«Բժիշկների օգնությամբ ես «ոտքի վրա» դիմավորեցի 85-ամյակս»․ Հ․Մ․(հիվանդությունը հաղթահարած պացիենտ)
84 տարեկան կինը դեկտեմբեր ամսին դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ ախտորոշվել է ողնուղեղի միջին կրծքային հատվածի ուռուցք՝ մենինգիոմա, որը 2023 թվականի մարտ ամսից առաջացրել էր ստորին վերջույթների պարապարեզ, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում, քայլքի անհնարինություն։
Չնայած տարիքին և ուղեկցող սիրտանոթային համակարգի լուրջ խոչընդոտներին՝ կատարվել է վիրահատություն, որից հետո պացիենտը 2 շաբաթ անց հիվանդանոցից դուրս է գրվել լավացումով։
Հետվիրահատական ընթացքն անցել է առանց բարդությունների, նկատվել է ստորին պարապարեզի հետաճ և կոնքի օրգանների ֆունկցիաների կարգավորում։
Վիրահատությունն իրականացրել են բժիշկ-նեյրովիրաբույժ Աննա Կիզոկյանը, կլինիկական օրդինատոր Մամիկոն Դանղյանը և անեսթեզիոլոգ Արշակ Հարությունյանը։
Պացիենտի հարազատը պատմում է, որ ՈՒԱԿ-ում բժիշկների ջերմ ընդունելության և հոգատարության շնորհիվ տատիկն արդեն կարողանում է քայլակով շարժվել, իսկ ամիսներ անց քայլակը մի կողմ կդնի։
«Բարդ վիրահատությունը, որը ստանձնեցին ՈՒԱԿ բժիշկները և հաղթահարեցին, մեզ համար հրաշք էր։ Մեկ այլ բուժհաստատությունում մեզ ասել էին, որ խնդիրը տարիքով է պայմանավորված և պետք է համակերպվենք իրավիճակի հետ, իսկ հիմա տատիկն իր ոտքերին ամուր կանգնած է։ Այստեղ վիրահատությունից հետո էլ մեծ հոգատարություն են ցուցաբերել, աշխատել են տատիկի հետ, որ աստիճանաբար կարողանա վեր կենալ ու այսօր ունենք նման արդյունք»։
Օրերս Ռ․Մ․-ն տոնեց իր 85-ամյակը, նա ցանկացավ պատմել իր պատմությունը և ապացուցել բոլորին, որ յուրաքանչյուր խնդիր լուծելի է, պարզապես պետք է ճիշտ ժամանակին, ճիշտ մասնագետի մոտ հայտնվել ու վստահել նրան։
Մենք էլ ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ վաղ ախտորոշումը հիվանդության արդյունավետ բուժման հիմնական նախապայմաններից է:
Պացիենտի անձնական տվյալները հրապարակվել են իր իսկ ցանկությամբ և համաձայնությամբ: