Հունիսի 19-ը ՈՒԱԿ-ում հիշարժան էր մի քանի նկատառումներով
Հունիսի 19-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Կլինիկական ուռուցքաբանություն» դասագրքի շնորհանդեսը: Նիստին ներկա էին ՈՒԱԿ-ի տնօրեն, դասագրքի համահեղինակ Ա. Տանանյանը, համահեղինակներ Մ.Դ. Կոստանյանը և Թ.Շ. Սաղաթելյանը։
«Կլինիկական ուռուցքաբանություն» դասագրքի համահեղինակ, ուռուցքաբան Մ.Դ. Կոստանյանը պատմեց դասագրքի ստեղծման պատմության և հրատապության մասին:
– Նմանատիպ դասագրքեր կային վաղուց, բայց ամբողջական ձևաչափով հրատարակում առայսօր չկար: Արդյունքում` ժամանակի պահանջով դրանք ամեն տարի թարմացվում էին: Որոշվեց ուսանողների համար ստեղծել մատչելի, դասական, արդիական, դասագիրք` ներառելով ուռուցքաբանության հիմունքները, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ոլորտում բժշկագիտության նվաճումներն ու առաջընթացը։
– Դասագիքն ի՞նչ խորագրեր է ներառում:
Ըստ դասական մոտեցման, դասագրքի առաջին խորագիրը ուռուցքաբանության հիմունքներին է վերաբերում, հաջորդ խորագրերում արծարծվում են ախտորոշմանը, կլինիկական ուռուցքաբանությանը, բուժման ժամանակակաից մոտեցումներին վերաբերող թեմաները: Ուռուցքբանությունը բազմագիտակարք գիտություն է. միայն վիրահատական միջամտությունները, ճառագայթային բուժումը կամ քիմիաթերապիան, դա ամբողջ ոլորտի ընդհանրության միայն փոքր մասն են կազմում:
– Ո՞րն է դասագրքի հիմնական առավելությունը:
– Դասագրքի հիմնական առավելությունը ժամանակին համահունչ մոտեցումն է, և ներառում է ուռուցքաբանության բոլոր ժամանակների նվաճումները, նոր սարքավորումների կիրառությանը վերաբերող տեղեկատվությունը, ոլորտում կիրառվող ամենանորագույն մեթոդներն ու մոտեցումները: Այն, ի տարբերություն նմանօրինակ գրքերի, առավել արդիական է:
– Ո՞ւմ է հասցեագրվաց դասագիրքը:
– Այն հասցեագրված է ուսանողներին և ուռուցքաբանության ոլորտում մասնագիտացած բժիշկներին։
– Ինչպե՞ս կարող են ձեռք բերել դասագիրքը:
– Դասգիրքը մեծ քանակությամբ նվիրաբերվել Է ԵՊԲՀ-ին և մոտ ապագայում կլինի նաև ազատ վաճառքում:
Նույն օրը` Հունիսի 19-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ նաև «ASCO-ի պատասխաններ. կրծքագեղձի քաղցկեղ» և «Քիմիաթերապիա․ ուղեցույց հիվանդների և խնամատարների համար» գրքույկների շնորհանդեսը:
«ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ծրագրի հեղինակ Հռիփսիմե Մարտիրոսյանի հետ զրույցում խոսեցինք գրքույկների ստեղծման գաղափարի, նպատակների և արդիականության մասին:
– Տիկին Մարտիրոսյան, նախ, խոսենք «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի մասին:
– Վերջին տարիներին մեր երկրում բժշկական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների միջև ձևավորվել է համագործակցության նոր մոտեցում։ Ներկայում նման գործընկերություն է իրականացվում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի միջև:
«ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է ակտիվ մասնակցել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին, աջակցել բուժվող մարդկանց, նպաստել կանխարգելման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը, խթանել ուռուցքային հիվանդությունների բնագավառում գործող հաստատությունների կարողությունների հզորացումը:
– Ի՞նչ կտա համագործակցությունը պացիենտներին:
– Պացիենտների համար հայալեզու գրականություն նախկինում չենք ունեցել, բայց նրա առկայության ու անհրաժեշտության մասին լսել ենք բազմիցս: Այդ պատճառով Հայաստանում ամերիկյան դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում որոշեցինք ստեղծել քաղցկեղից բուժվող պացիենտների համար հայալեզու գրականություն։ Վերջիններիս հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվության վստահելիությունն ու հասանելիությունն ապահովելու նպատակով «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց պացիենտներին հասցեագրված երկու գրքույկի մշակումը՝ «ASCO-ի պատասխաններ. կրծքագեղձի քաղցկեղ» և «Քիմիաթերապիա․ ուղեցույց հիվանդների և խնամատարների համար», որոնք հիվանդներին տրամադրվում են անվճար։
Առաջինը թարգմանվել է հայերեն Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO, American Society of Clinical Oncology) պաշտոնական թույլտվությամբ։ Գրքույկն օգնում է կանանց ավելի լավ պատկերացնել իրենց հիվանդությունը և բուժման տարբերակները. տվյալ դեպքում խոսքը կրծքագեղձի քաղցկեղի մասին է: Տպագրվել է 1000 օրինակ, որոնք անվճար տրամադրվում է կրծքագեղձի քաղցկեղով նոր ախտորոշված հիվանդներին, որոնց արձագանքը վկայում է, որ հիվանդներն ու նրանց խնամատարները ձեռք են բերում այնպիսի ռեսուրսներով անհրաժեշտ գործիք, որի միջոցով դառնում են բուժման գործընթացի ակտիվ մասնակից ու կայացնում համարժեք որոշումներ:
Երկրորդը՝ «Քիմիաթերապիա. ուղեցույց հիվանդների և խնամատարների համար» գրքույկը եզակի աշխատություն է, որը ստեղծվել է բժիշկների և հիվանդների համատեղ ջանքերով։ Հայաստանի բժիշկներն ու հոգեբանները, արձագանքելով հիվանդների հնչեցրած հայալեզու համապատասխան ուղղորդիչ գրականություն ունենալու անհրաժեշտության կոչին, մշակել են այս գրքույկը՝ շնորհիվ քաղցկեղ վերապրածների և պացիենտական կազմակերպությունների աջակցության։ Բժիշկների և քաղցկեղ վերապրածների համոզմամբ, եթե հիվանդը նախապես իրազեկված է սպասվող երևույթների ու բարդությունների և դրանց կանխարգելման մասին, ապա առավել հանգիստ ու առանց սարսափի կարող է նախապատրաստվել քիմիաթերապիային՝ վստահորեն ակնկալելով լիարժեք ապաքինում։
Գրքույկը հասցեագրված է հիվանդներին և նրանց հարազատներին` բուժող թիմի հետ քննարկելու քիմիաթերապևտիկ բուժման ընթացքը: Անհրաժեշտ տեղեկատվությունը մատուցվում է մատչելի և լիովին հարմարեցված է ոչ մասնագիտական լսարանի համար: Այն ծառայում է որպես ինքնատիպ «ճանապարհային քարտեզ», որի նպատակն է օգնել հիվանդին՝ բուժող թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և առավել լիարժեք պատկերացում ձևավորելու քիմիաթերապիայի, դրան ուղեկցող կողմնակի ազդեցությունների ու դրանց մեղման եղանակների մասին։ Գրքույկն անվճար տրամադրվելու է քիմիաթերապիա ստացող բոլոր հիվանդներին:
Գրքույկները կծառայեն որպես անձնական նոթատետրեր, որտեղ պացիենտը հնարավորություն կունենա գրառումներ կատարել, քանի որ դա լինելու է նրա մշտական ուղեկիցը: Առանձնացված են նաև առանձին հատվածներ, որտեղ պացիենտը կարող է նշել այն տեղեկատվությունը, ինչն անհասանելի է տվյալ պահին տեղեկանալու բժշկից: Պացիենտն ավելի պատրաստված կգնա բժշկի հետ հանդիպմանը, ինչն առավել կառուցողական բնույթ կկրի:
Հունիսի 19-ին երրորդ հուշագրավ նորությունը ՈՒԱԿ-ի նախաձեռնությամբ «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» եռալեզու հրատարակության երրորդ պարբերականի հրատարակումն էր:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս 2017 թվականից նախաձեռնել է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» եռալեզու հրատարակությունը, որում հայաստանյան մասնագետները հնարավորություն ունեն իրենց գիտական աշխատությունները հրատարակել հայերեն, անգլերեն և ռուսերեն։ 2017-ին հրատարակվել են ամսագրի առաջին և երկրորդ պարբերականները: