Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում
Օգոստոսի 1-ին նշվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը»: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայկական հակաքաղցկեղային լիգայի կողմից օգոստոսի 1-ից մեկնարկել է «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումը:
Միջոցառումն իրականացվում է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» մասնակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր գիտաժողով, որտեղ ելույթով հանդես եկավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
– Պարոն Բադալյան, ո՞րն է այսօրվա միջոցառման նպատակը:
– Արդեն չորս տարի է, ինչ օգոստոսի 1-ին աշխարհի շուրջ 85 երկրում նշվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը» և Հայաստանն այս տարի առաջին անգամ միացավ այդ օրվան:
Գիտաժողովին ներկա էին Երևանի և մարզերի տարբեր բժշկական հաստատությունների բժիշկներ: Հատկապես կարևորում ենք խնդրի կանխարգելումը, այդ իսկ պատճառով կարևորել ենք առաջնային օղակի բժիշկների՝ թերապևտների, ներկայությունը, քանի որ առաջին իսկ գանգատի դեպքում մարդիկ անմիջապես դիմում են կամ ընտանեկան, կամ պոլիկլինիկայի բժշկին: Ախտորոշման փուլից հետո միայն հաջորդում է ուռուցքաբանի կամ վիրաբույժի հետ հանդիպումը: Այս գիտաժողովի նպատակը ոլորտում տեղեկատվության մակարդակի բարձրացումն է:
– Որո՞նք են թոքի քաղցկեղի առաջացման առաջնային պատճառները:
– Ամենաառաջնային պատճառը ծխելն է: Նմանատիպ միջոցառումներն օգնում են հասարակության շրջանում քարոզելու ծխելու դեմ պայքարը: Միջոցառման շրջանակում նախատեսված է օգոստոսի 2-3-ը քաղաքացիների համար իրականացնել անվճար ռենտգեն հետազոտություն՝ կրծքավանդակի և թոքերի շրջանում: Բուժհետազոտության համար արդեն գրանցվել է 30 քաղաքացի, և թիվը կավելանա միչև միջոցառման ավարտը:
– Թոքի քաղցկեղի համար ո՞ր տարիքն է խոցելի ու ռիսկային:
– Խնդիրն առավել մտահոգիչ է 50 տարեկանն անց անձանց մոտ, երիտասարդ տարիքին այն չի սպառնում:
– Ի տարբերություն քաղցկեղային մյուս հիվանդությունների թոքի քաղցկեղը ի՞նչ տարածվածություն ունի:
– Աշխարհում ամենատարածվածը տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղն է:
Զրուցեցինք նաև Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Անանյանի հետ:
– Միջոցառման նպատակն է խնդրի շուրջ միավորել բժիկներին և հիվանդերին՝ կանխարգելել թոքի քաղցկեղի առաջացումը, հետևել առողջ ապրելակերպին և այլն: Կոնֆերանսի ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան տարբեր բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, նյարդաբաններ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ, թերապևտներ, ուրոլոգներ և հոգեբաններ: Բոլորս համախմբվել ենք` միասնական գործեունեություն ծավալելու թոքի քաղցկեղի դեմ պայքարի գաղափարի շուրջ:
– Ըստ Ձեզ՝ մեր օրերում ինչո՞ւ է տարածված թոքի քաղցկեղը:
– Առաջին պատճառը ծխախոտի չարաշահումն է, օդի աղտոտվածությունը, առողջ ապրելակերպին չհետևելը և, կարծում եմ, նաև թոքի քաղցկեղով հիվանդանալու վտանգի մասին տեղեկացվածության ցածր մակարդակը: Շատ կարևոր են պայքարի միջոցները, և որքան շատ տեղեկացված լինի հասարակությունն, այնքան հիվանդության ցուցանիշը կնվազի:
– Այս օրերին անվճար հետազոտության ցանկում ո՞ր տարիքային խմբի քաղաքացիներն են առավել ընդգրկված:
– Հետազոտության խմբում առավել ներգրավված են ռիսկային խմբի՝ 50-65 տարեկան անձինք են: Հետազոտության կենթարկվեն նաև այն ծխող քաղաքացիները, ովքեր երկար տարիներ գանգատվում են հազից և ունեն թոքի նախաքաղցկեղային նշաններ:
Որպես ամփոփում զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքային և որովայնային բաժնի վիրաբույժ Վահագն Խաչատրյանի հետ:
– Այս հիվանդությունն աշխարհում ունի լայն տարածում, և բացառություն չի կազմում Հայաստանը: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում գրանցվում է մոտավորապես 1 մլն թոքի քաղցկեղ: Մարդկության և բժշկության համար այս հիվանդությունը կարծես մարտահրավեր է և շարունակում է մնալ չլուծված խնդիր: Հայաստանում վերջին երկու տարիներին թոքի քաղցկեղը տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղը (նախկինում ստամոքսի քաղցկեղն էր): Դա, հավանաբար, կապված է կանցերոգեն նյութերի առկայության հետ, որոնց համար թոքերը ֆիլտրի դերակատարում ունեն և կարող են նստել անմիջապես թոքերի հյուսվածքների վրա: Բոլոր երկրներում թոքի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը բարձրանում է:
– Խոսենք թոքի քաղցկեղի բուժման մոտեցումների մասին:
– Տարիներ առաջ չարորակ հիվանդությունների բուժման մոտեցումը միայն վիրահատական էր, մեր օրերում կիրառվում է նաև քիմիաթերապիան, ռադիոթերապիան: Թոքի քաղցկեղն ունի անցանկալի առանձնահատկություն. այն շատ ուշ է հայտնաբերվում:
Հայտնաբերված 100 տոկոս դեպքերից միայն 10-15 տոկոս դեպքերում է վիրահատական միջամտության կարիք լինում, մնացած 80%-ից ավելի դեպքերում բուժման և վիրաբուժական միջամտության ենթակա չեն, քանի որ բուժման համար ուշացած են:
– Ի՞նչ պատճաներ են խոչընդոտում թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը:
– Հիվանդության ախտանիշների ուշ հայտնաբերման պատճառներից մեկը թոքի մեծ ծավալն է: Ուռուցքը մեծ չափերի հասնելուց հետո է միայն սկսում անհանգստացնել հիվանդին: Ըստ վիճակագրության՝ թոքի քաղցկեղի պարագայում, տարբեր երկրներում 85-90 տոկոս դեպքերում վիրահատական միջամտությունն անհնարին է:
– Որքանո՞վ են մեր հայրենակիցները հետևողական իրենց առողջությանը:
– Հազը, որը թոքի քաղցկեղի նախանշաններից է, չի կարևորվում անգամ բժիշկների կողմից: Արյունախխմամբ ուղեկցվող հազը թոքի քաղցկեղի առաջին ախտանիշներից է, և 90% դեպքերում վկայում է արդեն մետաստազի տարածման կամ սրտի ծավալի մեծացման մասին:
– Որքանո՞վ են կարևորված նման միջոցառումները
– Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար տեղեկատվական միջոցառումների նախաձեռնությունը կարևոր է բոլորիս համար: Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար հատկապես հրատապ և նշանակալից է կանխարգելիչ ռենտգեն հետազոտությունը:
– Ձեր ամփոփիչ խոսքն` ուղղված հասարակությանը:
– Խուսափել ծխելու սովորությունից: Առհասարակ, բոլոր տեսակի քաղցկեղածին հիվանդությունների առաջացման 70-80%-ն անմիջապես կապված է ծխելու վատ սովորության հետ: