ԿԼԻՆԻԿԱ

 

Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթների կիրառումն է ուռուցքային և որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից է: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների ավելի քան կեսն իրենց բուժման ընթացքում ստանում է ճառագայթային բուժում:

Մի շարք դեպքերում, օրինակ, մաշկի, ստորին շրթունքի, գլխի և պարանոցի ուռուցքների, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում, ճառագայթային բուժումը կարող է լինել բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդների մեծ մասի լիովին առողջացում: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ բուժում` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարելավելու նպատակով:

 

Տեխնիկական հագեցվածությունը և գործունեությունը

Առավել հաճախ կիրառվում է, այսպես կոչված, հեռահար ճառագայթային բուժումը, որի դեպքում ճառագայթահարումը կատարվում է մարմնից որոշակի հեռավորության վրա գտնվող հատուկ սարքերի միջոցով:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հեռահար ճառագայթային թերապիահի բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ հասանելի են հեռահար ճառագայթային բուժման ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ այն առաջինն էր Հայաստանում, որտեղ ներդրվեց ռադիոյոդային բուժումը՝ վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և բարձր արդյունավետություն ունեցող մոտեցումներից մեկը։

Կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվող յոդ 131-ռադիոիզոտոպ պարունակող դեղամիջոցը եվրոպական առաջատար ընկերության արտադրության է և համարվում է աշխարհում լավագույններից մեկը։

 

Բաժանմունքը հագեցված է հեռահար ճառագայթային բուժման ապահովման ժամանակակից սարքերով և լուծումներով.

  • Էլեկտրոնների գծային արագացուցիչ ELEKTA Compact (2013թ.): Շվեդական արտադրության արագացուցչային համալիրը թույլ է տալիս իրականացնել լիարժեք եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժում (3D-CRT), որը ներկայում ուղեցուցային մոտեցում է չարորակ նորագոյացությունների մեծ մասի ճառագայթային բուժման գործընթացում: Արագացուցիչը հագեցված է բազմաթերթ կոլիմատոր կոչվող սարքով, որի շնորհիվ հնարավոր է ճառագայթման փնջերը հարմարեցնել ճառագայթվող ուռուցքների չափերին և ձևին` առավելագույն պաշտպանելով շրջակա առողջ հյուսվածքները:
  • Կոբալտային գամմա-թերապևտիկ սարք TERABALT (2006թ.): Չեխական արտադրության այս սարքն աչքի է ընկնում մեծ հուսալիությամբ և բազմաթիվ իրավիճակներում կարող է արդյունավետ ու մատչելի տարբերակ լինել շատ ուռուցքային հիվանդությունների բուժման համար: Սարքn ամբողջովին արդիականացվել է 2014 թվականին` հագեցվելով գործունեության կառավարման թվային համակարգով:
  • Օրթովոլտային ռենտգեն թերապևտիկ սարք: Սարքը մեծ առավելություն ունի մակերեսայնորեն տեղակայված ախտաբանական գործընթացների ճառագայթման համար և լայնորեն կիրառվում է մաշկի նորագոյացությունների, մի շարք բարորակ և ոչ ուռուցքային գործընթացների բուժման համար:

Բաժանմունքում յուրաքանչյուր պացիենտի բուժումն իրականացվում է ըստ անհատական մշակված պլանի՝ միջազգային ուղեցույցերին համապատասխան:

 

Ճառագայթային բուժման նախապատրաստման և պլանավորման փուլի համար բաժանմունքը հագեցած է մի շարք ժամանակակից բարձր տեխնոլոգիական լուծումներով.

  • ՀՇ սիմուլյատոր (Siemens Somatom Emotion, 2014), • կոնվենցիոն սիմուլյատրո (Simulix, 2002),
  • Oncentra Masterplan ճառագայթային բուժման պլանավորման համակարգ (3-աչափ կոնֆորմալ ՌԹ),
  • Terraplan ճառագայթային բուժման պլանավորման համակարգ (2-2.5D-ՌԹ):

 

Բաժանմունքում տարեկան ճառագայթային բուժում են ստանում շուրջ 1300 ուռուցքաբանական հիվանդներ` տարբեր տեղակայման, այդ թվում` գլխուղեղի, գլխի և պարանոցի, կրծքագեղձի, կրծքավանդակի օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի, միզասեռական օրգանների, որովայնի խոռոչի օրգանների նորագոյացություններով, արյունաբանական հիվանդություններով: Ռադիոթերապիան իրականացվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ` համակցված կամ` որպես համալիր բուժման բաղադրիչ մաս:

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ոլորտի մի շարք այլ հեղինակավոր կառույցների հետ` մշտապես ջանալով լավագույն միջազգային մոտեցումները ներդնել` ի նպաստ Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության զարգացմանը: ԱԷՄԳ հետ համագործակցության ծրագրերը թույլ են տվել զգալիորեն արդիականացնել բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կազմակերպել բժիշկների և բժշկական ֆիզիկոսների բազմակի վերապատրաստումներն` արտերկրում:

Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմն իր ճանաչումն է գտել նաև միջազգային հարթակում. վերջին տարիներին բաժանմունքին վստահվել է ԱԷՄԳ աջակցությամբ արտերկրյա մասնագետների 1-3 ամսյա մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՈՒԱԿ-ում, իսկ բաժնի բժիշկներից ներգրավվել են ԱԷՄԳ և այլ միջազգային կազմակերպությունների միջազգային ծրագրերում որպես փորձագետ-դասախոսներ:

Բաժանմունքի բժիշկներն ակտիվորեն ներգրավված են նաև տարբեր գիտական և գիտակրթական ծրագրերում, բազմիցս մասնակցել են տեղական և միջազգային գիտական և գիտա-գործնական միջոցառումների, անդամակցում են տարբեր հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունների (ESTRO, ESMO, ASCO և այլն):

 

Վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում

2019 թվականի փետրվարին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՈՒԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում ներդրվեց ռադիոնուկլիդային բուժման եղանակ՝ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժում ռադիոակտիվ յոդով (I-131):

Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր հայրենակիցները, ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար, մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:

Այսօր միջազգային ներկա չափանիշներին համապատասխանող ռադիոյոդային բուժման համար բաժանմունքում առկա են բոլոր պայմանները՝ ժամանակակից սարքեր, հարմարավետ հիվանդասենյակներ, միջազգային նորագույն մոտեցումներ:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 203

 

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է