ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտնականները կապ են գտել մազի ներկի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մազերի կայուն ներկման և հարթեցման միջոցների կիրառումը կանանց համար կապված է կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ։ Գիտնականները վերլուծել են 47 հազար ամերիկացի կանանց տվյալները, որոնցից 2794-ի մոտ դիտարկման ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ կապի պատճառը կարող են լինել կոսմետիկ միջոցներում օգտագործվող քաղցկեղածին և հորմոնալ միջոցները, գրում են գիտնականները International Journal of Cancer պարբերականում տպագրված հոդվածում։


Մազի կայուն ներկի հիմնական ներկող նյութը հոտավետ ամիններն են, որոնք ի սկզբանե անգույն են և մազին պահանջվող գույնը հաղորդում են քիմիական կապեր հաստատելուց և օքսիդացվելուց հետո։  Հետազոտությունների համաձայն ներկերում օգտագործվող հոտավետ ամիններից որոշները (օրինակ, 4-ամինոբիֆենիլը), թունավոր են և քաղցկեղածին։


Մասնավորապես, նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մազերի ներկերում պարունակվող նյութերի օգտագործումը առնետների մոտ կրծքագեղձի ուռուցք է առաջացնում։ Այնուամենայնիվ, մազերի ներկերի վտանգավորության մասին ստույգ եզրակացություն անելու համար պակասում են մեծաքանակ պոպուլյացիոն հետազոտությունները, որոնք թույլ են տալիս հաշվի առնել և բացառել արդյունքների վրա ազդող բոլոր պոտենցիալ կողմնակի փոփոխականները։


Ալեքսանդրա Ուայթը և նրա գործընկերները ԱՄՆ Ազգային առողջապահության ինստիտուտից հետազոտել են 35-74 տարեկան կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառների Sister Study մեծամասշտաբ հետազոտության տվյալները։ Նախագծի մասնակիցները 50 000 կանայք են, որոնց քույրերի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Քույրական քաղվածքը հնարավորություն է տալիս այնպես վերահսկել գենետիկ և շրջակա միջավայրի գործոնները, որ մասնակիցների մոտ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքում կարելի է ստույգ կերպով գնահատել միայն անհատական գործոնները։


Քաղվածքի մեջ ներառվել է ընդամենը 47650 կին։ Նրանցից յուրաքանչյուրը հայտնել է վերջին 12 ամիսների ընթացքում մազի ներկման և հարթեցման միջոցների օգտագործման մասին, որոնցից շատերը մազի մեխանիկական հատկությունները լավացնելու համար պարունակում են ֆորմալդեհիդի՝ հայտնի քաղցկեղածին միջոցի ածանցյալներ։ Հետազոտության մեջ ներառվել են միայն մազի միջոցների տնային օգտագործման դեպքերը․ գեղեցկության սրահներում աշխատող կանանց բացառել են քաղվածքից։ Մասնակիցների 55%-ը հայտնել են մազի կայուն ներկի, իսկ 9,9%-ը՝ մազի հարթեցման միջոցների օգտագործման մասին։
Բացի այդ գիտնականները հաշվի են առել նաև մասնակիցների և իրենց երեխաների առողջության մասին տվյալները, դաշտանադադարի մասին տեղեկությունները և սոցիալ-ժողովրդագրական տվյալները։ Մասնավորապես, գիտնականները մեծ ուշադրություն են դարձրել մասնակիցների էթնիկ պատկանելությանը․ համարվում է, որ աֆրոամերիկացի կանայք կոշտ և գանգուր մազերի պատճառով մազերի հարդարման միջոցներ ավելի շատ են օգտագործում, դրանով իսկ իրենց ավելի շատ ենթարկելով պոտենցիալ վտանգի։ 


Նախնական տվյալների հավաքագրումից հետո, ութ տարվա դիտարկման ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 2794 կանանց մոտ։ Մազերը ներկող կանանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը ավելի բարձր էր․ 45 տոկոսով ավելի բարձր էր սևամորթ, և 7 տոկոսով բարձր՝ սպիտակամորթ կանանց մոտ։ Միևնույն ժամանակ մազերի հարթեցման միջոցների կիրառումը 18 տոկոսով բարձրացնում էր քաղցկեղի առաջացման ռիսկը անկախ կանանց մաշկի գույնից։ Կապ էր դիտվում  նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման և տնային պայմաններում այլ մարդկանց վրա մազերի միջոցների կիրառման դեպքում (ռիսկը աճում էր մոտավորապես 28 տոկոսով)։


Աշխատության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ մազերի ներկման և հարթեցման միջոցները կարևոր դեր ունեն կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում։ Եվ ամենայն հավանականությամբ հոտավետ ամինները դրա միակ պատճառը չեն․ աֆրոամերիկացի կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկը բացատրվում է նրանով, որ սևամորթ կանանց համար նախատեսված միջոցները պարունակում են ավելի շատ էստրոգեն և էնդոկրին քայքայիչներ։


Մազերի միջոցների մեջ թունավոր և պոտենցիալ վտանգավոր նյութերի օգտագործման խնդրով մտահոգված են նաև քիմիկոսները։ Օրինակ, անցյալ տարի բրիտանացի գիտնականների մի խումբ սև հապալասից ոչ թունավոր և բավականին կայուն ներկի ստեղծման մեթոդ է առաջարկել։


Սկզբնաղբյուր. nplus1.ru


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է