«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի, բուժման և ապաքինման իրենց ճանապարհը։
Կանանց պատմությունները ևս մեկ անգամ ընդգծում են վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման, մասնագիտական աջակցության և հիվանդության դեմ պայքարում վճռականության կարևորությունը։
«Պացիենտի վճռականություն, պետության հոգածություն, պրոֆեսիոնալ մասնագետներ, և հաղթանակն ապահովված է»,- իրենց փորձով փաստում են քաղցկեղը հաղթահարած կանայք։
Հանդիպման առանցքում նաև կանանց միջև աջակցության և փորձի փոխանակման կարևորությունն էր։ Քաղցկեղը հաղթահարած կանանց պատմությունները կարող են ոգեշնչել մյուսներին՝ չանտեսելու սեփական առողջությունը, չհետաձգելու հետազոտությունները և ժամանակին դիմելու մասնագետներին։
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը բուժման արդյունավետության բարձրացման կարևոր պայմաններից է։ Հետևաբար, կանոնավոր հետազոտությունները և առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։
Յուրաքանչյուր հաղթահարված պատմություն հույս է, իսկ յուրաքանչյուր ժամանակին կատարված հետազոտություն՝ կարևոր քայլ առողջության պահպանման ճանապարհին։



