Նստակյաց կենսակերպը մեծացնում է լուրջ հիվանդությունների ռիսկը
International Journal of Behavioral Nutrition and Physical Activity-ն հաղորդում է, որ այն մարդիկ, ովքեր օրական նստած վիճակում անց են կացնում ավելի քան 4 ժամ, հաճախ տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, քաղցկեղը, բարձր զարկերակային ճնշումը, սրտային հիվանդությունները:
Ամերիկացի և ավստրալիացի գիտնականները հետազոտեցին Նոր Հարավային Ուելսից (Ավստրալիա) 63 406 տղամարդու, որոնց տարիքը կազմում էր 45-65: Փորձարկվողները հետազոտողներին տեղեկացրին, թե օրական որքան ժամանակ են անցկացնում նստած վիճակում (աշխատանքի վայրում, մեքենայում և այլն): Այս ցուցանիշի հիման վրա մասնակիցներին բաժանեցին 4 խմբի՝ տղամարդիկ, ովքեր օրական նստած են անցկացնում ավելի քիչ քան 4 ժամ, 4-6 ժամ, 6-8 ժամ և ավելի քան 8 ժամ:
Գիտնականները պարզեցին, որ տղամարդիկ, ովքեր օրական նստած են անցկացնում 4 կամ պակաս ժամ, մյուսների համեմատ ավելի քիչ են տառապում քաղցկեղով, շաքարային դիաբետով, սրտային հիվանդություններով և հիպերտոնիկ հիվանդությամբ: Օրական 6-ից ոչ պակաս ժամ նստած վիճակում գտնվող հետազոտվողները մյուսների համեմատ ավելի հաճախ էին հիվանդանում շաքարային դիաբետով: Իսկ առավել շատ հիվանդություններով տառապում էին այն տղամարդիկ, ովքեր օրական 8 ժամից ավելի էին անցկացնում աթոռին:
Ստացված արդյունքները գիտնականները ստուգեցին այլ գործոնների ազդեցությամբ. ֆիզիկական ակտիվություն, տարիք, եկամուտ, կրթություն, քաշ, հասակ, մարմնի զանգվածի ինդեքս: Սակայն նրանցից ոչ մեկը չփոխեց հաստատված կապը:
Հետազոտության ղեկավար Ռիչարդ Ռոզենկրանցը (Richard Rosenkranz) եզրակացրեց. «Քրոնիկական հիվանդությունների քանակի աճը պայմանավորված է ո՛չ միայն անբավարար ֆիզիկական ակտիվությամբ: Նստակյաց կենսակերպն ինքնին նույնպես վնասակար է: Եվ, վերջապես, որքան շատ ենք նստում, այնքան քիչ ժամանակ է մնում շարժվելու համար»: