Էլաստոգրաֆիա. ո°ր դեպքում է կատարվում այս հետազոտությունը, ո°րն է մեթոդի առավելությունը: Մանրամասնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Նարինե Կրյուչկյանը
– Ի°նչ է Էլաստոգրաֆիան
– Էլաստոգրաֆիան ժամանակակից գերձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հյուսվածքների պնդությունն ու ճկունությունը: Հիմքում այն հանգամանքն է, որ բոլոր հյուսվածքներն ունեն որոշակի հատկություններ: Այսպես. առողջ հյուսվածքներն օժտված են բարձր ճկունությամբ, այն ժամանակ, երբ ախտաբանական գործընթացի առկայությունը հյուսվածքների պնդությունը բարձրացնում է տասնյակ անգամ: Մասնագետը գնահատում է դրանք, որոշում ախտաբանական փոփոխությունների առկայությունն առողջի համեմատ, և բարձր տոկոս ճշգրտությամբ որոշում գոյացության բարորակ կամ չարորակ բնույթը:
– Ի°նչ տիպի էլաստոգրաֆիաներ գոյություն ունեն
Գոյություն ունի կոմպրեսիոն էլաստոգրաֆիա, որն, ի դեպ, իրականացվում է մեր կենտրոնում, ինչի հիմքում հյուսվածքների վրա մեխանիկական սեղմվածության հետևանքով դրանց հատկությունների գնահատումն է որակական և քանակական չափանիշներով: Արդյունքում ձևավորվում է հյուսվածքների ճկունության կարտոգրամա :
Share Wave էլաստոգրաֆիա: Հիմքում երկայնական ակուստիկ իմպուլսն է: Չափելով դրա տարածման արագությունը, մասնագետը ստանում է հյուսվածքների պնդության քանակական գնահատում:
– Ինչպե°ս է կատարվում կոմպրեսիոն էլաստոգրաֆիան:
– Ըստ հիվանդի զգացողության, էլաստոգրաֆիան բացարձակ չի տարբերվում հասարակ գերձայնային հետազոտությունից, և չի պահանջում նախնական նախապատրաստում: Հետազոտվող հատվածի վրա տեղակայելով ցուցիչը և սեղմելով որոշակի պարբերությամբ, հյուսվածքների վրա առաջանում է մինիմալ հավելյալ ճնշում: Տարբեր էլաստիկության շնորհիվ հյուսվածքները կծկվում են տարբեր կերպ, այնուհետև վերականգնվում տարբեր ժամանակահատվածում: Այսպես, օրինակ, ճարպային և մկանային հյուսվածքները բավականին փափուկ են , այդ իսկ պատճառով հեշտ սեղմվում և շուտ վերադառնում են նախնականին: Ֆիբրոզ հյուսվածքն ու ախտաբանական գոյացությունները ավելի պինդ են`դժվար են սեղմվում և դանդաղ վերականգնվում: Ծրագիրը ընդունում է փոփոխությունը և էկրանի վրա հայտնվում է գունավոր կարտոգրամմա: Այսպես ամենապինդ հյուսվածքները ներկվում են կապույտ, ավելի քիչ պնդություն ունեցողները` կարմիր, իսկ փափուկ հյուսվածքները ` կանաչ: Նմանատիպ իրականանում է նաև քանակական չափանիշի գնահատումը ( strain ratio) ` 4- ից բարձր ցուցանիշի պարագայում գնահատվում է որպես ախտահարված հյուսվածք:
– Ո°ր օրգանների գոյացությունների դեպքում է կատարվում էլաստոգրաֆիա, և ո°րն է այս մեթոդի առավելությունը:
– Էլաստոգրաֆիան կատարվում է մաշկին մոտ օրգանների ախտահարման պարագայում ( վահանաձև գեղձ, կրծքագեղձեր, պերիֆերիկ ավշային հանգույցներ ) ինչպես նաև ներքին օրգաններից՝ լյարդի, շագանակագեղձի և կանանց մոտ՝ կոնքի օրգանների որաշակի ախտաբանական փոփոխությունների տարբերակման համար:
Այս մեթոդի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս բարձր տոկոս ճշգրտությամբ տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները, դրանով իսկ փոքրացնելով ավելորդ դիագնոստիկ պունկցիաների քանակը:
Նաիրնե Գագիկի Կրյուչկյան, բ.գ.թ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ
Մանրամասների համար զանգահարել՝ 099 22 33 11