ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոտինը նպաստում է գլխուղեղում մետաստազների առաջացմանը․ հետազոտություն

 Ծխելը և նիկոտին ստանալու այլ եղանակները բարձրացնում են գլխուղեղում թոքի քաղցկեղի մետաստազների առաջացման հավանականությունը։ Թեպետ ինքը նիկոտինը քաղցկեղածին չէ, այն վերածրագրավորում է ուղեղի իմունային բջիջները, թույլ չտալով նրանց արդյունավետ պայքար մղել չարորակ նորագոյացությունների դեմ։ Այս բացահայտումը ցույց է տալիս, որ անգամ նիկոտինային սպեղանիներով կամ էլեկտրոնային ծպապոտով փոխարինիչ թերապիան կարող է մահացու վտանգավոր լինել թոքի քաղցկեղով պացիենտների համար։ Նոր հետազոտությունը լույս է տեսել Journal of Experimental Medicine պարբերականում։

Թոքի քաղցկեղով հիվանդների 40 տոկոսի մոտ մետաստազները հայտնվում են գլխուղեղում։ Այս դեպքում միջին ապրելիությունը վեց ամսից էլ քիչ է։ Ցավոք, դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ գործոններն են նպաստում չարորակ բջիջների՝ գլխուղեղի մեջ թափանցմանը։ Շատ մասնագետներ ենթադրում են, որ պատճառը կարող է ծխելը լինել, բայց, թեև այդ վնասակար սովորության և թոքի քաղցկեղի միջև կապը վաղուց ապացուցված է, մետաստազների առաջացման մեջ դրա դերը գրեթե ուսումնասիրված չէ։

Ուեյք Ֆորեսթ համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները Կոնոսուկե Վատաբեի գլխավորությամբ որոշել են պարզել այդ դերը։ Հետազոտության առաջին փուլում նրանք հետազոտել են թոքի քաղցկեղով և գլխուղեղում մետաստազներով 281 պացիենտի։ Պարզվեց, որ այն հիվանդների մոտ, որոնք շարունակել են ծխել ախտորոշումից հետո, հիվանդության գլխուղեղ թափանցելու հավանականությունը շատ ավելի մեծ էր։ Եվ հակառակը․ այն պացիենտները, որոնք երբեք չեն ծխել, կամ ազատվել են այդ սովորությունից, ավելի հազվադեպ էին գլխուղեղում մետաստազ ունենում։

Ինչպես ցույց տվեց ծխողների գլխուղեղի կառուցվածքի վերլուծությունը, մետաստազների տարածման շրջանում ստանդարտ M1 ֆենոտիպի միկրոգլիաների փոխարեն գերիշխում էր M2 տարբերակը։  Այդ միկրոգլիան ճնշում էր բորբոքային պրոցեսները և դրանով իսկ օգնում էր ուռուցքներին աճել։ Բացի այդ, M2 տիպի բջիջները դադարեցնում էին չարորակ բջիջների կլանումը։

Հետազոտողները ենթադրեցին, որ միկրոգլիայի աշխատանքի շեղումը տեղի է ունենում նիկոտինի պատճառով։ Այդ վարկածը ստուգելու համար նրանք փորձ կատարեցին լաբորատոր մկների վրա։ Կենդանիներին թոքի քաղցկեղի բջիջներ փոխպատվաստեցին, այնուհետև օրը երեք անգամ նրանց նիկոտին էին ներարկում մեկ միլիգրամ/ մեկ կիլոգրամ մարմնի զանգվածի հաշվարկով։ Արդյունքում ներարկում ստացող մկների մոտ ավելի հաճախ էին մետաստազներ առաջանում գլխուղեղում։ Ինչպես և մարդկանց մոտ, կրծողների մոտ ևս ուղեղի ախտահարված հատվածներում գերիշխում էր M2 տեսակի միկրոգլիան։ Հետաքրքիր է, որ ոսկրերում մետաստազների առաջացման հավանականության վրա նիկոտինը ոչ մի կերպ չէր ազդել։

Բջջային կուլտուրաների հետ լրացուցիչ փորձերը փաստեցին, որ նիկոտինը չի բարձրացնում քաղցկեղային բջիջների աճի արագությունը, բայց փոխում է միկրոգլիայի ֆենոտիպը M1-ից M2-ի, ազդելով նրա մի շարք գեների վրա նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորների միջոցով։ Արդյունքում միկրոգլիան կորցնում է քաղցկեղի մետաստազների զարգացումը զսպելու իր ունակությունը։

Այնուհետև թիմը փորձեց գտնել միացություն, որը կարող է չեզոքացնել նիկոտինի ազդեցությունը։ Բնական միացությունների գրադարանից նրանք ընտրեցին 103 թեկնածու մոլեկուլ, որոնք ի վիճակի են հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը։ Դրանցից ամենահեռանկարայինը պարտենոլիդ միացությունն էր, որը ստացվում է Tanacetum parthenium դեղաբույսից։ Բջջային կուլտուրաների և մկների մասնակցությամբ փորձարկումների ժամանակ պարտենոլիդը ոչ միայն կանխում էր M1 միկրոգլիայի փոխակերպումը M2-ի, այլև նպաստում էր մետաստազների կրճատմանը։ Հետազոտողները հույս ունեն, որ այդ մոլեկուլը թոքի քաղցկեղի ուշ փուլերի բուժման նոր դեղամիջոցների հիմք կհանդիասանա ։

Ստացված արդյունքները ոչ միայն քաղցկեղի թերապիայի նոր հեռանկարներ են բացում։ Ինչպես ընդգծում են հեղինակները, դրանք հերթական անգամ հիշեցնում են նիկոտինի վտանգավորության մասին թոքի քաղցկեղով պացիենտների համար։ Ընդ որում սպառնալիք է ոչ միայն ծխելը, այլև նիկոտինային սպեղանու կամ էլեկտրոնային ծխախոտի պես փոխարինիչ միջոցների օգտագործումը։

Սկզբնաղբյուր՝ Journal of Experimental Medicine 


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է