Ծրագրեր
Թվային մամոգրաֆիա՝ տոմոսինթեզով և առանց
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի մամոգրաֆիկ սքրինինգի պիլոտային ծրագրով նախատեսվում է իրականացնել կրծքագեղձի սքրինինգային հետազոտություններ, որոնք կատարվելու են մամոգրաֆիկ շարժական սարքի միջոցով՝ ռենտգենյան ճառագայթների գործադրմամբ։ Մեթոդը, որն ավելի քան 30 տարվա միջազգային լայն կիրառում ունի, ապացուցողական բժշկության կողմից ճանաչված է որպես ամենաարդյունավետը 50-69 տարեկան կանանց հետազոտելիս: Մամոգրաֆիայի նպատակն է կրծքագեղձում հայտնաբերել տարբեր նորագոյացություններ` մինչև 2-3մմ, մինչև 50 միկրոն կալցիֆիկատներ, տարբերակել դրանց տեսակները և որոշել հիվանդության տարածվածությունը: Մամոգրաֆիայի ճշգրտությունը կարող է հասնել 90%-ի: Չնայած իր զգայունությանը, մամոգրաֆիան, այնուամենայնիվ, չի հայտնաբերում կրծքագեղձի բոլոր քաղցկեղները։ Հետևաբար, մամոգրաֆիան և բժշկի կողմից իրականացվող կլինիկական զննումը միմյանց լրացնող գործողություններ են՝ կրծքագեղձի ինքնազննման և դրա առողջության մասին իրազեկվածության հետ մեկտեղ։
Համաձայն քաղցկեղի ամերիկյան ընկերակցության ուղեցույցների՝ ԱՄՆ-ում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ երկու տարին մեկ անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:
Տոմոսինթեզով ռենտգեն թվային մամոգրաֆիան հանդիսանում է վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումը մամոգրաֆիայի ոլորտում: Այն կրծքագեղձի հետազոտության անփոխարինելի և յուրահատուկ մեթոդ է: Տոմոսինթեզը կամ 3D մամոգրաֆիան գործում է տոմոգրաֆիայի սկզբունքով, այսինքն՝ ցածր ճառագայթման պայմաններում կատարվում է մի քանի նկար, որոնք մշակվում են համակարգչով՝ թույլ տալով ուսումնասիրել ամբողջ կրծքագեղձը բարակ շերտերով, ինչը հնարավորություն է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները:
Թվային մամոգրաֆիայի սարք և հետազոտության գործընթաց
Սքրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է տարբեր անկյուններից՝ նկարելով կնոջ երկու կրծքագեղձերն առանձին-առանձին և յուրաքանչյուրն ամբողջությամբ, ի տարբերություն ախտորոշիչ մամոգրաֆիայի, երբ նկարվում է կրծքագեղձի թիրախային որևէ մասը։ Հետազոտության ընթացքում կրծքագեղձի սեղմումից կարող է առաջանալ կարմրություն, հազվադեպ՝ կապտուկներ, սակայն այդ ամենը որևէ բուժում կամ հատուկ խնամք չի պահանջում։ Կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգի ռադիոլոգիական հետազոտությունների գնահատականը տրվում է BI-RADS համակարգով։
Ցանկալի չէ կատարել մամոգրաֆիա մինչև 35 տարեկան կանանց, քանի որ տարիքային այդ շրջանում նախ կուրծքն ավելի զգայուն է ռենտգենյան ճառագայթների հանդեպ, և, բացի դրանից, ավելի երիտասարդ կանանց մոտ առավել ինֆորմատիվ է ԳՁՀ-ն: Հղի կանանց մամոգրաֆիան հակացուցված է. խիստ անհրաժեշտ դեպքերում կնոջը հագցնում են հատուկ պաշտպանիչ գոգնոց, այնուհետև կատարում մամոգրաֆիա: Իսկ կրծքով կերակրելը հակացուցում չի հանդիսանում մամոգրաֆիայի համար: Կինը կարող է կերակրել կրծքով մամոգրաֆիա անցնելուց անմիջապես հետո: Կանանց, որոնք պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:
Կրծքագեղձի ճառագայթային հետազոտության BI-RADS դասակարգման համակարգ
(Breast Imaging Reporting and Data System)
BI-RADS – 0 | Ըստ հետազոտության նկարների հնարավոր չէ կատարել հստակ եզրահանգում, անհրաժեշտ է կատարել կրկնակի` ավելի մանրամասն հետազոտություն կամ համեմատություն նախկին հետազոտության նկարների հետ (դրանց առկայության դեպքում): |
BI-RADS – 1 | Մամոգրաֆիկ նորմալ պատկեր, այսինքն՝ չկան գոյացություններ, կասկածելի կալցիֆիկատներ, կրծքագեղձի կառուցվածքային փոփոխություններ: |
BI-RADS – 2 | Բարորակ փոփոխություններ, անհրաժեշտ են պլանային հետազոտություններ: |
BI-RADS – 3 | Ամենայն հավանականությամբ (97-98%), բարորակ գոյացություն, անհրաժեշտ է կատարել կրկնակի հետազոտություն 3-6 ամիս անց (ըստ բժշկի ցուցման): Խորհուրդ չի տրվում կիրառել սքրինինգի ժամանակ։ |
BI-RADS – 4 | Կասկածվում է չարորակ ուռուցք, անհրաժեշտ է կատարել բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ ախտորոշումը ճշտելու նպատակով։ BI-RADS – 4a չարորակության ցածր կասկած (>2% մինչև ≤10%) BI-RADS – 4b չարորակության միջին կասկած (>10% մինչև ≤50%) BI-RADS – 4c չարորակության բարձր կասկած (>50% մինչև <95%) |
BI-RADS – 5 | Առկա բոլոր փոփոխությունները վկայում են չարորակ ուռուցքի մասին, անհրաժեշտ է կատարել բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ բուժման ճիշտ սխեմա ընտրելու համար: չարորակության կասկած >95% |
BI-RADS – 6 | Մորֆոլոգիապես հաստատված չարորակ ուռուցք, հաճախ կիրառվում է քաղցկեղի կրկնությունը հայտնաբերելիս՝ բուժումից հետո կամ թերապևտիկ բուժման ընթացքում ուռուցքի փոփոխությունները գնահատելու ժամանակ։ |
18-11-2024
Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում
15-11-2024
Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը
11-11-2024
Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է