Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում
Ցավոք Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը դեռ հաճախ է հայտնաբերվում ուշացած փուլերում՝ ինչը չի կարող չանդրադարնալ բուժման արդյունքներին: Այդ իսկ պատճառով հորդորում ենք կանանց հետևել հետևյալ խորհուրդներին.
1.Կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում:
Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:
2.Պարբերաբար անցնել կրծքագեղձի մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում գործիքային հետազոտություն (մամոգրաֆիկ, ուլտրաձայնային, կամ ՄՌՏ)՝ըստ բժշկի ցուցումների:
- Եթե չկա բացարձակ ցուցում և անհրաժեշտություն, ապա 25 - 35 տարեկան կանանց կատարվում է կրծքագեղձերի սոնոգրաֆիա: 35 տարեկանում կատարվում է կրծքագեղձերի մամոգրաֆիայի մեկ նկար, որպեսզի տեղեկություն լինի գեղձի վերաբերյալ և դրանից հետո տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնել սոնոգրաֆիկ զննություն: 40-ից մինչև 50 տարեկան՝ 2 տարին մեկ կատարվում է մամոգրաֆիա, եթե չկան արտահերթ ցուցումներ: 50-ից մինչև 80 տարեկանը՝ տարին մեկ անգամ անհրաժեշտ է անցնել մամոգրաֆիկ զննություն, 80 տարեկանից հետո այցելուն ինքն է որոշում գալ հետազոտության, թե՝ ոչ:
3.Վարել առողջ ապրելակերպ:
Ապրելակերպը փոխելով՝ դուք կարող եք նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, և սա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, անգամ բարձր ռիսկի խմբի կանանց մոտ:
- Սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը: Եթե դուք օգտագործում եք ալկոհոլ (անկախ տեսակից՝ գարեջուր, գինի, լիկյոր և այլն) ամեն օր (անկախ քանակից՝ անգամ մեկ բաժակ), ապա գտնվում եք ռիսկի գոտում: Մի՛ ծխեք: Հետազոտությունների արդյունքները ենթադրում են անմիջական կապ ծխելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև, հատկապես երիտասարդ կանանց մոտ: Բացի այդ, ծխելու սովորությունից ազատվելն ամենալավ նվերներից է, որ կարող եք մատուցել ձեր առողջությանը: Հետևե՛ք Ձեր քաշին: Գերքաշը և ճարպակալումը բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սա է՛լ ավելի վտանգավոր է, երբ կինը գերքաշ է հավաքում դաշտանադադարից հետո: Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է զերծ մնալ գերքաշից և ճարպակալումից, որոնք համարվում են ռիսկի գործոններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս կապակցությամբ խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե ֆիզիկական ակտիվություն: Սա անհրաժեշտ է համալրել առնվազն շաբաթը երկու անգամ ուժային մարմնամարզությամբ: Կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելը կարող է որոշակի դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում: Կինն ինչքան երկար կերակրի կրծքով, այնքան մեծ կլինի պաշտպանական էֆեկտը: Հորմոնալ թերապիայի սահմանափակում: Հորմոն փոխարինող թերապիայից 3-5 տարի շարունակ օգտվելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Եթե օգտագործում եք հորմոնալ միջոցներ դաշտանադադարի տհաճ երևույթները նվազեցնելու նպատակով, ապա խորհրդակցեք բժշկի հետ որևէ այլ մեթոդի ընտրության համար: Այդ տհաճ երևույթներից կարելի է ազատվել նաև ոչ հորմոնալ մեթոդների շնորհիվ, օրինակ՝ ֆիզիկական ակտիվությամբ: Եթե, այնուամենայնիվ, դուք որոշել եք օգտագործել հորմոնալ դեղամիջոցներ, ապա հնարավորինս նվազեցրե՛ք դեղաչափը:
Կրծքագեղձի քաղցկեղի կամ նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերումը՝ դրա բուժման ամենակարևոր գրավականն է:
Քաղցկեղը դատավճիռ չէ
Հետևեք Ձեր առողջությանը և եղե՛ք իրազեկված
Լրացուցիչ ինֆորմացիա կարող եք գտնել www.breast.am մասնագիտական էջում: