ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դու մենակ չես»… քաղցկեղն այլևս վերջնագիր չէ

«Եվրոպա Դոննա» ՀԿ-ն Եվոպայում հեղինակություն ունեցող կազմակերպություն է, որի շարքերը համալրում են կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանայք: Արդեն երկու տարի է, ինչ մեր երկրում հիմնվել է այդ կազմակերպության «Եվրոպա Դոննա Արմենիա» անվանումով մասնաճյուղը: Այն թվով 47-րդ էր աշխարհում: Կազմակերպությունը մշտապես գտնվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցության ներքո: Այս կազմակերպության առաքելությունն է անըդմեջ բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը, հիվանդությունը հաղթահարած կանանց, իրենց բժիշկների ու հոգեուռուցքաբանների օգնությամբ ապացուցել, որ հիվանդությունն, իսկապես, բուժելի է:

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը, որի նպատակն էր հասարակությանը տեղեկատվություն հասցնել այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղը հաղթարելի է և պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, կարևորել ժամանակին բժշկին դիմելու մշակույթը:

«Ֆորումին հրավիրված էին իրավաբաններ, ուռուցքաբաններ, հոգեուռուցքաբաններ և հիվանդությունը հաղթահարած կանայք: Խնդրի պարագայում հիվանդների համար շատ կարևոր է մասնագիտական ճիշտ խորհրդատվությունը, հոգեբանական օգնությունն ու հիվանդությունը հաղթահարած անհատի ոգևորիչ խոսքն ու նրա ապրած կյանքը: Մեր այս նախաձեռնության ուղղությունը ներառում է թվարկածս բաղադրիչները: Շատ կարևոր է նաև առողջ կանանց խրախուսել՝ անցնելու ախտորոշիչ հետազոտություն նախքան գանգատներ ունենալը »,- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:


Այս երկու տարիների ընթացքում «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն իրականացրել է բարեգործական և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, ֆլեշմոբեր, կոնֆերանսներ` գրանցվելով այդ ոլորտում հաջողություններ ու նվաճումներ, որի վառ ապացույցն է կանանց ոգևորությունն ու վստահությունը, կազմակերպության շարքերն ընգրկվելու նրանց մեծ ցանկությունը: Ընդ որում, մասնագիտական ուղղվածության, կանանց հիվանդ կամ առողջ լինելու հետ կապված կազմակերպությանն անդամագրվելու համար չկա որևէ սահմանափակում: «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ անդամների թիվը համալրում են իրավաբաններ, լրագրողներ, բժիշկներ և այլ մասնագետներ, ինչպես նաև հիվանդությունը հաղթահարած, հիվանդության բուժման փուլում գտնվող և հիվանդությանը չբախված առողջ կանայք:


«Կոնֆերանսի «թիրախը» կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած, դժվար ուղի անցած կանայք են, նաև նրանք, ովքեր վերջին շրջանում են բախվել խնդրին, բուժման ընթացքում են և դեռ պետք է հաղթահարեն: Կոնֆերանսին ներկա էին նաև առողջ կանայք: Կոնֆերանսին ուռուցքաբաններն ու հոգեուռուցքաբանները հնարավորինս մատչելի խոսեցին քաղցկեղի և նրա հանդեպ գենետիկ նախատրամադրվածության, կանխարգելիչ հետազոտության կարևորության, ախտորոշման փուլերի, ռիսկային տարիքային խմբերի և անհրաժեշտ պարբերաբար հետազոտությունների մասին»,- իր խոսքում հավելեց Արթուր Ավետիսյանը:


«Դու մենակ չես» կոնֆերանսի խորագիրն ունի նախապատմություն՝ այն համանուն բարեգործական համերգի ակցիայի շարունակական ընթացքն է, որից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվեց կրծքագեղձի քաղցկեղով անվճարունակ հիվանդների դեղերի ձեռք բերմանը:


Բժիշկ Ավետիսյանն իր խոսքում ընդգծեց կնոջ կյանքում քաղցկեղին բախվելիս հոգեբանական պատրաստվածության կարևորությունը. «Սա այն հիվանդությունն է, որը պահանջում է հոգեբանական տրամադրվածություն, որ հիվանդն ընդունի ախտորոշման արդյունքները և հենց այդ պահից լցվի խնդիրը լիարժեքորեն հաղթահարելու համոզմունքով, ինչը հիվանդության ապաքինման առաջին նախապայմաններից է: Որոշ դեպքերում հիվանդության հետ չհամակերպվելը, բժշկի ցուցումներն ու խորհդատվությունը չընդունելը բերում է թանկագին ժամանակի կորստի»:


Ամերիկայի ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ հրատարակվել է ձեռնարկ, որի նպատակն է հասարակությանը տրամադրել բժշկին այցելելիս հարցերի ուղեցույց և քաղցկեղի առաջացման ու բուժմանը վերաբերող գրագետ տեղեկատվություն: ՈւԱԿ-ի և «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ ուժերով այն թարգմանվել է հայերեն և տրամադրվել է կոնֆերանսի ներկաներին:


Արդեն հինգ տարի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած Սուսաննա Սերոբյանը (47տ.), ով նույնպես «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ անդամ է, հիվանդության բուժման փուլում գտնվող կանանց խորհուրդ տվեց չընկճվել և մեծ կամքի ուժ դրսևորելով հաղթահարել հիվանդությունը.


–   Անցել եմ բուժման երկարատև փուլ և խնդիրը, որին բախվել եմ, պայմանավորված էր բարդույթներով. «ոչ-ոք չիմանա… իմանան` խնդիր կլինի… հարազատներին ցավ չպատճառեմ…» և նման այլ մտքեր: Սրանք իրազեկված չլինելու արդյունք էին: Շատ կարևոր է հիվանդ-բժիշկ շփման ամրությունն ու վստահությունը, հիվանդությունը հաղթահարած անձանց հետ շփումը, նրանց փորձն ու ոգևորող ուժը:


–   Շփվելով հիվանդության բուժման փուլում գտնվող կանանց հետ, ի՞նչ խնդիր եք նկատել, որն առաջնային շտկման պահանջներից է:


–   Անիրազեկվածությունը, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ ճանապարհ ես անցնելու, որ քաղցկեղը վերջնագիր չէ, որ վաղ հայտնաբերումը լիովեին բուժելի և հաղթահարելի է, ինչին չտիրապետելը քաղցկեղից ավելի վտանգավոր կարող է լինել մարդու առողջության համար և ունենալ անցանկալի ելք:

–   Ի՞նչ խորհուրդ կտաք:


–   Խնդրի լուծման ելքեր կան: Նախ` հիվանդության մասին պետք չէ լռել: Երկրորդ. երկրի առողջապահական համակարգը պետք է ձևավորված լինի այնպես, որ կանայք «ստիպված» գնան հետազոտության՝ կինը հետազոտման համար ծանուցում ստանա:

 
–   Հիվանդությունը հաղթահարելը որևէ բան փոխե՞ց Ձեր կյանքում:


–   Վերագնահատվեց կյանքի բոլոր արժեքները, ամեն ակնթարթը, ամեն լուսաբացը, ստեղծելու և արարելու ուժը, մարդկանց օգնելու կարևորությունը, կյանքն ինձ համար դարձավ ավելի լավը:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է