Մեկ հարկի տակ այս անգամ հավաքվել էին ուռուցքաբանները, արյունաբանները և սրտաբանները. առիթը «Կարդիո-ուռուցքաբանության միջդիսցիպլինար գիտաժողովն» էր
ՈւԱԿ-ում տեղի է ունեցել Nork Marash Medical Center (NMMC)ի, Pediatric Cancer and Blood Disorders Center of Armeniaի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Հայաստանում առաջին անգամ անցկացվող համատեղ «Կարդիո-ուռուցքաբանության միջդիսցիպլինար գիտաժողովը»։
Գիտաժողովի նպատակն էր՝ փորձի փոխանակման միջոցով հարստացնել գիտելիքները կարդիո-ուռուցքաբանության ողորտում, խթանել սրտաբանների և ուռուցքաբանների միջև համագործակցության նոր հարթակների ձևավորմանը և որպես արդյունք՝ բարելավել արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներով բուժառուների սրտի խնամքը։
Ինչպես նշեց գիտաժողովի բացման իր խոսքում ՈւԱԿ փոխտնօրեն, բ.գ.թ., ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը՝ ուռուցքաբանության ոլորտը թիմային է և ուրախությամբ է արձանագրում, որ թիմին միացել են նաև սրտաբանները. չէ որ մեր բոլորի ամենօրյա աշխատանքը միտված է ի բարօրություն մեր բուժառուների:
Գիտաժողովի շրջանակում զեկույցով հանդես է եկել ՈւԱԿ Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Արմեն Խանոյանը, ով ներկայացրեց կլինիկական դեպքեր միջնորմի տեղային տարածված ուռուցքների վիրահատական բուժման փորձից, որոնք իրականացվել են կարդիովիրաբույժների հետ համատեղ:
Զեկույցով հանդես եկավ նաև ՈւԱԿ Սիրտ-անոթային պաթոլոգիաների և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Պողոսյանը, ով ներկայացրեց ՈւԱԿ-ում Օնկո-սրտաբանական ծառայության առանձնահատկությունները, հիմնական գործառույթներն ու իրականացվող վիրահատական միջամտությունները, ծառայության տեխնիկական հագեցվածությունը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկո-սրտաբանական ծառայության սրտաբան Վարդանյանն էլ ներկայացրեց Կարդիոօնկոլոգիական ուղեցույցի մաս 1-ը:
Այս գիտաժողովը, որին զեկույցներով հանտդես եկան շուրջ երկու տասնյակ մասնագետներ, ևս մեկ օրինակ է այն բանի, որ բոլորս ձգտում ենք մեկտեղել մեր ջանքերը` Հայաստանում էլ ավելի մրցունակ բժշկական ծառայություններ մատուցելու համար: