Քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը
Ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկի՝ քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը:
Ի՞նչ է քիմիաթրապիան
Քիմիաթերապիան ցիտոտոքսիկ կամ ցիտոստատիկ դեղորայքային պատրաստուկների կիրառումն է չարորակ ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որոնք ազդում են այս կամ այն մեխանիզմներով և ուղիներով, ի վերջո, բերելով չարորակ բջիջների ոչնչացման: Նախկին դեղերի հետ մեկտեղ, ներկայում կիրառվում են թիրախային դեղեր, որոնք հեղափոխություն կատարեցին մի շարք չարորակ ուռուցքների` հատկապես կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ: Վառ օրինակ է տամոքսիֆենի կիրառումը կրծքագեղձի հորմոն–դրական քաղցկեղի բուժման մեջ, որը զգալի ավելացրեց 10-ամյա ապրելիությունն այդ հիվանդությամբ տառապող կանանց մոտ։
Ո՞ր դեպքերում է նշանակվում քիմիաթերապիա
Քիմիաթերապիա հիմնականում նշանակվում է չարորակ ուռուցքերի դեպքում, սակայն կան այլ հիվանդություններ, ինչպես օրինակ, փսորիազը, ցրված սկլերոզը, ռևմատիկ բնույթի հիվանդությունները, որոնց դեպքում քիմիաթերապևտիկ դեղերի նշանակումը նույնպես ցուցված է: Որոշ պացիենտներ քիմիաթերապիայի կուրս անցնում են վիրահատությունից առաջ` ուռուցքը փոքրացնելու և վիրահատելի դարձնելու, նաև դեղորայքի զգայունությունը որոշելու նպատակով, իսկ որոշ հիվանդներ` վիրահատությունից հետո, չարորակ բջիջները լիովին ոչնչացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիան դառնում է մարդու կյանքի որակը բարելավելու և երկարացնելու միակ ճանապարհը: Բուժումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, որպես կանոն, քիմիաթերապիային նախորդում կամ հաջորդում է վիրահատական միջամտությունը և/ կամ ճառագայթային թերապիան:
Արդյո՞ք քիմաթերապիան նույն կերպ է ազդում բոլոր հիվանդներին
Դա կախված է նրանից, թե ինչ դեղ է նշանակվում: Ընդհանուր առմամբ, քիմիաթերապիայի ազդեցությունը և ինտենսիվությունը խիստ անհատական է յուքանչյուր հիվանդի դեպքում։ Սովորաբար, սովորական ցիտոտոքսիկ քիմիաթերապևտիկ դեղերի ազդեցությունը նման է միմյանց և արտահայտվում է մազաթափությամբ (ոչ բոլոր դեղերի դեպքում), սրտխառնոցով, փսխումով, կարող է արտահայտվել լորձաթաղանթների բորբոքումով (բերանի, քթի խոռոչների, աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի), փորկապությամբ կամ փորլուծով , ինչպես նաև կարող է հանգեցնել սրտամկանի ախտահարման, լյարդի ֆունկցիայի խանգարման: Սակայն ժամանակին և ճիշտ բուժման արդյունքում հնարավոր է կանխել կողմնակի բարդությունները:
Քիմիաթերապիա ստացող հիվանդները, սովորաբար, դյուրազգաց են և հաճախ տառապում են դեպրեսիայով. ինչպե՞ս հաղթահարել:
Այո՛, նրանց մոտ հաճախ են հուզական վիճակները, ինչին պետք է աչալուրջ լինեն թե՛ բժիշկը, թե՛ ընտանիքը, թե՛ շրջապատող մարդիկ, հարկ եղած դեպքում՝ անհրաժեշտ է դիմել նաև հոգեբանի օգնությանը: Հիվանդներին հաճախ թվում է, թե կարող է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, սակայն երբեմն դրանք լինում են անհաղթահարելի, և բուժմանը հաջորդում են հիասթափություններ, կորցնում են պայքարելու ցանկությունը: Նման դեպքերում շատ կարևոր է մտերիմների, հարազատների աջակցությունը, ջերմությունը, յուրաքանչյուրի ոգևորող խոսքը:
Ի՞նչ սննդակարգ է ցուցված կամ հակացուցված քիմիաթերապիա ստացող հիվանդներին
Քիմաթերապիա անցնող հիվանդների սննդակարգը պետք է հագեցած լինի սպիտակուցներով, ածխաջրերով և ճարպերով, նաև հարուստ լինի վիտամիններով, ուստի պետք է օգտագործել շատ մրգեր և բանջարեղեն: Խորհուրդ է տրվում նախասիրություն տալ սպիտակ մսին ( թռչնեղեն, ձկնեղեն և այլն), ավելի քիչ օգտագործելով կարմիր միս:
Ցանկալի է սնունդը լինի դյուրամարս, թարմ պատրաստված, այն պետք է լինի ոչ տաք, ոչ` սառը: Քիմիաթերապիայի նախորդ և հաջորդ 2 օրերը պետք է շատ հեղուկ օգտագործել` սովորական կամ հանքային ջուր, կամ ` ցանկացած ոչ ալկոհոլային ըմպելիք, հնարավորինը նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքի քանակը:
Քաղցրի սահմանակումը պայմանավորված է միայն ճարպակալման ռիսկի նվազեցման հետ, քանի որ ճարպակալումը ռիսկի գործոն է ուռուցքային հիվանդության առաջացման կամ կրկնման համար:
Պետք է բացառել գրգռիչ, դժվարամարս, շատ համեմված կամ հոտավետ ուտելիքներն ու կերակուրները (սունկ, մեծ քանակությամբ սոխ, սխտոր, կծու, թթու) և այլն: Բացառել ալկոհոլային և գազավորված գունավոր ըմպելիքները :
Բացառել ծխախոտի օգտագործումը: