Կանանց խորհուրդ է տրվում մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ և պարբերաբար հետազոտվել
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով և տոմոսինթեզով:
Թվային մամոգրաֆիայի առավելությունը նրանում է, որ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են, հնարավորինս դյուրին է գեղձային խիտ կրծքի հետազոտությունը, և թույլ է տալիս մանրակրկիտ վերլուծել ու հայտնաբերել միկրոկալցիֆիկատները:
Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիա հետազոտության առանձնահատկություններն են` փոքր քաղցկեղների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, բոլոր ուռուցքների հայտնաբերումը՝ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում:
Թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Մասնագետը կարող է աշխատել էկրանին ռենտգեն պատկերների վրա` մեծացնելով դրանց չափն ու ինտենսիվությունը, նաեւ կարող է համեմատության համար էկրանի վրա նոր պատկերների կողքին հին պատկերները դիտել։
Կանանց խորհուրդ է տրվում մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ, յուրաքանչյուր ամիս՝ դաշտանային ցիկլից հետո, շոշափել կուրծքը եւ ուշադրություն դարձնել ձեւին, հասկանալ, թե կուրծքն ու պտուկը ներքաշվա՞ծ են, թե` ոչ։ Շոշափելիս ինչ-որ նոր բան նկատելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
Մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ։ 35-40 տարեկանում խորհուրդ է տրվում մեկ անգամ մամոգրաֆիա անցնել` բազային մամոգրամա ունենալու համար։ 40-50 տարեկանում կանայք պետք է 2 տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնեն, իսկ 50-ից հետո՝ տարին մեկ անգամ:
Կարևորե՛ք Ձեր առողջությունը, և ավելի վաղ դիմեք բժշկի` հետագա բարդություններից խուսափելու համար:
Բժիշկ-ռադիոլոգ՝
Հասմիկ Գուրգենի Դավթյան
Խորհրդատվության գրանցման և մանրամասների համար զանգահարել.
հեռախոս. +374 91 42 89 69
www.oncology.am