Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն
Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
20-ամյա հղի կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ողնաշարի շրջանում սուր ցավերով՝ պայմանավորված կրծքագեղձերի արագ ու անբնական աճով՝ չափերի ու ծանրության ավելացումով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ամբողջ կրծքագեղձը վերափոխված էր և հայտնաբերվել են 6-8 սմ-անոց բազմաթիվ ֆիբրադենոմաներ։ Առաջարկվել է վիրահատական բուժում՝ կրծքագեղձերի մեծ գոյացությունների հեռացումով՝ հնարավորինս պահպանելով կրծքագեղձերը։
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 3-ին իրականացվել է առաջին վիրահատությունը։ Վիրահատության սկզբում պարզ է դարձել, որ գոյացություններն առանձին հնարավոր չէ հեռացնել, քանի որ կիպ հարում են և կազմում են մի ամբողջ զանգված (կոնգլոմերատ) և վիրահատությունը, ըստ էության, կատարվել է կրծքագեղձի գրեթե ամբողջական հեռացում՝ մաշկի և պտուկ-արեոալյար կոմպլեքսի պահպանմամբ։ Հաշվի առնելով հեմոգլոբինի ելային ցածր մակարդակը և արյան կորուստը կապված տեխնիկական դժվարությունների հետ, որոշում է կայացվել մյուս կրծքագեղձի վիրահատությունը հետաձգել։
Նախապատրաստական միջոցառումներից հետո հունիս 7-ին իրականացվել է երկու կրծքագեղձերի ամբողջական հեռացում։ Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ մամոլոգիական բաժանմունքի ղեկավար Անդրեյ Մինասյանցը, բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանը, անեսթեզիոլոգ Գուրգեն Ամիրխանյանը, ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանը, ինչպես նաև այլ բժշկական կենտրոնից հրավիրվել է պացիենտի հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Ջուլհակյանը։
ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ պացիենտի 20 շաբաթական հղիությունը զուգակցվում էր բնականից ցածր՝ 86մգ հեմոգլոբինով, և նախապես որոշված մեկ վիրահատության փոխարեն կատարվեցին երկուսը՝ պայմանավորված արյան ռիսկային կորստով, ինչը կարող էր վտանգ հանդիսանալ և՛ մոր, և՛ պտղի համար։ Հետվիրահատական հեռացված զանգվածը կշռում էր շուրջ 10 կգ՝ յուրաքանչյուր կրծքագեղձից։ Բարդություններից խուսափելու համար ողջ ընթացքում եղել է սոնոգրաֆիկ վերահսկողություն:
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Վիրահատությունից հետո հղիի և պտղի վիճակը գնահատվել է բավարար, օրեր անց դուրս են գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում են վիրաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ։
Մեր մասնագետներն անում են անհնարինը։