Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ավանդույթի համաձայն, Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից խնդիրները և ոլորտում գրանցված հաջողությունները: Սիմպոզիումի մասնակիցներն էին ոլորտին առնչություն ունեցող բժիշկներ Հայաստանի և ԼՂՀ տարբեր բուժհաստատություններից: Միջոցառմանը մասնակցեցին նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում և ներկայացնում է աշխարհում հեղինակավոր ԵվրոպաԴոննա միությունը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առանձնահատուկ է կարևորում վերապրածների դերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:
Սիմպոզիումին և նրա շրջանակում քննարկվող խնդիրներին վերաբերող հարցերով զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ:
Հայաստանում արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում է նման սիմպոզիում: Ի՞նչ դեր ունի այն կրծքագեղձի քաղցկեղի բուժման խնդրում:
-Առաջին հայացքից թվում է, թե կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին շատ ենք խոսում: Իրականում, եթե փորձենք համեմատություն անցկացնել ավելի զարգացած երկրների հետ, հավատացե՛ք, մենք շատ հեռու ենք այն մակարդակից, թե որքան է բարձրաձայնվում ու կարևորվում խնդիրը: Առհասարակ, աշունը, հատկապես՝ հոկտեմբերը, կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային ամիս է համարվում:
Խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին բարձրաձայնելու կարևորության մասին:
-Կրծքագեղձի քաղցկեղը ընդհանուր առմամբ չարորակ ուռուցքների այն տեսակներից է, որն, այսպես ասած, «շնորհակալ է» բուժման արդյունքին: Եթե այն ժամանակին է հայտնաբերվում՝ լիովին բուժվելու շանսերը մեծ են, ընդ որում, այն հայտնաբերելը այդքան դժվար չէ: Գոյություն ունեն հատուկ ցուցումներ, թե ինչ պարբերականությամբ պետք է հետազոտվել, որ տարիքում, ռիսկային ինչ խմբեր գոյություն ունեն և այլն: Որքան շատ բարձրաձայնենք խնդիրը, այնքան կբարձրանա դիմելիությունը հետազոտման համար: Անկախ նրանից՝ կինը ունի որևէ գանգատ, թե՝ ոչ, հետազոտության արդյունքում կնոջ մոտ հնարավոր է ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը: Այդ առումով այս օրգանի սկրինինգը ունի առավելություն մյուս օրգանների կանխարգելիչ ստուգումների նկատմամբ: Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը տալիս է իր դրական արդյունքը և հատկապես ռիսկի խմբերում:
Սա երկրորդ սիմպոզիումն է: Առաջին տարում ի՞նչ բացթողումներ էին բարձրաձայնվել, որոնք այս տարի շտկվեցին:
-Այս տարի, դրսից ժամանած մասնագետներին հրավիրելուց զատ, կազմակերպեցինք նաև հիվանդությունը հաղթահարած կանանց ներկայությունն ու ելույթները: Եթե մինչ օրս հիվանդները խուսափում էին խոսել իրենց հիվանդության մասին, այսօր այդ կարծրատիպը փորձում ենք վերացնել և ունենք հիվանդների խումբ, ովքեր մեզ հետ միասին պայքարում են հիվանդության դեմ՝ քաջալերելով մնացած կանանց: Նման մոտեցումը մեծ դեր է խաղում: Այս սիմպոզիումի ընթացքում հիվանդությունը հաղթահարած հիվանդներից ելույթ ունեցան երկուսը: Ելույթով ներկայացան նաև Հոգեուռուցքաբանների ասոցիացիայի հոգեբանները, ովքեր ոլորտում աշխատելու հմտություն ունեն և դեռ շատ անելիքներ: Հոգեուռուցքաբանությունը այս ոլորտում համեմատաբար նոր տերմին է ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Փորձում ենք հասնել նրան, որ քաղցկեղի բուժման գործնթացում հոգեուռուցքաբանն պարտադիր ընդգրկվի բժիշկների թիմային աշխատանքում:
Ոլորտին առնչվող ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Հոկտեմբերին հրավիրված ենք Փարիզ՝ մասնակցելու ԵվրոպաԴոննա միջազգային կազմակերպության համաեվրոպական կոնգրեսին: Միջոցառմանը կմասնակցեն նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում: Հինգ հոգանոց պատվիրակությամբ մեկնելու ենք Փարիզ, որտեղ լինելու են թրեյնինգներ և սովորելու ենք, թե ինչպես պետք է աշխատել հիվանդների հետ այդ պայքարի կազմակերպման գործընթացում: Նման կազմակերպությունները մեծ կշիռ ունեն Եվրոպայում, անգամ որոշակի ազդեցություն պետական կառույցների և կլինիկաների վրա: Մենք պետք է հասնենք դրան:
Սիմպոզիումի ի՞նչ արդյունքներ կներկայացնեք:
-Որքան էլ խոսենք կրծքագեղձի քաղցկեղից և ունենանք գրականություն, միևնույն է, հիվանդի հետ առօրիայում շփվելիս որոշակի նեղ մասնագիտական հարց կարող է բժշկի համար բաց մնալ: Սիմպոզիումի ընթացքում Եվրոպայից ժամանած մեր գործընկերների հետ քննարկում ենք անգամ փոքր թվացող, սակայն հուզող հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Արտերկրում նման սեմինարներին հնարավորություն ունեն մեր մասնագետներից մասնակցելու մի քանիսը, իսկ մեզ մոտ անցկացված սիմպոզիումին մասնակցեցին 70 բժիշկ:
Որո՞նք են ոլորտին առնչվող այսօրվա խնդիրները:
-Ցավոք, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար անհրաժեշտ է պետական աջակցությունը. խոսքը կանոնակարգված անվճար մամոգրաֆիայի մասին է: Այսօր նկատելի են որոշակի քայլեր, օրինակ, սոցփաթեթի առկայությունը, հասարակության որոշ շերտերին անվճար մամոգիրաֆիայով հետազոտվելու հնարավորություն է տրված, սակայն այս մոտեցումը պետք է ավելի ընդլայնել: Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ Հայաստանում իրականացվի պետական անվճար սկրինինգ, իսկ նման կարգի սիմպոզիումը տվյալ խնդրի մասին բարձրաձայնելու ճանապարհներից է: Խնդրի լիարժեք լուծման համար, ցավոք, մեր երկրում հնարավորությունները ցանկություններից սուղ են: Համոզված եմ, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը շուտով կանցկացվի պետական օժանդակությամբ: