ՈւԱԿ-ը շարունակական զարգացման գործընթացում է
Ըստ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում տարեցտարի աճում է քաղցկեղով հիվանդների թիվը: Նույն պատկերը դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում. նախորդ տարիների ընթացքում տարեկան արձանագրվել է նոր հիվանդության շուրջ 8500 դեպք: Հետևաբար, ՀՀ ԱՆ Բ.Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնն (ՈւԱԿ) աշխատում է խիստ ծանրաբեռնված. տարեկան ստացիոնար պայմաններում բուժվում է մոտ 12 000, իսկ ամբուլատոր բուժման և հետազոտման շրջանակում՝ 25-30 000 հիվանդ:
ՈւԱԿ-ը շարունակական զարգացման գործընթացում է. վերազինվում է նոր սարքավորումներով, կատարվում են մշտական վերանորոգման աշխատանքներ: Վերջին 2 տարվա ընթացքում ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքներում իրականացվել է մոտ 12 000 քիմիաթերապևտիկ միջամտություն, որը կազմում է ամբողջ հանրապետությունում կատարվող միջամտությունների թվի 80-90%-ը:
Հաշվի առնելով ՈւԱԿ-ում տարեկան բուժվող հիվանդների մեծ թիվը, ընդունարանի գերծանրաբեռնվածությունն ու հերթագոյացումները` ՈւԱԿ-ում ստեղծվել է նոր՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք (մոտ 3000 մ2 վերանորոգված տարածքում)` առանձին ընդունարանով, էլեկտրոնային առողջապահական համակարգի և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակների ապահովմամբ:
Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում կատարված են մի շարք կառուցվածքային փոփոխություններ ու նորամուծություններ` հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու համար: Բոլոր հիմնական պարտադիր հետազոտությունների (արյան քննություն, էլեկտրասրտագրություն, ՈւՁՀ) սենյակները կենտրոնացվել են բաժանմունքի հարկաբաժնում: Ընդունարանը համալրվել է էլ. առողջապահական և հերթագրման համակարգերով:
Էլ. առողջապահական համակարգը տեղեկատվական ընդգրկուն բազա է, որը թույլ է տալիս հիվանդի անձնական տվյալների մուտքագրման միջոցով կապ հաստատել ՀՀ մյուս բուժհաստատությունների հետ և ստանալ տվյալ հիվանդի հիվանդության պատմության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (անցյալում կատարված հետազոտություններ, անցկացված բուժում, պետական պատվերի շրջանակում ստացած ֆինանսավորում): Դրա շնորհիվ խնայվում է նախկինում անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման, դիտարկման եւ լրացման վրա ծախսվող ժամանակը:
Հերթագրման էլեկտրոնային համակարգի միջոցով հիվանդները կարողանում են տեղում մեկ հպումով հերթագրվել և´ անհրաժեշտ հետազոտությունների, և´ նոր պատմագիր ձևակերպելու, և´ ընդունելության շրջանակում այլ գործողությունների կատարման համար, ինչը զգալի հեշտացնում է ընդունելության ընթացակարգը:
ՈւԱԿ-ի համընդհանուր էլեկտրոնային համակարգի շրջանակում ստեղծվել է հատուկ ներցանցային համակարգ միայն Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի համար, որը կապված է ՈւԱԿ-ի ընդհանուր ընդունարանի, վիճակագրական բաժնի ու հաշվապահության հետ: Այն հնարավորություն կտա անմիջապես էլեկտրոնային տարբերակով ստանալ ամբողջական տեղեկատվություն բաժանմունքի հիվանդների այցելությունների, հիվանդության պատմությունների, օգտագործված դեղամիջոցների և դրանց դեղաչափերի, բաժանմունքի ընդհանուր ծանրաբեռնվածության վերաբերյալ:
Ընդհանուր եւ մանկական քիմիաթերապիայի բաժանմունքն ունի ստացիոնար և ցերեկային ստացիոնար: Ստացիոնարը ներառում է 18 հիվանդասենյակ, որոնցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ պատշաճ երկարաժամկետ բուժօգնության ապահովման համար: Ստացիոնար ենթաբաժինն ապահովված է նաև վիրակապարանով ու դեղորայքի հավաքման կետով, որը ներդրված է բուժքույրերի աշխատանքն ավելի թափանցիկ և անվտանգ դարձնելու, դեղաչափերի վերահսկման նպատակով, ինչը կնպաստի բուժման գործընթացի որակի և արդյունավետության բարձրացմանը:
Բաժանմունքի ցերեկային ստացիոնարը հնարավորություն կտա միաժամանակ 58 ամբուլատոր հիվանդի ստանալ անհրաժեշտ կարճաժամկետ բուժում կանանց և տղամարդկանց համար առանձնացված բաժիններում, որոնք հագեցած են հատուկ քիմիաթերապիայի համար նախատեսված հարմարավետ և ֆունկցիոնալ բազկաթոռներով ու բժշկական սարքավորումներով: Քանի որ բաժանմունքում իրականացվելու է նաև մանկական քիմիաթերապիա, ուստի ցերեկային ստացիոնարում նախատեսված է առանձին հատված երեխաների համար:
Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությամբ տառապող հիվանդների համար կգործի ինտենսիվ թերապիայի ենթաբաժին, ինչի շնորհիվ կնվազեցվի ՈւԱԿ-ի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ծանրաբեռնվածությունը:
Արժևորելով հիվանդների բուժման գործընթացում բժիշկ-հոգեբան-հիվանդ համագործակցությունը՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում կիրականացվի պիլոտային ծրագիր. քաղցկեղով հիվանդների համար կանցկացվեն հոգեբանական աջակցման խմբեր, որոնք կնպաստեն հիվանդների հուզական ոլորտի բարելավմանն ու կայունացմանը, ինչն իր հերթին կբարձրացնի բուժման արդյունավետությունը:
ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ,
Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի
բաժանմունքի վարիչ Պետրոսյան Հ. Է.
Բջջ.՝ +374 93 49 70 73
Էլ. hասցե՝ [email protected]