News

«Պետք էր, գնացինք»․ հիշում են Արցախյան պատերազմի մասնակից բժիշկները

«Եթե կորոնավիրուսը չլիներ, մենք այսօր Երևանում չէինք լինի։ Ամեն տարի այս օրը մենք անցկացնում էինք Արցախում, այցելում մեր կորցրած ընկերների շիրիմները, անհայտ զինվորի գերեզմանը», - ասում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վարիչ, նեյրովիրաբույժ Լևոն Հարությունյանը։

Արցախյան պատերազմի ժամանակ նա աշխատել է Ստեփանակերտի հոսպիտալում։ Իսկ իմ մյուս զրուցակից՝ ՈՒԱԿ Վերակենդանացման և անէսթեզիոլոգիայի բաժանմունքի անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արա Պապյանը, Լևոն Հարությունյանի բնորոշմամբ, «պարտիզան» էր։ Եղել է պատերազմի բոլոր թեժ կետերում․ Հադրութ, Շահումյան, Մարտունի, Մարտակերտ։ «Միայն Քարվաճառում չեմ եղել, - ասում է Արա Պապյանը, - Այդ ժամանկ վիրավոր էի»։

Երկու զրուցակիցս էլ դժվարախոս են։ Հարցին, թե ինչու պատերազմ գնացիք, ասում են․ «Պետք էր, գնացինք։ Հիմա էլ որ պետք լինի, էլի կգնանք»։
Իրենց մասին չեն խոսում, ավելի շատ ընկերներին են հիշում, արցախցի բժիշկների անուններն են տալիս․ Բորյան, Լեոնիդը, Վալերան Մարության։ Ասում են, իսկական հերոսները նրանք էին։ Կամ էլ Լևոնը Արայի մասին է պատմում․ նա սկզբում «Եղնիկներ» զորամասի բժիշկն էր, հետո հատուկ բժշկական արագ արձագանքման ջոկատ ստեղծվեց, դա էր ղեկավարում։ Ու կրակի տակից վիրավորների էր հանում, մինչև որ գնդակը իրեն դիպավ։

Երկուսով հիշում են վիրաբույժ Վալերի Մարությանին, «Դեդին», որը հենց պատերազմի ընթացքում զրոյից կայացրել է ռազմական բժշկության ծառայությունը։ Ու կազմակերպել ամբողջ շղթան․ առաջին բուժոգնություն ռազմի դաշտում, տեղափոխում դաշտային հոսպիտալ, այնուհետև՝ Ստեփանակերտ, կենտրոնական հոսպիտալ, որը գործում էր կանգուն մնացած շենքերից մեկի նկուղում։ Շղթան անխափան աշխատում էր, նույնքան անխափան աշխատում էր նաև դեղորայքի ու բժշկական պարագաների մատակարարման շղթան։ Զարմանալի է, բայց այդպես էր։ Ասում են, այդպես չլիներ, չէինք հաղթի։ Չէինք հաղթի, եթե չլիներ արցախցիների հերոսությունը, որոնք կանանց ու երեխաներին չէին տարհանել, եթե չլիներ միասնությունը, եղբայրությունը, այդ, Լևոն Հարությունյանի խոսքով, «ռոմանտիկ» վիճակը։

««Դեդը» զրոյից ստեղծեց լավագույն ռազմական բժշկական ծառայություններից մեկը։ Մարդկային շատ լավ բաներ ենք իրենից սովորել։ Երիտասարդ, նորավարտ բժիշկները գալիս էին, ու այնպիսի վիրահատություններ էին անում, կյանքեր փրկում, որ դժվար է պատկերացնել, թե խաղաղ պայմաններում հնարավոր լիներ այդ արագությամբ կողմնորոշվել ու անել այն, ինչ պետք է», - հիշում է Լևոն Հարությունյանը, որն այդ ընթացքում մոտ 160-170 վիրահատություն է կատարել։

«Շատ խելոք էր սարքված, անգամ, ասում են, Իսրայելում այն ժամանակ հետաքրքրվել էին մեր ռազմական բժշկության փորձով», - հավելում է Արա Պապյանը։

Հիշում են ռազմի դաշտում մահացածներին։ Բեկոր Աշոտը, Մարտակերտի Նորիկը։ Նորիկին Լևոն Հարությունյանը մի անգամ վիրահատել էր, նա լավացել ու վերադարձել էր ճակատ։ Երկրորդ վիրավորումը մահացու էր։

«Մարտակերտի Նորիկը Քարվաճառի գործողության ժամանակ մի ադրբեջանցի երեխայի էր գտել, բերել էր Մարտակերտ, պահում էր։ Երեխան մոտ 7-8 տարեկան կլիներ, հայերեն էլ լավ խոսում էր։ Նորիկին պապա էր ասում, իսկ Ցվետանա Պասկալևային՝ մամա։ Հետո մյուս գերիների հետ երևի այդ երեխային էլ հանձնեցին ադրբեջանական կողմին», - հիշում է Արա Պապյանը։

«Իսկ ադրբեջանցի գերիներին բուժօգնություն ցուցաբերե՞լ եք», - հարցնում եմ ես։ Արա Պապյանը հիշում է, որ հետախույզները վիրավոր ադրբեջանցի զինվորի բերեցին։ Թոքն էր վնասված ու ոտքը։ «Չեմ կարող ասել, որ հումանիզմից դրդված եմ արել, հետախուզությունից ասացին, շատ կարևոր գերի է, պետք է փրկել ։ Մարտակերտում էր։ Բեկորի քույրը այնպես էր խնամում, ասում էր «խոխա» է էլի։ Երիտասարդ էր շատ։ Փրկեցինք», - ասում է նա։
Շուշիի ազատագրման օրը Լևոն Հարությունանը արդեն Երևանում էր, իսկ Արա Պապյանը՝ Շահումյանում։ Ռացիայով էր լսում գործողության մասին։ «Ի՞նչ զգացիք, - հարցնում եմ, - երբ գործողությունը վերջացավ»։ Ասում է․ «Լավ էր, երեք օր չէին կրակում, հանգստացանք։ Երեք օր անց էլի սկսեցին կրակել»։

Հետո, որսալով իմ զարմացած հայացքը, թե՝ ընդամենն այդքա՞նը, վերջակետ է դնում․ «Եթե Ղարաբաղում չհաղթեինք, Հայաստանը վաղուց չէր լինի»։
Լևոն Հարությունյանը չի հիշում, եղե՞լ է արդյոք հայ ժողովրդի պատմության մեջ երկրորդ նմանատիպ պատերազմ ու հաղթանակ։ «Պատմությունից ես չգիտեմ այլ այդպիսի պատերազմ։ Միակ պատերազմն է եղել, որ հաղթել ենք, ու հիմա պետք է պահպանենք այդ հաղթանակը։ Չպահպանելը բացառվում է, դրա մասին չի կարելի խոսել, որովհետև դա կնշանակի ազգի անկում։ Եթե մի բառով ասենք, դա մեր հպարտությունն է», - ասում է Լևոն Հարությունյանը։

Զրուցեց Անահիտ Սարգսյանը

 



18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է