ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկա է գտնվել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի պաշտոնական բացմանը
«Շնորհակալություն ոլորտի համար նշանակալի այս իրադարձությունը ՀՀ-ում անցկացնելու համար». ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկա է գտնվել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի պաշտոնական բացմանը
Հայաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 ):
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել նաև ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը: Վերջինս իր խոսքում ընդգծել է համաժողովի կարևորությունը և նրա անցկացումը մեր երկրում.
«Հայաստանում նման միջոցառման անցկացումը խոսում է մեր երկրի ուռուցքաբանների մեծ դերի, առաջխաղացման ու նրանց հեղինակության մասին: Ուրախ եմ, որ համաժողովի ընթացքում քննարկվելիք կարևորագույն թեմաներից մեկը՝ նվիրված ճառագայթային թերապիային, անցկացվելու է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Մեր կենտրոնում շուտով կբացվի նորագույն տեխնոլոգիական մասնաշենք, որտեղ կլինեն 2 գծային արագացուցիչներ: Այս քայլը կբարձրացնի ճառագայթային թերապիայի որակը մեր երկրում»:
Ելույթի վերջում Նարեկ Մանուկյանը, մասնակիցներին մաղթելով արգասաբեր աշխատանք, շեշտել է.
«Ուզում եմ, որ մեծահասակների ուուցքաբանությամբ զբաղվող մեր բոլոր մասնագետները իրենց համար նշաձող սահմանեն այն ցուցանիշները, որոնց հասել են մանկական ուռուցքաբանները»:
Համաժողովի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների, որոնք հանդես կգան ոլորտի ամենաարդի զարգացումների վերաբերյալ զեկույցներով և դասախոսություններով։ Կբարձրաձայնվեն նորարարությունները, գիտնականները կներկայացնեն իրենց հայտնագործություններն ու փորձը:
Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։
Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։
Համաժողովի գլխավոր հովանավորներն են Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։