Ռեկոնստրուկտիվ վիրահատություն ՈՒԱԿ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիմածնոտային վիրաբույժները ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտությամբ վերականգնել են պացիենտի ճակատի հետտրավմատիկ դեֆորմացիան։
Քսանյոթամյա տղամարդու՝ 14 տարվա վաղեմության վնասվածքը առաջացրել է ակնակապճի վերին պատի և ճակատային շրջանի դեֆորմացիա։
Վիրահատական միջամտությունից առաջ կատարվել է ՀՇ քննություն, որի հիման վրա կատարվել է գանգի թվային մոդելավորում և տիտանե կոնստրուկցիայի դիզայն, ապա 3D տպագրում։
Ըստ կոնստրուկցիայի կիրառման ուղեցույցի (guideline)՝ կատարվել է վիրահատությունը։ Մոտ 3 ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացվել է նաև ճակատային հատվածում սխալ սերտաճած ոսկրը։
Վիրահատությունն իրականացրել են Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը և բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Սերգեյ Ղազանչյանը։Անեսթեզիան իրականացրել է Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կոնստանտին Մակարյանը։
Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։Վիրահատության 3-րդ օրըպացիենտը դուրս է գրվել կենտրոնից։ Արդյունքում, մասնագետները ստացել են բնական էսթետիկ արդյունք։