո՞վ են տարբերվում և նույնացվում ամերիկյան և հայկական մոտեցումները և գործնականորեն ի՞նչ տվեց համագումարը։
Այս և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնի բժիշկ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ներսես Քարամյանի հետ:
– Ընդհանուր առմամբ, մոտեցումները, լինեն դրանք ամերիկյան, եվրոպական թե հայկական, էապես չեն տարբերվում, քանի որ աշխարհի բոլոր կլինիկաները ձգտում են առաջնորդվել գործող միջազգային հաստատված ուղեցույցներով: Անկախ այն բանից, հիվանդը ճառագայթային բուժում կստանա Հայաստանում, թե մեկ այլ երկրում, մոտեցումների առումով տարբերություն չպետք է լինի:
Ինչ խոսք, միջազգային բժշկական համագումարները, կոնֆերանսները նպաստավոր են փորձի փոխանակման, մասնագետների շփման առումով: Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում հետաքրքրական էր ամերիկահայ պրոֆեսոր Կուպելյանի զեկույցը, որով հանգամանորեն ներկայացրեց ճառագայթային ուռուցքաբանության արդի հնարավորությունները: Պետք է նաև նշել, որ համագումարի շրջանակում կայացավ «կլոր սեղան» մեր կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնում, որին մասնակցեց պրոֆեսոր Կուպելյանն իր թիմակիցների հետ՝ բոլորն ազգությամբ հայեր, ինչպես նաև մեր ավստրալահայ գործընկերը` պարոն Ռոլանդ Ալվանդին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մեր համագործակցության հնարավոր հեռանկարները և ձեռք բերվեցին որոշակի գործնական պայմանավորվածություններ:
– Գաղտնիք չէ, որ քաղցկեղը համալիր բուժում է ենթադրում, որի շղթայում կարևոր ուղղություններից է ճառագայթային ուռուցքաբանությունը։ Այս ոլորտում Հայաստանում զարգացվածության մակարդակը համահո՞ւնչ է միջազգային չափորոշիչներին, հատկապես տեխնոլոգիական հագեցվածության տեսանկյունից:
– Ինչպես արդեն նշեցի, մեր կլինիկան հետամուտ է միջազգային հաստատված ուղեցույցներով բուժում իրականացնելուն: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական հագեցվածությանը, ապա անցած տարի լուրջ ձեռքբերում ունեցանք: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության արդյունքում մեր բաժանմունքը համալրվեց էլեկտրոնների գծային արագացուցչով, որն ունի նաև լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ: Այն հիմնականում ապահովում է միջազգային պահանջները: Իհարկե՛, լինում են դեպքեր, որոնք պահանջում են առավել բարդ տեխնոլոգիաների կիրառում, սակայն դրանք եզակի են: Մնացած բոլոր դեպքերում մեր բաժանմունքը էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում:
– Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը դեռևս միակն է Հայաստանում, որն ունի մասնագիտացված ռադիացիոն ուռուցքաբանության ծառայություն, ինչը նշանակում է, որ հիվանդները բացառապես ձեր կլինիկայում են բուժվում։ Ինչպիսի՞ն է վերջին 10 տարիների վիճակագրությունը՝ բուժման արդյունավետության առումով։ Եթե համեմատենք զարգացած երկրների դինամիկայի հետ, ապա ինչպիսի՞ն կլինի պատկերը։
– Վերջին տասը տարիներին գրանցվել է բուժման արդյունքների դրական դինամիկա, ինչը բացատրվում է ինչպես բնակչության գիտակցական մակարդակի աճով, այնպես էլ բոլոր բուժական՝ վիրաբուժական, քիմիաթերապիայի, թիրախային թերապիայի, ռադիոթերապիայի նոր մեթոդների զարգացմամբ: Ճառագայթային բուժումն իր կարևոր տեղն է զբաղեցնում թվարկված մեթոդների մեջ: Եթե համեմատենք այլ երկրների հետ, որտեղ ճառագայթային ուռուցքաբանությունը լայն կիրառություն ունի, ապա այդ տեսանկյունից Հայաստանը զգալիորեն հետ է մնում: Հույս ունեմ, որ գնալով ռադիոթերապիայի դերը կմեծանա մեր երկրում:
– Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս պետք է այն լուծվի:
– Իրականում պատճառը հանրության թերի իրազեկվածությունն է: Համաձայն միջազգային չափորոշիչների` չարորակ նորագոյացություններով հիվանդների 50-60%-ը պետք է ստանա ճառագայթային բուժում համալիր բուժման այս կամ այն փուլում:
– Հանրությունը պարտավոր չէ իմանալ ճառագայթային բուժման մասին, հատկապես ուռուցքաբանները պետք է հիվանդին իրազեկեն հետագա բուժման մասին: Չե՞ք կարծում, որ դա բժիշկների բացթողումն է:
– Իրավացի եք: Ցավոք, ընդհանուր պրոֆիլի կլինիկաներում որոշ բժիշկներ լավատեղյակ չեն ճառագայթային ուռուցքաբանությանը: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ նրանք պարտադրված չեն հիվանդներին ուղեգրելու շարունակական բուժման: Պարտադիր շարունակական բուժումը կարգավորված չէ օրենքով, ենթաօրենսդրական ակտերով կամ էլ իրավական այլ փաստաթղթերով: Երբ այդ խնդիրը կարգավորվի իրավական փաստաթղթով, ապա, կարծում եմ, լուծումը կգտնվի: Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ, այնուամենայնիվ, բժիշկների մոտեցումը տարեցտարի փոխվում է և համահունչ դառնում միջազգային փորձին` դադարում են մտածել միայն սեփական բուժման եղանակի մասին:
Համալիր բուժման կողմնակից բժիշկների թիվը գնալով ավելանում է, ինչը, միանշանակ, դրական ազդեցություն է թողնում բուժման արդյունավետության վրա: Սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Համոզված եմ, որ այդ բացը կլրացվի, քանի որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորում է խնդրի լուծումը: Վերջերս նախարարն այցելեց մեր կլինիկա և տվեց հստակ առաջադրանք՝ վերամշակել և ստեղծել ժամանակակից ազգային կլինիկական ուղեցույցներ, որոնք կստանան իրավաբանական ուժ:
– Գաղտնիք չէ, որ քաղցկեղի բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է վաղ հայտնաբերման շրջանում։ Սակայն Հայաստանում բժշկին դիմում են ուշացած՝ պայմանավորված և՛ մտածողության, և՛ սոցիալական գործոններով։ Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէ՞ր լինի ընդօրինակել եվրոպական փորձը՝ Հայաստանը ևս որդեգրեր պարտադիր բուժզննման քաղաքականությունը։
– Երբ մենք խոսում ենք ուռուցքաբանության մասին, ապա պետք է հստակեցնենք` բուժման ոչ մի եղանակ չի կարող տալ լիարժեք արդյունավետություն, եթե չիրականացվեն մի շարք նախապայմաններ: Զարգացած երկրներում գործում է «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր», որը կազմված է մի քանի բաղադրիչներից: Դրանցից կարևորագույնը կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը: Հիվանդության վաղ հայտնաբերման համար իրականացվում են սկրինինգներ կրծքագեղձի, արգանդի վզիկի, ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ:
Շատ երկրներում այս ծրագրերը պարտադիր են: Օրինակ, եթե խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, ապա Հայաստանում պարտադիր սկրինինգ չի իրականացվում: Մամոգրաֆիկ հետազոտությունը կանայք կատարում են սեփական նախաձեռնությամբ, և այն չի կրում համատարած բնույթ:Ինչ վերաբերում է արգանդի վզիկի սկրինինգին, ապա Հայաստանում այդ ծրագիրը սկսեց գործել անցյալ տարվանից և որոշակի դրական արդյունքներ արդեն նկատվում են:
Հուսով եմ, որ արդյունավետությունը շատ բարձր կլինի: Ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված ուսումնասիրություններն ապացուցողական բժշկության դասին են պատկանում, որի ծախսերն արդարացված են: Ընդհանրապես, սկրինինգային ծրագրերն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ և պետական հոգածության ներքո էլ ապահովում են բնակչության պարտադիր զննումը: Համոզված եմ, որ հնարավորության դեպքում մեր պետությունը ևս կգնա այդ քայլին:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ