Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների գործունեության մեջ առանցքային դերակատարում ունի միջազգային մասնագիտական կոնգրեսներին մասնակցությունը
Լավագույն փորձի տեղայնացում՝ ի նպաստ մեր պացիենտների առողջության
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների գործունեության մեջ առանցքային դերակատարում ունի միջազգային մասնագիտական կոնգրեսներին մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս շփվելու առաջատար կենտրոնների գործընկերների հետ, իրականացնելու փորձի փոխանակում՝ առաջադեմ և լավագույն փորձը մեր կենտրոնում տեղայնացնելու նպատակով:
ՈւԱԿ Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը, նույն բաժանմունքի բժիշկ Հասմիկ Ավետիսյանը և ՈւԱԿ բժշկական ֆիզիկոս Թադևոս Մարկոսյանը 2023 թվականի նոյեմբերի 16-17 մասնակցել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում «Բրախիթերապիա. կերտելով փոփոխություններ» խորագրի ներքո տեղի ունեցող ամենամյա GEC-ESTRO 2023 կոնգրեսին: GEC-ESTRO-ն բազմամասնագիտական խումբ է, որը բաղկացած է բժիշկներից և ֆիզիկոսներից, ովքեր մասնագիտացած են բրախիթերապիայում:
Կոնֆերանսի շրջանակում քննարկվել են ուռուցքային այն հիվանդությունների հետ կապված արդիական հարցեր, որոնց բուժման ընթացքում բրախիթերապիան հանդիսանում է կարևորագույն բաղադրիչ՝ ապահովելով լավագույն արդյունք և տեղային վերահսկում: Այդ հիվանդությունների շարքին պատկանում են, առաջին հերթին, գինեկոլոգիական, ինչպես նաև շագանակագեղձի, կրծքագեղձի, ուղիղ աղու և այլ տեղակայում ունեցող քաղցկեղները:
Կոնֆերանսի ցուցահանդեսի շրջանակում մասնակիցներին ներկայացվել են աշխարհում կիրառվող ժամանակակից բրախիթերապեվտիկ սարք-սարքավորումներ, որնց մեջ ներկայացված էր նաև ՈւԱԿ-ում ներկայումս կիրառվող գերմանական BEBIG ընկերության վերջին սերնդի SagiNova սարքը:
Հիշեցնենք, որ ՈՒԱԿ-ը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապիա: Վերջերս ներդվել է նաև ուղիղ աղու ներլուսանցքային 3D բրախիթերապիայի ծառայությունը։