Новости

Եթե քաղցկեղը հայտնաբերվի ավելի վաղ փուլերում, ապա որևէ քաղցկեղ չի կարող մահվան պատճառ դառնալ

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող օնկոգինեկոլոգիական բաժանմունքում հիմնականում բուժվում են արգանդի մարմնի, արգանդի վզիկի և ձվարանների չարորակ, ինչպես նաև բարորակ ուռուցքներով հիվանդ կանայք: Որոնք են այդ հիվանդությունների առաջացման պատճառներն ու դրանց նախանշանները, զարգացման միտումները, և որքանո՞վ են այդ հիվանդությունները բուժելի: Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանի հետ:


–   Պարոն Ջիլավյան, ներկայացրեք խնդրեմ օնկոգինեկոլոգիական բաժանմունքը, և ի՞նչ ծառայություններ եք մատուցում:


–   Օնկոգինեկոլոգիական բաժանմունքը գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման առաջին օրվանից: Բաժնում բուժվում են բարորակ և չարորակ նորագոյացություններ ունեցող, ինչպես նաև նախաքաղցկեղային վիճակով կանայք: Բաժնում հիմնականում վիրահատական բուժում է իրականացվում, և կատարվում են բոլոր այն վիրահատությունները, որոնք այսօր ընդունված են ամբողջ աշխարհում, մասնավորապես, արգանդի վզիկի և արգանդի մարմնի ուռուցքներ ունեցող հիվանդնեի մոտ` ընդլայնված վիրահատություններն են, ձվարանների չարորակ ուռուցքներով հիվանդների մոտ`ադեկվատ վիրահատությունները:

Իսկ ադեկվատ, որովհետև ձվարանների չարորակ ուռուցքներով հիվանդների մոտ շատ դեպքերում կատարվում են ոչ ադեկվատ վիրահատություններ, եթե նրանք դիմում են ոչ մասնագիտացված բուժհաստատություններ: Ցավոք` նման դեպքերը հաճախ են հանդիպում, և գրեթե ամեն օր մենք առնչվում ենք դրանց հետ: Բացի ոչ ադեկվատ վիրահատությունից, կարող է կատարվել նաև ոչ համապատասխան ծավալի վիրահատություն, որն անհրաժեշտ է տվյալ հիվանդին. յուրաքանչյուր հիվանդություն պետք է բուժվի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում:


Բացի նշվածից, բաժնում բարորակ ուռուցքներով, նախաքաղցկեղային վիճակով հիվանդների մոտ կատարվում են նաև կոնսերվատիվ վիրահատություններ, որոնց ընթացքում պահպանվում են ևʹ կնոջ օրգանները, ևʹ վերարտադրողական ֆունկցիան:
Մենք համագործակցում ենք նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մյուս` քիմիաթերապիայի և ճառագայթային բաժինների հետ, որովհետև միշտ չէ, որ հիվանդին բուժումը պետք է սկսել վիրահատական միջամտությունից: Շատ ժամանակ պետք է նախ կատարել քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում, հետո միայն վիրահատություն: Լինում է և հակառակը` վիրահատությունից հետո է նշանակվում քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում: Իսկ թե յուրաքանչյուր հիվանդին ինչպիսի բուժում է անհրաժեշտ, որոշվում է կոլեգիալ` բոլոր բաժինների բժիշկների հետ միասին: Դրանով էլ կարևորվում է բուժումը մասնագիտացված բուժհաստատություններում իրականացնելը:


–    Ի՞նչ նյութատեխնիկական բազայով ու բուժանձնակազմով եք աշխատում:


–    Մեր բաժնում աշխատում է վեց բժիշկ, որոնցից երկուսը բժշկական գիտությունների թեկնածու են: Բաժինը նյութատեխնիկապես բավական հագեցած է, և ունենք ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ: Օրինակ, կոլպոսկոպը հնարավորություն է տալիս զննել հեշտոցի և արգանդի վզիկի լորձաթաղանթը, հնարավորություն է տալիս կատարել մորֆոլոգիական քննություն օրգանների կասկածելի հատվածներից և ստանալ համարժեք պատասխան, որը հնարավորություն է տալիս հետագայում կատարել ադեկվատ բուժում: Ունենք նաև «Շտորց» ֆիրմայի հիստերոսկոպ, որի միջոցով հնարավոր է արգանդի խոռոչի, լորձաթաղանթի զննում կատարել:

Այդ սարքավորումը թույլ է տալիս ոչ թե փակ աչքերով կատարել բիոպսիաներ, այլ զննելով արգանդի խոռոչը բիոպսիա կատարել առավել կասկածելի հատվածներից: Հիստերոսկոպը թույլ է տալիս կատարել նաև պոլիպների փոքր հանգույցների հեռացում, որի արդյունքում հիվանդները չեն ենթարկվում մեծ վիրահատությունների:


–    Գինեկոլոգիական ոլորտում հատկապես ո՞ր ուռուցքներն են առավել տարածված, և ո՞ր տարիքային խմբերում:


–    Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է վիճակագրական խումբ, որը կատարում է հանրապետությունում գրանցված` չարորակ ուռուցքներով հիվանդ անձանց վիճակագրության վերլուծություն: 100.000 բնակչի թվով հաշվվող տվյալներում կատարվում է հիվանդացության, հիվանդության բարձիթողության և մահացության դեպքերի ցուցանիշների վերլուծություն: Իսկ բարձիթողությամբ բնորոշվում է այն վիճակը, երբ արդեն հնարավոր չէ կատարել ռադիկալ վիրահատություն կամ ցուցաբերել համարժեք օգնություն:
Եթե համեմատենք 2013 և 2014 թվականների տվյալները, ապա արգանդի մարմնի չարորակ ուռուցքի հիվանդացության դեպքերն աճել են` 12.2-ից հասնելով 14.7-ի 100.000 կին բնակչի թվով: Այս հիվանդության դեպքում աճել է նաև մահացության թիվը` 7.1-ից դառնալով 9.2: Ցավոք, աճել են նաև բարձիթողության ցուցանիշները` 35.9-ից հասնելով / 40.9-ի:


Փոխարենը 2013-ի համեմատ 2014-ին նվազում է գրանցվել արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդության ցուցանիշներում` 17.5-ից հասնելով 14.6-ի: Նվազման դինամիկա է գրանցվել նաև մահացության ցուցանիշներում`9.5-ից իջնելով 6.9: Իսկ ահա բարձիթողության ցուցանիշներով թիվն աճել է` 57.8-ից հասնելով 68.5-ի: Զարմանալին այն է, որ ամենաբարձիթողի վիճակը հենց արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում է, դա էլ այն դեպքում, երբ այդ հիվանդությունն աչքով տեսանելի է, և կարելի է վաղ փուլերում անգամ նկատել:


Ձվարանների քաղցկեղի դեպքում 2014 թ.-ին քիչ աճ է գրանցվել` 12.3-ից հասնելով 12.8: Սակայն ինչ որ տեղ այս դեպքում կա բացատրություն, ձվարանների քաղցկեղն ամենադժվար ախտորոշվող հիվանդությունների շարքին է դասվում, քանի որ այս հիվանդության սիմպտոմները շատ նման են այլ հիվանդությունների սիմպտոմներին: Փոխարենը նվազել են մահացության ցուցանիշները` 10.5-ից հասնելով 7.6: Եվ որքան էլ զարմանալի է, բայց ունենք ձվարանների վիճակի բարձիթողության թիվն էլ է նվազել` 40.3-ից` 32.6:


–    Ասում են նաև, որ ձվարանների քաղցկեղն ամենամահաբերն է: Ինչո՞վ է դա պայմանավորվում:


–    Եթե քաղցկեղն ախտորոշվում է և բուժումն սկսվում է առաջնային, վաղ փուլերում, ապա այն մահաբեր չէ և բուժվող հիվանդություն է: Խնդիրը նրանում է, որ կարողանանք մարդկանց ստիպել, համոզել, որ եթե կատարվի սիստեմատիկ հետազոտություն, և քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում, ապա այդ ժամանակ ոչ մի քաղցկեղ էլ մահաբեր չի կարող լինել:

Մենք քաղցկեղի բուժման բավական բարձր արդյունքներ ունենք ևʹ վիրահատական, ևʹ քիմիաթերապիայի, ևʹ ճառագայթային բուժման դեպքերում: Իսկ բարձիթողի վիճակում ցավոք սրտի բոլոր քաղցկեղներն էլ մահաբեր կարող են համարվել: Իհարկե, ձվարանի չարորակ ուռուցքներն ավելի դժվար են ընթանում, ավելի վտանգավոր են, որովհետև ձվարանները գտնվում են որովայնի խոռոչում, սահմանազատված չեն որովայնից ոչնչով, և քաղցկեղի առաջանալուց հետո այն սկսում է տարածվել որովայնում:


–    Որո՞նք են քաղցկեղի նախանշանները:
–    Տարբեր պաթոլոգիաների ժամանակ քաղցկեղի նախանշանները կարող են տարբեր լինել: Օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում նախանշաններ, ցավոք, շատ քիչ են, և հիմնականում դրանց հայտնաբերվելն արդեն խոսում է քաղցկեղի զարգացած վիճակի մասին: Արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ նախանշանն արտադրությունն է, արգանդի մարմնի քաղցկեղի դեպքում` այն կանանց մոտ, ովքեր գտնվում են դաշտանադադարի (մենոպաուզա) շրջանում, առաջանում են արյունային արտադրություններ, ձվարանների քաղցկեղի նախանշաններ համարվում են որովայնի չափերի մեծացումը, ընդհանուր վիճակի վատացումը և այլն:


Բացի այդ, կան առանձին հիվանդություններ, որոնք կարող են որպես քաղցկեղի նախանշան դիտվել: Ուղղակի խնդիրն այն է, որ մենք հայտնաբերենք նախաքաղցկեղային վիճակում գտնվող հիվանդներին և, բուժում անցկացնելով` չթողնենք` քաղցկեղը զարգանա:


–    Սեռավարակները կարո՞ղ են օնկոգինեկոլոգիական խնդիրների պատճառ հանդիսանալ:


–    Անպայման, ապացուցված փաստ է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման պատճառներից մեկը սեռավարակներն են: Եվ այդ քաղցկեղի պրոֆիլակտիկաներից մեկը համարվում է սեռական մշակույթը: Ապացուցված է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի ժամանակ հիմնական հարուցիչը պապիլոմա վիրուսն է, որի դեմ բուժումը, ցավոք, ոչ միշտ է արդյունավետ: Ապացուցված է, որ այն կանայք, ովքեր ունեն բազմաթիվ սեռական կոնտակտներ տարբեր զուգընկերների հետ, նրանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը շատ ավելի բարձր է:


–    Իսկ հղիության արհեստական ընդհատումները որքանո՞վ են նպաստում քաղցկեղի զարգացմանը:


–    Դրանք նույնպես հանդիսանում են արգանդի վզիկի քաղցկեղի մեծ ռիսկային գործոն: Նորից ապացուցված է, որ այն կանայք, ովքեր բազմաթիվ անգամներ հիղիության արհեստական ընդհատում են կատարել, նրանց մոտ արգանդի վզիկի քաղցկեզղի զարգացման հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է: Նորից պետք է նշել, որ շատ կարևոր է ևʹ սեռական, ևʹ վերարտադրողական մշակույթին տիրապետել և օրգանիզմին փորձությունների չենթարկել:


–    Բացի թվարկածս ռիսկային գործոններից` ի՞նչ այլ պատճառներ կարող են նպաստել չարորակ ուռուցքների զարգացմանը, կա՞ն սոցիալական խմբեր, որոնք գտնվում են առավել վտանգված գոտում:


–    Թերևս որպես պատճառ ավելացնեմ նաև ծխելը: Նորից ապացուցված է, որ ծխող կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղը շատ ավելի հաճախ է հանդիպում: Այս դեպքում էլ իմունիտետն է խախտվում, և արգանդի վզիկը դառնում է շատ ավելի զգայուն` վիրուսների ազդեցության համար: Ինչ վերաբերում է արգանդի մարմնի քաղցկեղին, ապա պետք է հիմնականում ուշադրություն դարձնել այն կանանց, ովքեր ունեն շաքարային դիաբետ, հիպերտոնիա և գիրություն, այս հիվանդությունները նաև կոչվում են դասական եռյակ:
Ինչ վերաբերում է ձվարանի քաղցկեղին, ապա ռիսկային գործոն հանդիսանում է երկար տարիներ կիստաների առկայությունը: Տարիների ընթացքում երկարատև, անարդյունավետ  բուժումը բերում է ձվարանի քաղցկեղի:

Եթե այդ կիստան ներծծվող է, ապա կներծծվի, եթե ոչ` երկար բուժում անցկացնել պետք չէ, որովհետև այն արդեն ռիսկային գործոն է հանդիսանում: Բացի դրանից, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների արդյունքում քրոնիկ բորբոքային պրոցեսները կարող են նույնպես հանգեցնել քաղցկեղի:


Սեռական արտաքին օրգանների քաղցկեղի դեպքում ռիսկային գոտում այն կանայք են գտնվում, ովքեր 60 տարեկանից բարձր տարիքի են: Կան նաև արտաքին սեռական օրգանների նախաքաղցկեղային բազմաթիվ հիվանդություններ, ինչպես նաև` շաքարային դիաբետը, որոնք նույնպես կարող են հանգեցնել քաղցկեղի:


–   Ըստ միջազգային տարբեր վիճակագրական տվյալների` վերջին ժամանակներում ուռուցքային հիվանդությունները երիտասարդացել են: Ձեր դիտարկումներով` ինչպիսի՞ն է պատկերը:


–   Այո, ցավոք` հիվանդությունը երիտասարդանում է: Այդ մասին ևʹ վիճակագրական տվյալներն են խոսում, ևʹ մենք ենք ամենօրյա աշխատանքի ընթացքում շփվում ու տեսնում: Կան քաղցկեղներ, որոնք ժամանակին հանդիպում էին միայն տարեց կանանց մոտ, հիմա ցավոք, սկսել են հանդիպել երիտասարդ տարիքում: Դա, իհարկե, մեզ անհանգստացնում ու մտահոգում է: Նույնը կարելի է ասել ոչ միայն քաղցկեղի, այլև բարորակ ուռուցքների մասին, որը եթե մի ժամանակ հիմնականում տարեց կանանց մոտ էր հանդիպում, ապա հիմա հաճախ հանդիպում է նաև երիտասարդ կանանց մոտ, անգամ` չամուսնացած:


Դա կարելի է կապել ևʹ էկոլոգիայի, և սեռական մշակույթի հետ, գուցե` նաև ծխելը: Այդ բոլորը գործոններ են, որոնք կարող են բերել քաղցկեղի առաջացման:


–     Համաքաղաքային և համահանրապետական պոլիկլինիկաներում շարքային արյուն հանձնողի համար որքանո՞վ է բացահայտելի խնդիրը նախնական փուլում:


–    Այդ հարցը մենք անընդհատ բարձրացնում ենք, և չգիտեմ, թե ինչու այն լուծում չի ստանում: Խորհրդային տարիներին բոլոր պոլիկլինիկաներում կային զննողական կաբինետներ: Բոլոր հիվանդները, գալով բժշկի, անկախ նրանից, թե ինչի համար են դիմում բժշկի, սովորական արյան անալիզ հանձնելու համար նրանք անպայման այցելում էին այդ զննողական կաբինետները, որտեղ առաջին հերթին զննում էին նրանց արգանդի պարանոցն ու գրանցում աչքով երևացող պաթոլոգիաները, և շատ ժամանակ մեծ տոկոսով այդ կանանց մոտ հայտնաբերվում էր քաղցկեղ վաղ փուլերում կամ նախաքաղցկեղային վիճակ: Հիմա բոլոր պոլիկլինիկաներում այդ զննողական կաբինետները փակվել են: Ես չեմ կարող ասել, թե ինչու են փակվել, և չեմ կարող ասել, թե ինչու չեն բացվում: Որքանով տեղյակ եմ, ներկայումս մտադրություն կա վերաբացելու այդ զննողական կաբինետները: Հուսամ, որ այդ հարցը կլուծվի, և հիվանդությունները կբացահայտվեն սկզբնավորման փուլում:


–    Որքանո՞վ է գործում երբեմնի ուղեգրման գործընթացը: Եվ պոլիկլինիկաներից ու Մաշկաբանական ու սեռավարակների գիտահետազոտական ինստիտուտից հիվանդների ուղղորդո՞ւմ են ձեզ մոտ:


–    Մաշկաբանական ու սեռավարակների գիտահետազոտական ինստիտուտից ուղղորդվող հիվանդների ես չեմ տեսել: Նրանք հիմնականում զբաղվում են սեռավարակներով և բավական արդյունավետ են բուժում: Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներին, ապա ներկայումս նոր ուղեգրման ձև է մշակվել, և Ուռուցքաբանության ազգային կենտրոն ընդունվում են չարորակ ուռուցք ունեցող միայն այն հիվանդները, ովքեր ունեն պոլիկլինիկաների կողմից տրամադրված համապատասխան ուղեգրեր: Այսօր այդ գործընթացը շատ լավ է աշխատում:


–   Կա՞ հարց, որ չտրվեց, բայց կցանկանայիք խոսել:


–   Միայն կուզենայի հորդորել, որ մեր կանայք լինեն ավելի ուշադիր իրենց առողջության հանդեպ և չզլանան գոնե տարին մեկ անգամ այցելել գինեկոլոգի և պարզապես հետևել իրենց առողջությանը: Նորից եմ կրկնում, եթե նախաքաղցկեղային վիճակը և քաղցկեղը հայտնաբերվում են վաղ փուլում, դա համարվում է բուժվող հիվանդություն: Այն խորանալու դեպքում է դառնում չբուժվող: Պարզապես պետք է լինել ավելի ուշադիր սեփական առողջության հանդեպ:


Զրուցեց` Հասմիկ  Հովհաննիսյանը


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է